«Ո՞վ է իրականացնելու դատական համակարգի այս «բարեփոխումները»՝ ԲԴԽ-ն՝ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությա՞մբ: Կարծում ենք, այստեղ նույնիսկ խոսքերն ավելորդ են: ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ ստուգի դատավորների բարեվարքությունը. մեկը լինի՝ նրանց բարեվարքությունը ստուգի»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ դատական օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը ներկայացնող Դավիթ Գյուրջյանը:
«Հետհեղափոխական Հայաստանում այսօր ունենք մի իրավիճակ, երբ Յուրիկ Իսկոյանի նման դատավորը…»,- շարունակեց բանախոսը, սակայն այդպես էլ չավարտեց խոսքը: Հանձնաժողովի նախագահ եւ նախագահող Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց նրան` հորդորելով խոսել նախագծի շուրջ: Դավիթ Գյուրջյանն անտեսեց հորդորը եւ շարունակեց. «Մարտի 1-ի եւ հանրային գերակա շահի գործերով տիպային վճիռներ կայացրած դատավորները այսօր շարունակում են պաշտոնավարել: Արթուր Մկրտչյանը դառնում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր, երբ ամբողջ մասնագիտական համայնքին հայտնի է, թե ի՞նչ տխրահռչակ համբավ է վայելում»:
Վլադիմիր Վարդանյանը կրկին ընդհատեց`հորդորելով բանախոսին` եթե ունի հանցագործությունների մասին տեղեկություններ, դրանք փոխանցել համապատասխան մարմիններին, ոչ թե ելույթի ընթացքում փորձել վարկաբեկել անձին, որը զրկված է պաշտպանվելու իրավունքից:
Իր արտահերթ ելույթում Վլադիմիր Վարդանյանը նաեւ շարունակեց. «Ցանկացած պատահական մարդ չպետք է լինի դատական համակարգում, ցանկացած հանցագործ պետք է պատժվի, բայց մենք չպետք է վերադառնանք մի շրջան, որտեղ ՀՀ բոլոր Սահմանադրությունների համար անփոփոխ առաջին հոդվածը ոտնահարվում է, իսկ այն սահմանում է, որ ՀՀ-ն իրավական պետություն է: Իրավագիտության ֆակուլտետում մի հստակ կարծիք կա` ավելի լավ է մի շարք հանցագործներ լինեն ազատության մեջ, քան գեթ անմեղ մարդ անազատության մեջ: Իհարկե, պատկան մարմինները պետք է անեն հնարավորը, որպեսզի ցանկացած անձ, որը ոտնձգություն է արել, ենթարկվի պատասխանատվություն, չպետք է ունենանք կլասային մոտեցում այս կամ այն անձի նկատմամբ` հին է, նոր է, կոռումպացված է, կաշառակեր է… Հասկանանք էլի, բան ունեք ասելու, իրավապահ մարմիններին ներկայացրեք, այս ամբիոնից էլ կարող եք հանցագործության մասին հայտարարություն անել, բայց վտանգավոր միտում կա, դատական իշխանության միակ հենքը սեփական հեղինակությունն է եւ շատ լավ գիտի` ինչ խնդիրներ ունի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ