Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտիրոս Վարդանով. «Հայրիկին ասացին՝ ֆիլմդ ոչ ոք չի տեսնի, ու այդպես էլ եղավ»

Փետրվար 25,2020 20:00

Վավերագրական կինոյի վարպետ, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ Միքայել Վարդանովի՝  1969 թ. նկարված «Հայկական հողի գույնը» 51 տարի անց առաջին անգամ ներկայացվեց  Հայաստանի ազգային պատկերասրահում: Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Խորհրդային շրջանում ստեղծված և հետագայում արգելված այս կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում: Ֆիլմի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:

Վարդանովի որդին՝ Լոս Անջելեսի  Փարաջանով-Վարդանով ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը նշեց, որ ֆիլմի հետ կապված՝ հայրը ժամանակին խնդիրներ է ունեցել քանի, որ նկարել է Փարաջանովին, Մինասին, Արտո Չաքմաքչյանին, Ռոբերտ Էլիբեկյանին: «Նրան ասացին՝ ինչո՞ւ ես այդ մոդեռնիստներին նկարում, պետք է կտրես այդ հատվածները ֆիլմից եւ նկարես այլ նկարիչների, որոնք ընդունված են ռեժիմի կողմից: Հայրս ասաց՝ ոչ, իմ ֆիլմի անունը «Հայկական հողի գույնն» է, իսկ հայոց հողի գույնը  հենց Մինասն է, Փարաջանովը, Չաքմաքչյանը…Ասացին, որ այդ դեպքում ֆիլմը ոչ ոք չի տեսնի, ու այդպես էլ եղավ:

43 տարի անց ֆիլմը ցուցադրվեց Բուսանի միջազգային կինոփառատոնում: Դրանից հետո Փարաջանով-Վարդանով ինստիտուտը սկսեց աշխատել Մարտին Սկորսեզեի ֆոնդի հետ՝ «Նռան գույնի» վերականգնման վրա, որն իրականացրինք 2014 թ: Ներկայումս Ֆրենսիս ֆորդ Կոպպոլայի շնորհիվ սկսել ենք վերականգնել Վարդանովի վերջին ֆիլմը՝ «Փարաջանով. վերջին գարունը»: Ես հույս ունեմ, որ եռապատկման՝  առաջին ֆիլմը՝ «Հայկական հողի գույնը» եւ երկրորդ ֆիլմը՝ «Մինաս.ռեքվիեմ», կվերականգնենք ու  «Փարաջանով. վերջին գարուն» ֆիլմի հետ կբերենք Հայաստան: Հայրիկը՝ Միքայել Վարդանովը կուզենար, որ այդպես լիներ»:

Մարտիրոս Վարդանովն ասաց, որ այժմ ներկայացվողը ֆիլմի գրաքննված տարբերակն է, այն օրինակը, որտեղ գույները վերականգնված չեն, սակայն  ինքը չէր ցանկանում բաց թողել՝ ֆիլմը Հայաստանում ցույց տալու հնարավորությունը:

Մինաս Ավետիսյանի որդու՝ Նարեկի համար ֆիլմը պատմական նշանակություն ունի. «Արվեստի եւ մշակույթի մեծերին այդպես ներկայացնելու համար ինքդ պետք է մեծ մարդ լինես…Հայրիկի կադրերը չէի տեսել, առաջին անգամ տեսա…»:Նա որոշ դրվագներ հիշեց Միքայել Վարդանովից, ասաց, որ միշտ ձգտել է նման մարդկանց կողքին լինել: Հուշեր պատմեցին նաեւ Վարդանովի ընկեր, կինոգետ Սերգեյ Գալստյանը, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Վերջինս ֆիլմում գտավ իր պարուհի մայրիկին: Սերգեյ Գալստյանը հիշեց, թե ինչպես էին Վարդանովի՝ Աբովյան փողոցում գտնվող փոքրիկ բնակարանի կողքով անցնելիս ձայն տալիս՝ Միշել, իսկ նա անմիջապես բոլորին ներս էր հրավիրում:

Մինաս Ավետիսյանի թոռան՝ Գայանե Ավետիսյանի համար եւս ֆիլմը հուզիչ էր, որովհետեւ այնտեղ աշխատել են իր երկու պապիկները՝ Մինաս Ավետիսյանը եւ Կարեն Քուրդյանը:

Հիշեցնենք, որ Միքայել Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը, ինչի համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից: Այդ պատճառով տարիներ շարունակ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829