ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ
Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին:
Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվեց այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում:
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:
ԱԳՆ