Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտերմիկ զրույցների ժամանակ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաները կատակում էին, թե ձեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում». Հայկ Կոնջորյան

Փետրվար 25,2020 16:40

Եվրոպայում անվտանգության և համագործակցության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության անդամները տեղեկացրին, որ փետրվարի 20-21-ին՝ Վիեննայում կայացած ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանին որևէ փաստաթուղթ չի ընդունվել, միայն զեկուցողները ներկայացրել են իրենց գաղափարները իրենց կողմից պատրաստվելիք զեկույցների վերաբերյալ: Իսկ փաստաթղթեր կընդունվեն հուլիսին կայանալիք նստաշրջանին:

ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հավաստիացրեց՝ ունենալով նախորդ փորձը՝ հայկական պատվիրակության անդամները զեկուցողների հետ հարցուպատասխանի ժամանակ կարևորել են, որ ապագա զեկույցները լինեն հավասարակշռված և նշել, թե ունենք փորձ, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բառապաշարը պետք է համահունչ լինի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ բերված բառապաշարին:

Հայկ Կոնջորյանը վստահեցրեց՝ մեզ համար ԵԱՀԿ ԽՎ-ում նոր իրավիճակ է ստեղծվել. «Եթե նախկինում երբեմն փորձ էր արվում ինչ-որ հարցերում հավասարության նշան դնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով, որ կա ղարաբաղյան հակամարտություն և այլն, ապա հիմա գոնե ժողովրդավարության համար ակնհայտ է, որ չի կարող լինել որևէ հավասարության մասին խոսք: ՀՀ-ի ժողովրդավարության իմիջը ԵԱՀԿ ԽՎ-ում էապես աշխատում է ի շահ մեզ և ի շահ արցախյան հակամարտության կարգավորման: Դրա լավագույն օրինակներից է այն, որ երբ Լյուքսեմբուրգում քվեարկության էր դրված չափազանց կարևոր հարց, մեր եվրոպացի գործընկերներից մեկն ասաց, որ ինքը կոնկրետ արցախյան հակամարտության հետ կապված որևէ նախընտրություն չունի, ծանոթ չէ, բայց աջակցում է ժողովրդավարությանը, դրա համար քվեարկելու է Հայաստանի օգտին»:

Հայկական պատվիրակության անդամներն էլ՝ Անի Սամսոնյանը, Մարիա Կարապետյանն ու Համազասպ Դանիելյանը հավաստիացրին, որ ԵԱՀԿ ԽՎ-ում փորձել են եվրոպացի գործընկերներին փոխանցել ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններն ու նրբությունները, որ դա նաև հասանելի լինի զեկուցողի համար:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այն, որ Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և արդեն ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ չէ, ու ստացվում է, որ պատվիրակությունում այդ խմբակցությունից անդամ չկա, դա չի՞ վնասում ներքին ժողովրդավարությանը, Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «Տիգրան Ուրիխանյանը ձմեռային այս այցին եղել է պատվիրակության կազմում, քանի որ այդ պահի դրությամբ արդեն նախապատրաստական մասերով դեռևս շարունակում էր լինել խմբակցության անդամ: Ըստ կանոնակարգի՝ արդեն ԲՀԿ-ն պետք է ունենա իր մեկ այլ թեկնածուն և ըստ ժամանակացույցի նրանք իրենց թեկնածուին կառաջադրեն, երբ հաստատվի խորհրդի նիստին: Ուստի մեր հաջորդ այցին՝ հուլիսին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կունենա իր ներկայացուցիչը»:

Հիշեցմանը՝ Ադրբեջանը փորձում է իր լոբբինգն անել, դրա օրինակն է այն, որ երկու նստաշրջան առաջ մի զեկույց ընդունվեց, որտեղ կային ադրբեջանահաճո ձևակերպումներ, հաջողվել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը նույն զամբյուղում ներկայացնել վրացական և ուկրաինական հակամարտությունների հետ և հարցին՝ հիմա՞ ինչպես է իրավիճակը ԵԱՀԿ ԽՎ-ում, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ հիշեցնելով որ հայկական պատվիրակությանը հաջողվել է այս զեկույցից հանել օկուպացված յոթ շրջաններ ձևակերպումը, և զեկուցողն էլ արդեն ԵԱՀԿ ԽՎ-ում չէ: Այս առիթով Հայկ Կոնջորյանը մանրամասնեց. «Դա Ադրբեջանի տոտալ ֆիասկոն էր: Մենք կարողացանք հիշեցնել նրանց այդ փորձերը: Ինչ վերաբերում է նրան, որ ղարաբաղյան հակամարտությունը ուկրաինական և վրացական խնդիրների հետ բերվում են նույն զամբյուղում, ապա նշեմ, որ Ադրբեջանը փորձում է իրեն էլ անընդհատ մեջ գցել ու դիտարկել այդ զամբյուղի մեջ, սակայն մենք մեր միջազգային գործընկերներին արդեն կարողացել ենք հասցնել տեղեկությունը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր հիմքերն ու պատմությունը: Ղարաբաղյան հակամարտության մասով մենք պնդում ենք, որ ազգերի ինքնորոշման դրույթն առնվազն պետք է լինի հավասար դիտարկելի երկու մյուս սկզբունքների հետ Հելսինկյան եզրափակիչ ակտի, որն է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն ու տարածքային ամբողջականությունը»:

Հայկ Կոնջորյանը նաև ասաց, որ հայկական պատվիրակությունը շատ ակտիվ է աշխատում ու հայտարարեց. «Այս պահին խորհրդարանական վեհաժողովի բոլոր երկրներից ամենաակտիվ պատվիրակությունների եռյակում ենք: Նույնիսկ մի քիչ ավելի մտերմիկ զրույցների ժամանակ վեհաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները կատակում էին, թե ձեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Կոնջորյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829