«Ամենակարևոր խնդիրը ոստիկանի կերպարի փոփոխությունն է» ,- փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։ Կարեն Զադոյանը նաև շարունակեց. «Ինչպես մենք ասում էին դեռևս անցումային արդարադատության քննարկումների ժամանակ, ընդհանրապես իրավական համակարգը, ուժային կառույցները, դատական համակարգը, հանրային ծառայողները, քաղծառայողները պետք է «մարդու իրավունքներ խախտողներից» դառնան մարդու իրավունքներ պաշտպանողներ: Ոստիկանությունը հանրության համար պետք է լինի վստահելի, այդ կերպարը նաև պատանիների համար պետք է լինի գրավիչ»:
Նա նաև շեշտեց կառուցվածքային առումով փոփոխությունների խնդիրը և նշեց. «Նոր տիպի քաղաքականություն մշակող մարմինը, հանձինս ներքին գործերի նախարարության, ավելի լայն հնարավորություն կտա գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար, ավելի արդյունավետ կերպով տարբեր կառույցներ ներգրավելու իր կազմում: Խոսքը և′ պարեկային նոր ծառայության մասին է, և′ օպերատիվ կառավարման կենտրոնի»:
Կարեն Զադոյանը նաև խոսեց ոստիկանության լիազորությունների մասին և հիշեցրեց՝ ժամանակին ոստիկանության շատ գործառույթների փոխանցում է կատարվել Քննչական կոմիտեին, հիմա փորձում են դրանք վերադարձնել:
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ որպես նպատակ՝ բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի հանրության վերաբերմունքի դրական փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Փոխնախարարը, որպես ռազմավարական բարեփոխումների հաջողության երկարաժամկետ գրավական, կարևորեց նաև ներառականությունը՝ սկսած օրենսդրական մշակումից, մինչև պրակտիկ կիրառություն և հաշվետվողականություն:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը կարևորեց, որ իրավական քաղաքական գնահատական տրվի ոստիկանության՝ նախորդ տարիների աշխատանքին: Նա մտահոգություն հայտնեց. «Ծանոթանալով նախագծի հիմնավորումներին` ափսոսում եմ, որ հստակ իրավաքաղաքական գնահատական չի տրվել ոստիկանության նախկին գործելաոճին, հստակ ամրագրված չէ, որ տարիներ շարունակ ոստիկանությունը հանդես է եկել որպես գործիք օրվա քաղաքական իշխանությունների ձեռքին և հենց այդ պատճառով էլ ունի վստահության շատ ցածր մակարդակ»:
Լուսինե Հակոբյանը հիշեցրեց ոստիկանության կիրառած բռնությունները անհատների նկատմամբ, օրինակ բերեց 2003-ից ի վեր իրականացված հավաքները, որոնք ուժի կիրառմամբ են ցրվել, ապրիլյան հավաքները, որոնք տարբեր միջազգային փաստաթղթերում ամրագրված են որպես խաղաղ: Այս առիթով եզրափակեց. «Անգամ այդ հավաքների առնչությամբ մեր կազմակերպությունն ունի իր վարույթում տարբեր գործեր վարչական դատարանում և անգամ այդ հավաքների առնչությամբ ոստիկանությունը հրաժարվում է ընդունել, որ հատուկ միջոցների կիրառումը՝ մասնավորապես 2018-ի ապրիլի 16-ին, եղել է ոչ իրավաչափ»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ սա երկար սպասված փաստաթուղթ է ու շարունակեց. «Այսօր ուղղակի ոստիկանության հետ կապված փորձում են գնահատական տալ, թե ինչպիսին է եղել նրա գործելաոճը և առաջ անցնել: Բայց այսօր ոստիկանությունը չունի այն լիազորությունները, չկան այն անհրաժեշտ իրավակարգավորումները, որոնք թույլ կտան ոստիկանությանն իր առաջ դրված խնդիրները պատշաճ լուծել, ավելի արդյունավետ պայքարել այսօրվա մարտահրավերներին»: Ըստ պատգամավորի՝ վերջին տասնամյակում ոստիկանությունը հնարավորինս թուլացվեց, նոր ներդրումներ չարվեցին ոստիկանության ուղղությամբ: Նա, գնահատելով ոստիկանների ներկայիս աշխատանքը, ասաց, որ նրանք գերծանրաբեռնված ռեժիմով անձնազոհ աշխատանք են տանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ