«Տիկին Սեդա Սաֆարյանն ասաց, որ ոստիկանությունն այդ ժամանակ ուղղակի ենթարկվում էր ինձ՝ նախագահին: Կարծում էի, որ իրավաբանը ավելի լավ պետք է իմանար այն ժամանակվա Սահմանադրությունը»,-հերթական դատական նիստում այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանին:
Քոչարյանը նշեց. «Այսօր է, որ Ոստիկանությունն ուղիղ ենթարկվում է վարչապետին, այն ժամանակ նման լիազորություն նախագահը չուներ: Նախագահի լիազորությունները սահմանափակվում էին պետության գլուխ լինելու հանգամանքով: Սա ասում եմ, որ լավ ծանոթ լինեն Սահմանադրությանը: Նախագահի լիազորությունը եղել է արտակարգ դրության հրամանագիրը»:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննում է Մարտի մեկի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նույն ժամանակ Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանների միջնորդությունը՝ նշյալ անձանց հանդեպ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին: Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ