Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհաբերության գնով կյանք առան հաղթանակները. 30 տարի առաջ Դաշնակցությունը, զգալով վերահաս վտանգը, վերադարձավ Արցախ, վերադարձավ զենքով, կամավորի ազնիվ մղումներով, առաջինը  նետվեց մարտի դաշտ. Դավիթ Իշխանյան

Փետրվար 25,2020 16:33

ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի ելույթը

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Հայ դատի հանձնախմբերի սիրելի ընկերներ,
Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ բոլորիդ մասնակցությունը Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովին, որը տեղի է ունենում մեր բոլորիս սրտի ամենազգայուն կետում՝ հպարտության, սիրո, պատվի, կամքի ու հաղթանակի առանցքում՝ Արցախում:

Պարտադիր չէ հիշեցնել, թե ինչու խորհրդաժողովի անցկացման վայրը ընտրվեց հենց այստեղ. այդ հարցի պատասխանը բոլորիս մեջ է, որովհետեւ Արցախը բոլորիս մեջ է, մեր ամենօրյա խոհերում, մեր խոսքում և որ ամենակարևորն է՝ գործում: Աշխարհով մեկ սփռված Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների նվիրյալները բոլորից լավ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիության մայր ճանապարհը, եւ այդ ճանապարհը միշտ  պետք է զերծ պահել օտարածին թափանցումներից ու քաղաքական խարդավանքներից: Այդ ճանապարհը բոլորիս պատվի ուղին է, ու դա այն հստակ սահմանումն է, որ ապացուցելի ու վիճելի չէ:

30 տարի առաջ Դաշնակցությունը, զգալով վերահաս վտանգը, վերադարձավ Արցախ, վերադարձավ զենքով, կամավորի ազնիվ մղումներով, առաջինը  նետվեց մարտի դաշտ ու պայքարի կոչ արեց: Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարակից մարտիկների մի ամբողջ բանակ, որովհետեւ նրանց համար կուսակցության գաղափարախոսությունը վեր էր ամեն ինչից ու հանուն այդ գաղափարախոսության էլ չխուսափեցին սեփական կյանքը նվիրաբերելու: Զոհաբերության գնով կյանք առան հաղթանակները, Դաշնակցությունն անկախության գաղափարը դարձրեց հավատամք, դարձավ ազատ Արցախի  պետականակերտման անտրտունջ շինարարներից մեկը եւ մինչ օրս էլ շարունակում է սկսած գործը:

Հայ Դատի հանձնախմբերը, իրենց գործունեության կիզակետում պահելով Արցախի ճանաչման դժվարին առաքելությունը, նյութական ու մարդկային նվազ միջոցներով, բայց նպատակի գիտակցումով  օրնիբուն պայքարում են ՝ ամեն պահի զգալով ադրբեջանական եւ թուրքական նենգ քարոզչության հարվածները: Նրանք հարվածներից չեն վախենում, նրանք պատմական ճշմարտությամբ են հակադարձում, նրանք չեն կաշառում մարդկանց, որ վերջիններս ամբիոններից ստեր  բարձրաձայնեն, նրանք կաթիլ առ կաթիլ մատուցում են ճշմարտությունը՝ հանուն արդարության:

Սփյուռքում Արցախի մշտական ներկայացուցչությունների, իսկ Արցախում  իշխանությունների հետ Դաշնակցությունը պատրաստակամորեն համագործակցում է բոլոր այն աշխատանքներում, որոնք միտված  են Արցախի միջազգային ճանաչմանը, նրա  զարգացմանն  ու շենացմանը: Բնական դաշնակիցներ լինելով տասնամյակներ շարունակ մեզ հաջողվել է ցուցաբերել համագործակցության օրինակելի վարքագիծ, միշտ առաջնորդվելով հանունի գաղափարով:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու արվածը եւ խոսելու անելիքների մասին, որովհետեւ Դաշնակցության համար միշտ էլ  անելիքները շատ են, հատկապես ներկա փուլում՝ զանազան մարտահրավերների եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական խաղերի թնջուկում:

Ուզում եմ նորից ողջունել բոլորիդ, բարի ընթացք մաղթել խորհրդաժողովին եւ խոսքս եզրափակել Նժդեհի հայտնի խոսքով. «Ոչ մի տեղ առանց Արցախի ու Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829