Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն այսօր եկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ու միացել ցուցարարներին՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի քրգործի մասին, շինծո՞ւ է այն, Սաշիկ Սարգսյանի որդին ասաց, որ չի ուզում պատասխանել: Դիտարկմանը, որ այս ընթացքում իրենց ընտանիքի, գերդաստանի մասին մի շարք մեղադրանքներ են հնչում, չի՞ ուզում պատասխանել, մի խոսք ասել, արձագանքել որեւէ կերպ՝ նա ասաց, որ ոչ, չի ուզում ու շրջվեց հակառակ կողմ:
Հարցին՝ քաղաքացիներին ինչպե՞ս եք համոզել, որ գան դատարանի մոտ ի՞նչ է առաջարկվել նրանց՝ նրան ուղեկցող անձը` ի պատասխան մատը տնկեց՝ ցույց տալով, թե այս ի՞նչ հարցեր եք տալիս: Իսկ մի ցուցարար էլ, որը ինչպես հետո ներկայացավ, ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էր ասաց, որ առաջարկությունների հարցով Նիկոլ Փաշինյանին պետք է մոտենալ. «Մենք առաջարկություն չեք անում, այստեղ բոլորը եկել են աջակցելու: Այստեղ եկել են ոչ թե որպես ՀՀԿ-ականեր, այլ եկել ենք աջակցելու Արցախի հերոսին, եկել ենք աջակցելու «հարսանիք լեռներում» օպերացիայի թիվ մեկ պատասխանատուին:
Լրագրողներն ասացին, որ ահազանգ են ստացել, որ տարբեր ընկերությունների աշխատակիցներին, որոնց ղեկավարները ՀՀԿ-ականներ են, ստիպել են դուրս գալ եւ աջակցել Սերժ Սարգսյանին, ի պատասխան՝ նա փաստեր ուզեց. «Փաստ կասե՞ք»:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով, որ ցուցարարների մեծ մասը նույն մարդիկ են, որոնք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար էին ցույցի ելել, հարցրեցին, թե ինչպե՞ս է դա ստացվում՝ Տիգրան Վարդանյանը պատասխանեց, որ ովքեր ցանկանում են, որ արդարադատությունը հաղթի Հայաստանում, եկել են՝ իրենց աջակցությունը հայտնելու Արցախի հերոսին ու դատավարությունից հետո ամեն ինչ պարզ կլինի:
Հարցրեցինք՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի գործը քննող դատավորին՝ Վահե Միսակյանին նշանակել է Սերժ Սարգսյանը, դա չի՞ կարող կաշկանդիչ գործոն հանդիսանալ, որ նա արդար քննի՝ ՀՀԿ-ականը պատասխանեց, որ չի կարծում. «Հայաստանում դեռեւս կան դատավորներ, ովքեր արդարադատության կողմնակիցն են»:
Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանը որեւէ չարաշահում թույլ չի տվել իր իշխանության ժամանակ: Հարցին՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ հասարակությունը մերժեց նրան՝ Վարդանյանը պատասխանեց. «Ես այդ հասարակության մի մասնիկն եմ, դուք էլ եք տեսնում, որ այստեղ առնվազն 2000 հոգուց ավելի մարդ կա, ընտրությունների ժամանակ 60 հազար ձայն են տվել, իրենք էլ են այս հասարակության մասնիկ»:
Նա հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, եղել է իշխանության բռնի զավթում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ