Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն էր: Ինչպես հայտնել ենք, գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն է ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը եւ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նրան բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ հորդորելով հեռանալ խորհրդային դեպրեսիվ քրեական քաղաքականությունից՝ ասելով, որ ԽՍՀՄ տարիների հայտնի ռեպրեսիաների հետ են համեմատում ու նման կարծիքներ են հնչում, թե 37 թիվն է, մինչդեռ խորհրդային բռնաճնշումների ժամանակ գոնե 3 մատնիչներ էին պետք, երեք ցուցմունք, իսկ հիմա արի ու տես, որ մի ցուցմունքն էլ բավարար է.
«Պարոն Մարտիրոսյանն այն դատախազը չէ, կամ գիտությամբ զբաղվող այն անձը չէ, որ լավ չպատկերացնի այսպիսի մեղադրանքների վտանգավորությունը: Կարելի է ենթադրել, որ հող են նախապատրաստում ստեղծել վախի մթնոլորտ յուրաքանչյուր պաշտոնյայի կամ քաղաքացու համար, որ ցանկության դեպքում նա կարող է դատապարտվել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա՝ առանց բավարար ապացույցների համակցության: Հավատացեք, լավ ճանապարհ ընտրված չէ»:
Պաշտպանը նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշում է քննիչը կայացրել ու դրա մասին պաշտպանական կողմին տեղեկացրել են 21 օր անց: Խախտվել են ընթացակարգային բոլոր նորմերը:
Սերժ Սարգսյանի մյուս պաշտպանը՝ Ամրամ Մակինյանը հայտնեց, որ դատախազությունում խնդիր է եղել, ու Մարտիրոսյանին հարցրեց, թե ինչո՞ւ երկարամյա փորձ ունեցող Հակոբ Թադեւոսյանը, որը Սերժ Սարգսյանի գործը հսկողն էր, ում վերադասն էր Մարտիրոսյանը, հանկարծ հրաժարվել է այս գործի հսկողությունից ու ազատվել աշխատանքից: Արսեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ զարմանալի է, որ թերթում հրապարակված այդ տեղեկատվությունը դատարանում ներկայացնում են՝ որպես հաստատված հանգամանք. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հակոբ Թադեւոսյանի՝ աշխատանքից ազատվելը որեւէ առնչություն չունի նշված քրեական գործի հետ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի շարժական եւ անշարժ գույքի, դրամական միջոցների վրա կալանք դնելուն Մարտիրոսյանն ասաց. «Քննիչի՝ 2019-ի դեկտեմբերի 5-ի որոշմամբ նշված դրամի չափով կալանք է դրվել, որպես որոշման կայացման հիմք հանդիսացել է այն, որ Սերժ Սարգսյանը, ելնելով իր՝ նախկինում ունեցած դիրքից, կապերից, վերագրվող արարքի բնույթից ու վտանգավորության աստիճանից, կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել իրեն պատկանող գույքը»: Ըստ նրա, գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տվել մտածելու, որ Սերժ Սարգսյանը կարող էր թաքցնել իրեն պատկանող գույքը, միջոցները: Նա նշեց, որ պաշտպանական կողմի դատողությունները վերացական են եւ չեն բխում քրեական գործով ձեռք բերված տվյալներից:
Բացարկի վերաբերյալ միջնորդության հետ կապված դատարանը որոշումը կհրապարակի վաղը ժամը 15:30-ին:
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ