Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես խնդրում եմ դասեր չտալ եւ չսահմանափակել». Լեւոն Զուրաբյանը` Վլադիմիր Վարդանյանին

Փետրվար 25,2020 18:22

«Անունը կարող ենք դնել «վեթինգ» կամ այլ բառ հնարենք, բայց խնդիրը հետևյալն է` համակարգի զտումը, որովհետև եկեք իրերն իրենց անուններով կոչենք. դատավորների մեծամասնությունը, ինչքան էլ փորձեն սահմանափակեն խոսքի ազատությունը, կոռումպացված, բազմաթիվ հանցագործություններ գործած, խղճի դեմ գնացած, ուրիշների տառապանքների հաշվին հարստացված մարդիկ են, քաղաքական պատվերներ կատարած մարդիկ են: Բնականաբար, մենք պետք է հասկանանք` ոնց ենք խնդիրը լուծելու»,- այսօր խորհրդարանում, դատաիրավական բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ, իր ելույթում ասաց ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Շատ դատավորներ, ըստ բանախոսի, գործել են ակնհայտ անարդար դատական ակտեր`երկու պատճառով. «Մեկը եղել է քաղաքական հետապնդման պատվերը, բայց կա մեկ այլ ուղղությանը, ի դեպ դա փոխկապակցված ուղղություն է` շահադիտական ուղղությունը: Մարդիկ ուղղակի օգտագործել են այդ պատվերը»:

Դատավորների`70-80-90 տոկո՞սն են կազմում նման դատավորները, Լեւոն Զուրաբյանը չգիտե, նա չի կարող գնահատական տալ, բայց, իր կարծիքով, հասարակության համոզմամբ`մեծամասնություն են կազմում:

«Ո՞նց անցկացնենք այդ մեծ զտումը, մաքրումը»,- հարց հնչեցրեց նա`խնդրելով բոլշեւիկյան զտման հետ չշփոթել: «Խղճի հետ գործարքի գնացած» դատավորներին մաքրելու երկու մեխանիզմ է տեսնում Լեւոն Զուրաբյանը` քրեական պատասխանատվության և կարգապահական պատասխանատվության մեխանիզմներ. «Այն հանցագործությունների համար, որոնց մասին խոսեց պարոն Մանուկյանը, Մարտի 1-ի հետ կապված վճիռներով, քրեական մեխանիզմը, այլեւ չի կարող գործել, որովհետեւ կա վաղեմության խնդիրը: Եթե անգամ վաղեմության ժամկետները ակնհայտ անարդար դատական ակտերի համար փոխվեին, երկարացվեին, անգամ եթե հանվեին, միևնույն է, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ … Հետեւաբար, 2008-ի մարտի 1-ից հետո դատավորների գործած հանցագործություններն ընկնում են վաղեմության ժամկետի ներքո եւ դա անշտկելի է: Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ լուծել այդ խնդիրները եւ կոռումպացված դատավորների խնդիրը: Ընդ որում, նաեւ այն դատավորների, որոնք այդ հանցագործությունները կատարել են 20-30 տարի առաջ. հարստություն են դիզել, առանձնատներ են կառուցել ու հազար ու մի հանցագործություն են կատարել: Այս ավազակախումբը, որը հեռացել է Հայաստանից` հեղափոխության ճնշման ներքո, թողել է այս ականապատված տարածքը`այդ կոռումպացված դատավորները եւ ՍԴ-ում, եւ սովորական դատարաններում, այսօր շարունակում են մնալ այդ ավազակախմբի կողմից… ոնց որ ասենք Իսլամական պետության տեռորիստները, որ գնում են, ականներ, ծուղակներ են թողնում, որոնք շարունակում են մնալ եւ ծառայել նրանց: Ահա մենք տեսնում ենք, որ քրեական պատասխանատվության դուռը փակված է, դուք էլ, այսօրվա իշխող մեծամասնությունը փակում եք  կարգապահական պատասխանատվության դուռը»:

Լեւոն Զուրաբյանը երկու անհամաձայնություն ունի` 8 տարվա արգելքը, ըստ որի դատավորը կարգապահական տույժի չի կարող ենթարկվել, եթե նրա կայացրած դատական ակտից անցել է ութ տարի: «Սա նշանակում է, որ կարգապահական պատասխանատվության կարող են կանչվել 2012 թվականից սկսած օրինախախտումների համար»,- ասաց բանախոսը:

Լեւոն Զուրաբյանի ելույթի համար նախատեսված հինգ րոպեն ավարտվել էր: Նախագահող Վլադիմիր Վարդանյանը նրան հորդորեց`ամփոփել միտքը` 30 վայրկյանում: «Ես խնդրում եմ դասեր չտալ եւ չսահմանափակել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` ավելի շատ ժամանակ ուզելով:

Իր երկրորդ անհամաձայնությունը վերաբերում էր դատավորների հայտարարագիր ներկայացնելու պահանջին, ինչը, առաջարկվող կարգավորումներով, չի տարածվում դատավորի ամբողջ պաշտոնավարության շրջանի վրա: Սա, ըստ Լեւոն Զուրաբյանի, նշանակում է, որ այն դատավորները, որոնք եթե այդ մեխանիզմը դրվի եւ կիրառվի ու  հայտարարագրվեն նրանց ունեցվածքը, 10-15 տարի առաջ «կիտած հարստությունը», այդ պատասխանատվության մեխանիզմին ենթակա չէ: «Սա կոպիտ բացթողում է»,- կարծում է Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեցրեց ապօրինի գույքի բռնագանձման նախագծի քննարկումները, երբ նախագծում ամրագրված էր, որ 1998 թվականից սկսած պետք է կիրառվի, դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն իրեն մի քիչ հարմար չի զգում այդ թվի մասով եւ առաջարկել էր 1991 թվականից սկսել կիրառությունը: Ասաց`շատ ճիշտ մոտեցում է, մենք միշտ դրա կողմնակից ենք եղել. «Բա էս ի՞նչ սելեկտիվ վաղեմության ժամկետներ եք դրել: Եկեք լինենք անաչառ եւ այդ մեխանիզմը կիրառենք բոլոր դատավորների վրա`սկսած նրանց պաշտոնավարման սկզբից»:

Վլադիմիր Վարդանյանը հերթական անգամ միջամտեց: Նա անգամ ասաց, որ հիմնականում համակարծիք է Լեւոն Զուրաբյանի հետ, բայց, քանի որ հատկացված ժամանակը գերազանցվել էր`հորդորեց`անջատել խոսափողը:

Լեւոն Զուրաբյանը դեռ շարունակում էր. «Գնում ենք հանրաքվեի եւ այդ հանրաքվեում, եթե ուզում եք ժողովրդի վստահությունը ստանալ, իսկ մենք ուզում ենք ստանալ…»: Խոսափողն անջատվեց, Լեւոն Զուրաբյանը դժկամությամբ լքեց ամբիոնը`դեռ ինչ-որ բաներ ասելով: Վլադիմիր Վարդանյանն էլ փորձում էր մեղմել իրավիճակը. «Յուրաքանչյուրն ունի հինգ րոպե, դուք խոսում եք տասը րոպե…: Լեւոն Զուրաբյանն ավելի վրդովվեց. «Թելադրում եք, թե ով ի՞նչ պիտի ասի, դա սխալ է նախորդ հռետորին էլ էիք նման բան անում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829