Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստից առաջ Սերժ Սարգսյանին տեսանք բարձրախոսով: Նրան աջակցողները դատարանի շենքի մոտ էին հավաքվել ու հայտարարություններ էին անում, որ գործը շինծու է: Սերժ Սարգսյանը բարձրախոսը վերցրեց ու ցուցարարներին դիմեց. «Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու: Իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը: Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբերանպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու: Շատ-շատ շնորհակալ եմ»:
Երրորդ նախագահը նաեւ հայտարարեց. «Հաշվի առնելով եղանակային պայմանները ու այն հանգամանքը, որ հույս կա, որ ՀՀ-ում դեռեւս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձ ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր: Շատ-շատ շնորհակալ եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ