Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչն այդ մոռացե՞լ է, զարմանում եմ».Սերժ Սարգսյանը դատավորի հարցերին պատասխանեց՝ ոտքի չկանգնելով

Փետրվար 25,2020 17:33

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Նիստում կողմերը դատավոր Վահե Միսակյանին բացարկի միջնորդություն չներկայացրեցին: Նիստի մեկնարկին դատավորը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Երբ հերթը հասավ Սերժ Սարգսյանին, վերջինս դատավորին պատասխանեց՝ առանց ոտքի կանգնելու: Ավելի ուշ պաշտպանը պարզաբանեց, որ դատավորը թույլ էր տվել:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դժգոհեց, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է 82 թերթից ու 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներին. «Պատահակա՞ն է արդյոք, որ ՀՔԾ քննիչը օրենքով սահմանված իր պարտականությունը չի կատարում եւ մեղադրական եզրակացության մեջ նշումը չի կատարում անձը բնութագրող: Ինչո՞ւ այդ պահանջը չի կատարվել ՔրԴատ օրենքի»: Նա ասաց, որ քննիչը չի նշել, որ Սերժ Սարգսյանը աշխատել է ազգային անվտանգության նախարար, 1989-ին ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, ռազմական գործիչ է եղել, գլխավորում է Շախմատի ֆեդերացիան. «Կարեւոր չէ՞ այդ փաստը, եւ պաշտպանական կո՞ղմն այդ մասին պետք է բարձրաձայնի։ Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը մոռացե՞լ է քննիչը, մի՞թե սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյոք դա կարեւո՞ր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչն այդ մոռացե՞լ է: Զարմանում եմ: Այսօր Արցախի հերոս կոչումը շնորհվել է 27 անձի, որից մեկը Սերժ Սարգսյանն է: Այդ կոչումը շնորհում են պետությանը ցուցաբերած բացառիկ ծառայության համար»: Մակինյանն ասաց, որ բազմաթիվ խախտումներ էլ են գտել մեղադրական եզրակացության մեջ:

Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն է ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը: Նա արձագանքեց, որ նշված հանգամանքները հայտնի հանգամանքներ են ու գտել են, որ դրանք մեղադրական եզրակացությունում նշելն անհրաժեշտ չէ: Մարտիրոսյանն ասաց, որ բազմաթիվ սխալների հետ կապված պաշտպանական կողմի գնահատականը սուբյեկտիվ է. «Մեղադրական եզրակացությունը համապատասխանում է սահմանված պահանջներին»:

Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ ասելով. «Ըստ ակնհայտ անհիմն մեղադրանքի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել»: Ըստ պաշտպանի, Մարտիրոսյանը պետք է ցուցաբերի արիություն եւ հայտարարի ինքնաբացարկ:

Մանրամասները՝ շուտով

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829