ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՖԲ ուղիղ եթերում ներկայացրեց այն ստերը, որ իրենց մասին տարածում են իշխանությանը պատկանող լրատվամիջոցները:
«Նիկոլ Փաշինյանի մի շատ մտերիմ անձնավորություն, որը շատ երիտասարդ տղա է եւ որը «Ելք»-ի ժամանակ մեր հետ շփվել է, մենք իրեն շատ լավ ճանաչում ենք, ինքն էլ՝ մեզ, իր ՖԲ էջում եւ տարբեր հայ-հույ.am-երում տարածում է նյութեր, թե Դավիթ Խաժակյանը հանդիպել է «Ադեկվատների» հետ: Իբր էս չե՞նք:
Նախ` ոչ մի խնդիր չունենք որեւէ մեկի հետ հանդիպելու, եթե մարդը հայազգի ներկայացուցիչ է եւ ՀՀ քաղաքացի: Բայց անցնեմ առաջ: Երկու տարի առաջ՝ 2018 թվականին, եղել է դեբատ, որից հետո դուրս են եկել եւ այդտեղից նկարներ կան: Այդ մարդը երկու տարի առաջվա նկարները տարածում եւ գրում է, թե տեսեք «Լուսավոր Հայաստանն» ինչեր է անում: Մարդիկ, որ մեդիագրագիտություն չունեն, սկսում են հավատալ այդ նյութին, նամակներ գրել: Դավիթ Խաժակյանն իր պատին հերքել է դա, բայց ինչպես ասացի սկզբում, հերքումները չեն աշխատում:
Շատ ստեր կան, բայց այս երեքը ամբողջացնելով՝ ուզում եմ ասել. ժողովուրդ, այլանդակ հակաքարոզչություն է տեղի ունենում: Եվ այս առումով միշտ մտածել եմ, որ բարոյականության եւ անբարոյականության արժեքային սահմաններ կան: Բայց տեսնում եմ, որ այսօր անբարոյականությունը սահմաններ չունի: Ասում են, եթե այդպես է, դատի տվեք: Նմանատիպ իրավիճակներում չի ստացվի: Շատ հրապարակումներ անհեղինակ են՝ մարդ չկա, որ դատի տաս: Որն էլ ունի հեղինակ, կարող է գալ դատարան, ասել՝ սա իմ կարծիքն է եղել ու վերջ:
Կարդացեք նաև
Ոչ մի շնաբարո դուրսպրծուկ, ինչպես կասեր վարչապետը, չի կարող ծծել մեր ժողովրդի լավատեսությունը: Պետք է մշտապես կրթել ժողովրդին, իրազեկել, ասել՝ սա ճիշտ է, սա՝ սուտ: Ես ուղղակի ապշում եմ, որ հազարներով մարդիկ նստած են Youtube-ի ալիքների վրա եւ մեծ դիտումներ կան այնտեղ:
Երբ իշխանությունը լացում է, թե մեդիաները իրենց չեն պատկանում, իմացեք, այսօր մեդիա տիրույթում ամենահզորը իշխանությունն է եւ այսս առումով այսօր գործող իշխանության դեմ խաղ չկա: Հենց Նիկոլ Փաշինյանը, որ տեսնում է, որ իր թիմակիցը դեբատից երկու տարվա նկար է տարածում եւ գրում է՝ Դավիթ Խաժակյանը հանդիպում է «Ադեկվատի» հետ ու չի ասում եղբայր, մի արա, դա սուտ է, դա մեր տեսակը չի, մենք էդ ձեւի չենք, մենք սա չպիտի անենք, ինքը դառնում է այդ ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն: Ուզում է ասի՝ ես տեղյակ չե՞մ: Դե կներեք: Պատասխանատու եք: Հետեւեք, թույլ մի տվեք, որ բարոյականության բոլոր եղած եւ չեղած սահմանները ձեր մարդիկ հատեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ