Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որն այսօր շտապում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է արդյոք մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների վրա կոնկրետ թիվ է դրված եղել, որ այսքան գումար պետք է բերեն, կա՞ կոնկրետ թիվ, Սիմոնյանը պատասխանեց՝ ես նման խոսակցության ականատես չեմ եղել: ԱԺ փոխնախագահն ասաց, որ օրենքը թույլ է տալիս 100 միլիոն դրամ հավաքագրել եւ իրենց թիմի անդամները հրավիրել են մարդկանց՝ իրենց ընկերներին՝ հույս ունենալով, որ այդ գումարը կհավաքագրվի: «Ես հրավիրել եմ 4 հոգու եւ որեւիցե մեկի հետ չեմ խոսել՝ ինչքան գումար է տալու»-ասաց Ալեն Սիմոնյանը:
Դրամահավաքին մասնակցելու եկավ նաեւ վարչապետ Փաշինյանը: Ըստ կազմակերպիչների, հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ