Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանի որ պղծված է ԱԺ ամբիոնը, ես հիմա խնկարկում եմ անում». Սոնա Աղեկյան

Փետրվար 25,2020 19:50

Խորհրդարանում դատաիրավական բարեփոխումների թեմայով այսօրվա կազմակերպված լսումների ժամանակ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը խոսեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին`ասելով, որ այն խայտառակություն է եւ վավերացնելուց հետո ՍԴ-ն չի կարողանալու բեկանել այդ փաստաթուղթը եւ մենք ունենալու ենք տրանսգենդերներ. «Եթե լավ եք հիշում, մեկ տարի առաջ նրանք այս ամբիոնից, որը իմ երկրի բարձրագույն ամբիոնն է, պատմություն էին կերտում: Եվ որեւէ մեկը, ով այստեղ նստած էր, չէր փորձում այդ տրանսգենդեր հանդիսացող անձի ձեռքից բռնել եւ ասել, որ պատմություն այստեղ չեն կերտում: Պատմություն կերտում են օրենքներով, որոնք լինում են հայրենասիրական եւ ազգային ոգով ոգեշնչված»:

Այս ամենն ասելու ընթացքում Սոնա Աղեկյանը գրպանից հանեց փոքրիկ ափսե, կրակայրիչ, խունկ եւ կրակ վառեց`խնկարկելով խորհրդարանի ամբիոնը:

Հանձնաժողովի նախագահ, նախագահող Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց նրան. «Ես ներողություն եմ խնդրում, խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին մտնել ներս` հակահրդեհային կանոնների խախտման… խնդրում եմ դադարեցնեք…»:

Սոնա Աղեկյանը շարունակում էր. «Քանի որ պղծված է ԱԺ ամբիոնը, ես հիմա խնկարկում եմ անում եւ ամբիոնը մաքրում այն բոլոր պղծություններից, որը կատարել է «տրանսգենդեր» կոչվող անձը, ես հետևել եմ անվտանգության կանոններին, քանի որ ԱԺ-ում մեր մանուկներն են, մեր նորելուկ հրաշամանուկները…»: Նա խոսում էր այն մասին, որ այդ դահլիճում, «հրաշամանուկ»-պատգամավորներն իրենց նուրբ մատներով քվեարկում են օրենքների համար, որոնք պետք է լինեն ազգային ոգով:

Վլադիմիր Վարդանյանը շարունակում էր հայտարարել, որ տիկին Աղեկյանը խախտում է հակահրդեհային կանոնները: Նա ստիպված եղավ անջատել խոսափողը: Դա էլ չօգնեց:

«Շնորհակալություն, տիկին Աղեկյան, խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին հանգցնել, ես պետք է խնդրեմ դուրս գալ նիստերի դահլիճից եւ հանգցնել, հարգեք հակահրդեհային կանոնները…»,- իր հորդորներն էր շարունակում Վլադիմիր Վարդանյանը: Ապա` հայտարարեց. «Քանի որ ամբիոնն արդեն խնկարկված է, հրավիրում եմ այստեղ Սուրեն Գրիգորյանին»:

Սոնա Աղեկյանի ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին:

Հիշեցնենք, անցյալ տարի, ԱԺ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ձայնի իրավունք էր խնդրել և ելույթ ունեցել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829