Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը, բայց անգամ մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը Հայաստանի քաղաքներում «Այո»-ի քարոզարշավ կանի

Փետրվար 25,2020 21:33

«Հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների եւ մեր այս ճանապարհը, որը մենք անցնում ենք, իրականում ինստիտուտների կայացման ճանապարհ է»,-այսօր իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը, որը ներկա էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք–երեկոյին:

Վարչապետի խոսքով, հնարավոր չէ ունենալ հզոր, կայացած, ժողովրդավարական պետություն՝ առանց ինստիտուտների եւ այս ճանապարհը, որն այսօր քաղաքացիներն անցնում են ինստիտուտների կայացման ճանապարհ է: Նա ասաց, որ 2018-ի մայիսին Հայաստանում արձանագրվեց ինստիտուտներից կարեւորագույնի հաղթանակը՝ քաղաքացու հաղթանակը. «Որովհետեւ, ըստ Փաշինյանի, քաղաքացին այն ամենակարեւոր ու առանցքային ինստիտուտն է, որի վրա հենվում է ցանկացած պետություն: Չի կարող լինել պետություն առանց քաղաքացու եւ 2018 թվականն ի ցույց դրեց, որ ՀՀ-ն պիտի լինի եւ պիտի հաղթի, որովհետեւ ՀՀ-ում հազարավոր մարդկանց զրկանքների, պայքարի գնով կայացել է ամենակարեւոր ինստիտուտը՝ քաղաքացու ինստիտուտը»:

Հաջորդ փուլում ըստ վարչապետի կայացավ, վերահաստատվեց ընտրական ինստիտուտը. «Մենք շատ արագ փակեցինք ՀՀ-ում ընտրությունների եւ ընդհանարապես, որեւէ քվեարկության կեղծիքների ինստիտուտը եւ ես համոզված եմ, որ մենք փակեցինք անշրջելիորեն: Հաջորդ փուլում կայացավ Ազգային ժողովը որպես ինստիտուտ, որովհետեւ ՀՀ պատմության մեջ մենք երբեք, բացառությամբ 1999 թվականի ընտրությունների, չենք ունեցել այդ ինստիտուտը»:

Փաշինյանի խոսքով, հիմի էլ դատական համակարգի ինստիտուտի կայացման ճանապարհին ենք. «Ընդունվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարություն, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես է կայանալու անկախ դատական համակարգը՝ որպես ինստիտուտ: Հիմա եկել է հերթը Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ կայացնելուն է: Այս պահին գործող Սահմանադրությամբ ունենք ՍԴ-ի շատ կոնկրետ եւ մանրամասն նկարագրություն, բայց չունենք այդպիսի Սահմանադրական դատարան եւ, եթե ոչ մի բան չփոխենք, այդպիսի Սահմանադրական դատարան չենք ունենալու մինչեւ 2035 թվականը»:

Ըստ Փաշինյանի, Սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածն արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. «Սա նշանակում է, որ ՀՀ-ում չի կարող լինել իշխանության որեւէ օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին: Հարց՝ այսօր գործող Սահմանադրական դատարանն ո՞ւմ է ներկայացնում, որտեղի՞ց եւ ումի՞ց է բխում նրա իշխանությունը: Հայաստանում այս պահին գործող ՍԴ-ն որեւէ կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ, որեւէ իշխանություն չունի ստացած Հայաստանի ժողովրդից եւ վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահությունը»:

Փաշինյանն ասաց, որ առաջիկայում ինտենսիվ քարոզարշավ են սկսելու, եւ անձամբ մասնակցելու է եւ քարոզչական հանդիպումներ է ունենալու Հայաստանի քաղաքներում: Ասաց, որ հույս ունի հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն հաղթելու է:

Նրա խոսքով, քվեաթերթիկի կեղծիք իր քաղաքական թիմը թույլ չի տալու եւ ինքն անձամբ կկտրի իր ձեռքերը , բայց անգամ մեկ քվեաթերթիկ կեղծիք թույլ չի տա, որովհետեւ, կեղծիք անելն, ըստ նրա, կնշանակի «ջնջել մեր ապրած կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա կանգնած ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829