Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետազոտություն. գործարարները պատմել են հարկային-բիզնես կոռուպցիոն սխեմաների մասին

Փետրվար 25,2020 20:11

Հայաստանում բիզնեսների 52 %-ը չգիտի, թե իրենց ապրանքը կամ ծառայությունները շուկայի որ մասն են զբաղեցնում, 31%-ը չգիտի, թե իրենց արտադրած ապրանքի կամ ծառայությունների շուկայում քանի կազմակերպություն է գործում, 79%-ը՝ շուկայի մասնակիցների միջեւ մրցակցության ընդհանուր վիճակը գնահատում է «բարձր» կամ «կատաղի», 59%-ը՝ մրցակցային միջավայրը տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից համարում են բարենպաստ: Այսպիսի ցուցանիշներ են արձանագրվել «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտությամբ», որն իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ին՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ:

Այս հետազոտությունն իրականացվել է նախորդ տարի, օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ 400 բիզնեսների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների հետ հարցազրույցների միջոցով:

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի, բիզնեսների 52%-ը չգիտի շուկայի ծավալի մասին, չգիտի շուկայում իրենց մասնաբաժնի մասին, սրա պատճառը միայն այն չէ, որ այս բիզնեսները չունեն համապատասխան վերլուծական կարողություններ կամ չեն կարող իրենց թույլ տալ դիմել խորհրդատվական ընկերությունների օգնությանը.«Այս 52%-ի մեջ հանդիպում են իրենց ապրանքային շուկաներում առաջատար եւ խոշոր ընկերություններ, ինչպես օրինակ` «Բարի Սամարացին»՝ մսամթերքի շուկայում, «Բանդիվան Կաթը»` կաթնամթերքի շուկայում, «Տոնուս-Լեսը»` դեղերի շուկայում, «Հորիզոն 95-ը» եւ «ՄԼ Մայնինգը»` շինարարության շուկայում եւ այլն: Տարբեր ապրանքների շուկայի ծավալի գնահատման դժվարությունները պայմանավորված են այդ շուկաներում ստվերի առկայությամբ, որը հնարավոր չէ գնահատել անգամ մեծ ֆինանսական միջոցներ ծախսելով:

Ըստ բիզնեսների ներկայացուցիչների եւ փորձագետների, զգալի ծավալով ստվերային շրջանառություն է առկա պանրի, պոլիգրաֆիական արտադրանքի, կահույքի, մանրածախ առեւտրի բնագավառներում: Տարբեր ապրանքների շուկայի ծավալի գնահատման մեկ այլ խնդիր է վիճակագրական տվյալների բացակայությունը, ինչը պայմանավորված է նրանով, որ հաշվառում չկա»:

Ըստ հետազոտության արդյունքների, հարցված բիզբնեսների 42%-ի կարծիքով տնտեսական մրցակցության վրա դրական ազդող առաջին 3 կառույցներից առաջատարը հարկայինն է, հաջորդը կառավարությունն է՝ 16%, մաքսային ծառայությունը՝ 16%:

Իսկ բացասաբար ազդող առաջին 3 կառույցներն են՝ հարկային ծառայություն՝ 35%, շուկայի մասնակիցներ կամ մրցակիցներ՝ 10%, մաքսային ծառայություն՝10%:

Հարցված բիզնեսների 26%-ը համարում է, որ պետական մարմինները միջամտել եւ կամ միջամտում են իրենց գործունեության: Զեկույցում նշված է.«Բիզնեսների գործունեությանը միջամտող պետական կառույցների շարքում գործարարները հիշատակել են հարկային եւ մաքսային ծառայություններին, ՏՄՊՊՀ-ին, մի քանի տեսչական մարմինների (սննդամթերքի անվտանգության, առողջապահական եւ աշխատանքի), 1-2 նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանին, թաղապետարաններին: Ըստ գործարարների` բիզնեսների գործունեությանը միջամտող պետական կառույցների շարքում անառարկելի առաջատարը հարկային ծառայությունն է` դեպքերի 75%-ը: Հարկային ծառայության գործողությունները, որոնք բիզնեսների կողմից բնորոշվել են որպես միջամտություն իրենց գործունեությանը` հետեւյալն են՝ հարկայինը ստուգումներ արել է հաճախ, ստուգումների գործընթացը տեւել է շատ երկար, հարկային ստուգումների արդյունքում բիզնեսներին տուգանել են անտեղի(արհեստական, մտացածին պատճառներով), կամ չհիմնավորված բարձր գումարներով, հարկայինը բիզնեսներին պարտադրել է կատարել հարկերի կանխավճարներ, հարկայինը բիզնեսներին պարտադրել է շարունակաբար ավելացնել վճարվող հարկերի գումարները` անկախ բիզնեսի ֆինանսական արդյունքներից, եղել են նաեւ կոռուպցիոն սխեմաներ, օրինակ` գումարի դիմաց տուգանքի գումարը նվազեցնելու կամ ստուգում չանելու դեպքեր»:

Զեկույցի հեղինակները նաեւ նշել են.«Հանուն արդարության պետք է նշել, որ հարկային ծառայությունից դժգոհությունների գերակշիռ մասը վերաբերում է մինչեւ 2018 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածին: Բիզնեսների մեծ մասը հայտարարել է, որ այժմ (նկատի ունեն` 2018 թ. ապրիլից հետո) իրենց թվարկած օրինակները ոչ թե պակասել, այլ վերացել են»:

Բիզնեսների գործունեությանը միջամտող պետական կառույցների մյուս խումբը տեսչական մարմիններն են` դեպքերի 6%-ը: Այս շարքում առավել հաճախ նշվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ), Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի անունները: Դժգոհության մյուս թիրախը ՏՄՊՊՀ-ն է` դեպքերի 3%-ը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829