«Տուժողները տուժել են սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների արդյունքում: Մասնավորապես, իմ պաշտպանյալը տուժել է «Չերյոմուխայի» կիրառման հետեւանքով, նրա կյանքը հազիվ է փրկվել»,-Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նույն ժամանակ Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանների՝ նշյալ անձանց հանդեպ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին միջնորդության քննության ժամանակ այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան, Մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:
«Շատերն են «Չերյոմուխայից» տուժել, իսկ դա կիրառել է հատուկ նշանակության ջոկատը, որը ենթարկվում է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դա այն ուժային կառույցներից էր, որը 2008թ.-ի փետրվարի 29-ին դրել է այդ օրվա սկիզբը: «Չերյոմուխա» կիրառողներին առաջինը փաստահավաք խմբում են հարցաքննել»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ