Լրահոս
Օրվա լրահոսը

«էներգետիկ բլիթը», որ Մոսկվան տրամադրում է հավատարմության փոխարեն, ավելի խորը կախվածություն է ստեղծում և հեշտորեն կարող է օգտագործվել Մոսկվայի քմահաճույքով. Արման Գյուլգազյան

Փետրվար 25,2020 16:15

Ռուսաստանի էներգետիկ հսկաները՝ արտաքին քաղաքականության գործի՞ք. ինչպե՞ս   

Ռուսաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսներն ինչպես «մտրակ և բլիթ»՝ գայթակղելով ու պարգևատրելով ընկերներին և պատժելով հակառակորդներին նավթի ու գազի գնի տատանումներով: Այս հարցը ներկայումս առավել արդիական է, քանի որ Ռուսաստանը Եվրոպական միության (ԵՄ) էներգետիկ առևտրի խոշորագույն գործընկերն է: Այսպիսով, շատ կարևոր է գնահատել, թե որքանով է Ռուսաստանն օգտագործում իր էներգետիկ ռեսուրսները որպես արտաքին քաղաքականության գործիք: Սույն հոդվածում «Ռուսաստան» տերմինը կկիրառվի բնորոշելու համար պետության (մասնակի) տիրապետման տակ գտնվող էներգետիկ ընկերություններին, ինչպիսիք են «Գազպրոմ» (գազ) և «Ռոսնեֆտ» (նավթ) ընկերությունները: Խոսելով էներգիայի, հատկապես ռուսական էներգիայի մասին՝ դժվար է տարբերակել զուտ տնտեսական և աշխարհաքաղաքական նպատակները: Այլապես Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը երկու նպատակների խառնուրդ է:

Բնական ռեսուրսների հսկայական պաշարները և հազարավոր կիլոմետրեր ձգվող գազատարները, որոնք ընդգրկում են Եվրոպան և Ասիան, ստեղծել են մի շրջանակ, որում այլ երկրներ գտնվում են կախյալ վիճակում՝ կախված ռուսական էներգետիկ ռեսուրսների չափից: Ի վերջո, այս էներգետիկ կախվածությունը Մոսկվային լծակ է ընձեռում՝ ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում և իր ազդեցության տակ պահելու «մերձավոր արտասահմանը»: ԵՄ-ում չկա որևէ  էներգետիկ շուկա, որի շրջանակում ներկրված էներգիան բոլոր անդամների համար սահմանվի նույն գնով: Միասնական շուկայի բացակայությունը Մոսկվային հնարավորություններ է ընձեռում ԵՄ-ը պահել կախյալ վիճակում: Ներկայումս ԵՄ 28 անդամ երկրներից 18-ի կողմից օգտագործվող գազի ընդհանուր ծավալի առավել քան 50 տոկոսը կախված է ռուսական գազի ներկրումից (Եվրոստատ, 2019թ.):

Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Ռուսաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների կիրառմանը՝ որպես Եվրոպայում արտաքին քաղաքական նպատակներին հասնելու միջոց: Հիմնականում կանդրադառնանք Ռուսաստանի համար «մերձավոր արտասահման» համարվող եվրոպական պետություններին: Հիմնական շեշտը դնելով Ուկրաինայի վրա՝ կուսումնասիրենք նաև Հայաստանի, Բելառուսի և Մոլդովայի նախադեպերը: Ի վերջո, տարբեր օրինակների միջոցով կհաստատվի, որ Ռուսաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները որպես արտաքին քաղաքականության գործիք՝ ստիպելու ոչ դաշնակիցներին գործել Մոսկվային համարժեք:

ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ (ԹԵ՞ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ)

 Արտաքին քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները թե՛ պաշտպանողական և թե՛ հարձակողական նպատակներով: Այսինքն այն կարող է կիրառվել թե՛ պետության գործողությունների և թե՛ դրանցից հետ կանգնեցնելու համար: Նման արտաքին քաղաքականության հիմքը բնական գազ (կամ նավթ) արտադրող երկրի (Ռուսաստան) և էներգիա մատակարարվող երկրի/երկրների միջև կախվածությունն է: Բնական գազի պարագայում ներգրավված են տարանցիկ երկրներ (որտեղով անցնում է գազատարը) ևս, որոնք նույնպես կարող են ներազդվել:

Էներգիայի օգտագործումը, որպես արտաքին քաղաքականության գործիք, պաշտպանողական նկատառումներից ելնելով, պարտադիր չէ, որ միշտ շահեկան լինի բոլոր երկրների համար: Այն կարող է կիրառվել՝ ցույց տալու դաշնակիցներին, որ նրանք, ի տարբերություն ոչ դաշնակից երկրների, ավելի լավ են գործակցում Ռուսաստանի հետ, և նրանց նավթի գինը ոչ դաշնակիցների համեմատ չափազանց բարձր չէ: Ի հավելումն, Ռուսաստանը թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումներով խորքային հարաբերություններ է հաստատել եվրոպական մայրցամաքի վերջնական սպառող հիմնական երկրների հետ: Այս հարաբերությունները եվրոպական երկրներին թույլ չեն տալիս կոշտ տնտեսական պատժամիջոցներ սահմանել էներգետիկ դաշտում 2014թ. Ռուսաստանի՝ Ղրիմի բռնակցումից հետո: Ռուսաստանն էներգիայի մատակարարմամբ ապահովում է Եվրոպայի անվտանգությունը, և այն դարձել է առանցքային եվրոպական պետությունների արդյունավետ գործունեության համար: Ավելին, քանի որ Ռուսաստանը հիմնական և ամենավստահելի էներգետիկ գործընկերն է, Եվրոպան ռիսկի չի գնա հրահրելու/սադրելու Ռուսաստանին:

 «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ, ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ» ՄՂՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Ներկայումս Մոսկվան, Չինաստան տանող գազամուղ կառուցելով (Սիբիրի ուժ), ձգտում է դեպի Արևելք (Ֆոյ, 2018թ.): Այս խողովակաշարը կապում է Ռուսաստանին և մեկ այլ գազի խոշոր սպառողին, իսկ Ռուսաստանին թույլ կտա նվազեցնել իր կախվածությունը Եվրոպայից: Սա, իր հերթին, կարող է հանգեցնել Ռուսաստանի՝ էներգետիկ ռեսուրսները որպես հարձակողական արտաքին քաղաքականության գործիք կիրառելուն Եվրոպայի նկատմամբ առանց հետագա տնտեսական պատժամիջոցների վտանգի էներգետիկ ոլորտում (Նոել, 2017թ.):

Պարզ ասած, քանի որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև կա փոխադարձ կախվածություն, Ռուսաստանն ի զորու չէ իր էներգետիկ ռեսուրսներն ամբողջ ծավալով օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: Վերջինս երբեք չի ընդունի, որ իր՝ էներգետիկ ոլորտում նախաձեռնած քայլերը քաղաքական մղումներով են եղել: Նրա էներգետիկ մագնատները միշտ կարդարացնեն իրենց գործողությունները որպես առևտրային, չնայած հաշվի առնելով գնային տատանումներն ու մատակարարման խափանումները՝ քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են դառնում (Կորտեվեգ, 2018թ.):

Օրինակ, «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը Գազպրոմի կողմից ներկայացվում է բացառապես որպես առևտրային, որպեսզի հետ չմնա Եվրոպայում բնական գազի պահանջարկից: Այնուամենայնիվ, արևելյան Եվրոպայի երկրները դա տեսնում են (մասնավորապես՝ Լեհաստանը և Ուկրաինան) որպես եվրոպական երկրների նկատմամբ Ռուսաստանի ազդեցության մեծացում և Ուկրաինայի տարածքով գազամատակարարման դադարեցում՝ իր հերթին վնաս պատճառելով Ուկրաինայի տնտեսությանը:

Մեկ այլ օրինակ է Ռուսաստանի կողմից դեպի Չեխիա նավթի մատակարարման ծավալների 2008թ. նվազեցման արդարացումը՝ որպես տեխնիկական խնդիր: Մինչդեռ Պրահան վստահ էր, որ դա կապված էր Չեխիայի այդ ժամանակ կայացրած որոշման հետ՝ թույլ տալու ամերիկյան հակահրթիռային ռադարային համակարգի տեղակայումը երկրում. գաղափար, որին դեմ էր Ռուսաստանը (Կրամեր, 2008թ.):

ՀԻՆ Ու ԼԱՎ ԸՆԿԵՐ ՈւԿՐԱԻՆԱՆ

Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանը տեսավ այն պետություններին, որոնք դեռ գտնվում էին Մոսկվայի ազդեցության տակ: Վերջինս նավթի և գազի գայթակղիչ առաջարկներ արեց, ինչը համեմատաբար ավելի թույլ պետություններին  դժվար կլիներ մերժել: Սա Մոսկվային թույլ տվեց խթանել համագործակցություններ, որոնց շրջանակում երրորդ երկրները կախվածություն էին ձեռք բերում (Կորտեվեգ, 2018թ.): Երբ նման հարաբերություններ էին հաստատվում, այն սկսում էր պտուղներ տալ Ռուսաստանին տնտեսական և քաղաքական ձեռքբերումների միջոցով: Նա հիմնականում դա անում էր էներգիայի սակագների կարգավորումների միջոցով: Վերջինս քաղաքականապես ամենանվիրված պետություններին բնական գազ տրամադրում էր ամենաէժան գնով (տե՛ս, նույն տեղում):

Այնուամենայնիվ, երբ որևէ երկիր չի բավարարում Ռուսաստանի քաղաքական ցանկությունները, նա փոփոխում է գազի գինը և զրկում զեղչերից: Դրա ականատեսը եղանք հետսովետական երկրներում՝ Բելառուս, Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա: Ինչպես Մոսկվան է անվանում, այս պետությունները «մերձավոր արտասահման» են, և այս էներգետիկ ռազմավարությունների մղման հիմնական պատճառը ցույց տալն է, թե որքան կախյալ են այս պետությունները Ռուսաստանից: Այս բոլոր երկրներից և ԵՄ-ից գանձվում են տարբեր սակագներ, ինչը երբեմն չի կարող բացատրվել հեռավորության և/կամ ծավալների տնտեսական ցուցանիշներով (տե՛ս, նույն տեղում):

Ուկրաինայի դեպքը դիտարկելիս պարզ է դառնում, որ գազի սակագներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված են եղել տվյալ ժամանակաշրջանի նախագահի քաղաքական հայացքներից: Լեոնիդ Կուչմայի նախագահության տարիներին (1994-2004թթ.) Ուկրաինան լոյալ էր Մոսկվային, և գազի սակագները բավականին ցածր էին ($50 հազար խմ դիմաց)՝ համեմատած եվրոպական և արևմտամետ այլ երկրների ($79-$99 հազար խմ դիմաց) (Թարր, 2010թ.): Ցածր սակագների դիմաց Ռուսաստանը քաղաքական սատարում էր պահանջում: 1995թ. Կուչման ռուսական նավատորմին հավանություն տվեց օգտագործել Սեվաստոպոլը և Ղրիմը որպես ռազմածովային բազաներ, իսկ Ռուսաստանը չեղարկեց ուկրաինական $700 միլիոն գազի պարտքը (Էրլանգեր, 1995թ.): Այնուամենայնիվ, Մոսկվայի և Կիևի միջև այս «ընկերական» հարաբերությունները երկար չտևեցին:

2005թ. արևմտամետ Վիկտոր Յուշչենկոն դարձավ Ուկրաինայի նախագահ: Հետևաբար, Յուշչենկոն կողմնակից չէր ուկրաինական ջրերում ռուսական նավատորմի տեղակայմանը և միտված էր ինտեգրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Վ. Պուտինը նշեց, որ Կիևը «կարող էր ավելի սերտ դաշինք փնտրել և շրջվել դեպի Ռուսաստան, բայց նա պետք է հասկանա, որ եթե նա դա աներ, Ռուսաստանը որևէ պարտավորվածություն չուներ շարունակելու սուբսիդավորել էներգիայի մատակարարումներն Ուկրաինա» (Գոլդման, 2010թ.):

Ի պատասխան, 2005թ. ռուսական պետդուման մի բանաձև ընդունեց, համաձայն որի՝ ԱՊՀ անդամ երկրները պետք է գազի համար շուկայական գներ վճարեն: Արդյունքում, Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը եռակի բարձրացրեց՝ հետագայում սահմանելով $230 հազար խմ դիմաց: Ուկրաինան չընդունեց գազի գնի այս բարձրացումը, և այսպիսով, ձմռան կեսին Մոսկվան դադարեց Ուկրաինային գազ մատակարարել (Սթերն, 2006թ.): 3 օր առանց գազամատակարարման մնալուց հետո Կիևը և Մոսկվան, ի վերջո, համաձայնության եկան, և գազի հոսքը վերականգնվեց: Սա ցույց է տալիս, որ եթե Կիևը քաղաքականապես լոյալ մնար Մոսկվային, նա կխուսափեր գազի սակագնի բարձրացումից և մատակարարման խափանումից: Այնուամենայնիվ, այս իրավիճակը չհուսահատեցրեց Յուշչենկոյին ԵՄ ինտեգրվելու հարցում:

2008թ. Մոսկվան բարձրացրեց ուկրաինական գազի մատակարար «Նաֆտոգազ» ընկերության՝ Գազպրոմին $2.4 միլիարդ պարտքի հարցը: Ի հավելումն, այդ տարի Կիևը ևս աջակցեց Վրաստանին Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմում: Այսպիսով, ձմեռը կրկին Ռուսաստանի համար ճիշտ ժամանակն էր Ուկրաինային գազամատակարարումից զրկելու համար: Նախ, Ռուսաստանը նվազեցրեց Ուկրաինա մատակարարվող գազի ծավալը, սակայն, վերջինս սկսեց գազ ներկրել տարանցիկ խողովակաշարերից, որոնք եվրոպական շուկայի համար էին: Այն զգալիորեն նվազեցրեց Եվրոպա մատակարարվող գազի ծավալները, իսկ այնուհետև Ռուսաստանը դադարեցրեց Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը՝ թողնելով Եվրոպան ցրտի մեջ՝ լիարժեք գիտակցելու համար իր էներգետիկ խոցելիությունը:

Իրավիճակը փոխվեց 2013թ., երբ Վիկտոր Յանուկովիչը մերժեց ԵՄ առևտրային գործարքը: Արդյունքում, Ռուսաստանը համաձայնեց Կիևին տրամադրել $15 միլիարդ վարկ և երկու անգամ նվազեցրեց գազի սակագինը (WPJ, 2014թ.): 2014թ. Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից և Մոսկվայի ու Կիևի միջև էլ ավելի աճող լարվածություններից հետո Գազպրոմն Ուկրաինայում սկսեց բարձրացնել գազի սակագները: 2014թ. ապրիլի 3-ին այն հասավ $485 հազար խմ դիմաց, ինչն այդ ժամանակ ավելի բարձր էր, քան շատ եվրոպական երկրների համար, որոնց գազ մատակարարվում էր Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով (Բուրմիստրովա և Զինեես, 2014թ.):

Երկու ամիս անց Գազպրոմը պնդեց, որ Կիևն ունի $4.5 միլիարդ պարտք, ինչը վերջինս չի վերադարձրել և, հետևաբար, դադարեցրեց Ուկրաինա գազամատակարարումը: Սա համընկավ նորընտիր արևմտամետ Պետրո Պորոշենկոյի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, ինչը նշանակում էր՝ վերջ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետագա հնարավորությանը: Գազպրոմը գազի գնի տատանումները դասակարգեց առևտրային պայմաններով: Համաձայն Մոսկվայի՝ գնաճ տեղի ունեցավ երկու չեղարկված զեղչերի պատճառով՝ Սեվաստոպոլը որպես ռազմածովային բազա օգտագործելու վճարը և Յանուկովիչի՝ ԵԱՏՄ-ում որպես դիտորդ անդամակցելու համաձայնությունը: Նա արդարացրեց, որ Սեվաստոպոլն այլևս Ուկրաինայի մաս չէ, այնպես որ կարիք չկար որևէ վճար տալու, և քանի որ Ուկրաինան այլևս ԵԱՏՄ (դիտորդ) անդամ չէր, նա չէր կարող օգտվել նույն առավելություններից, ինչ անդամ երկրները:

ՓԱԿՈՒՂԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի «մերձավոր արտասահմանի» մեկ այլ օրինակ է Բելառուսը, որը զգալի կախվածություն ունի ռուսական էներգիայից, և ում նկատմամբ Ռուսաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները որպես «մտրակ և բլիթ»: Բազմիցս այն եղել է լոյալ Ռուսաստանին և ծառայել է որպես վստահելի տարանցիկ ճանապարհ ռուսական էներգետիկ ռեսուրսները Եվրոպա տեղափոխելիս: Այս լոյալությունից բացի Մոսկվան միշտ ցանկացել է վերահսկել բելառուսական էներգիայի տարանցիկ ենթակառուցվածքը, ինչը հանգեցրեց քաղաքական էներգետիկ մտրակների կիրառմանը Բելառուսի նկատմամբ: 2004թ. ձմռանը Բելառուսը մեկ օրից ավելի մնաց առանց գազի, ինչը շղթայական ազդեցություն թողեց բալթյան երկրների վրա ևս: Ռուսաստանը սա արդարացրեց որպես Բելառուսի՝ պարտքի մարման քայլի դեմ նախաձեռնած միջոց, իսկ բելառուսական կողմից սա դիտարկվում էր որպես բելառուսական գազի օպերատորի՝ «Բելտրանսգազի» վերահսկման քաղաքական քայլ (Լարսսոն, 2006թ.):

Այնուամենայնիվ, Ռուսաստանն այլ մոտեցում կիրառեց և Բելառուսի համար սահմանեց գազի ցածր սակագներ: 2006թ. այն գումարը, որ Բելառուսը վճարեց ներկրված ռուսական գազի համար համարյա այնքան ցածր էր, որքան ներքին ռուսական գներն էին ($46 հազար խմ դիմաց): Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձեց երկու մոտեցումներն էլ՝ գայթակղել «բլիթով» ու ուժի կիրառման մեթոդով, և առաջինի տապալման դեպքում նա կիրառում էր երկրորդը՝  «Բելտրանսգազը» վերահսկելու համար: Գազպրոմը հայտարարեց, որ այն պատրաստվում է բարձրացնել գները Բելառուսի համար համաշխարհային շուկայի գների հիման վրա, ինչպես նաև նա մեղադրեց Մինսկին $400 միլիոն պարտքը չվճարելու մեջ: 2006թ. վերջին Մոսկվան և Մինսկը համաձայնության եկան, որ Բելառուսը կսկսի վճարել գազի համար ԵՄ գներով, 5 տարի ժամկետով: Ի հավելումն, Բելառուսը համաձայնեց «Բելտրանսգազի» 50% բաժնեմասը վաճառել Գազպրոմին: Ավելին, 2011թ. ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Բելառուսը «Բելտրանսգազի» մյուս կեսն էլ վաճառեց Գազպրոմին՝ այսպիսով ռուսական ձեռքը հանձնելով երկրի ամենամեծ գազային ընկերությունը և գազի տարանցման հնարավորությունը։

2016թ. Մոսկվան Բելառուսի համար ավելի բարձր գազի սակագին սահմանեց: Այնուամենայնիվ, քանի որ Բելառուսը ԵԱՏՄ անդամ էր, նա հրաժարվեց վճարել ավելին, քան սահմանված ռուսական ներքին գներն էին: Այսպիսով, Մինսկը սկսեց $132 ի փոխարեն հազար խմ-ի դիմաց $73 վճարել: Ուստի Ռուսաստանը մեղադրեց Մինսկին $726 միլիոն պարք կուտակելու մեջ: Մինսկը ռուսական էներգիայի տարանցիկ գոտում բարձրացրեց սակագները և սկսեց այլընտրանքային մատակարարներ փնտրել (օրինակ՝ Ադրբեջան, Իրան), չնայած դրանք ռուսական գազի սահմանված ամենաբարձր գնից էլ թանկ էին: 2017թ. Մինսկը և Մոսկվան պայմանագիր կնքեցին, որով հաստատվեց, որ Մինսկը պետք է վճարի $130 հազար խմ դիմաց և մարի $700 միլիոն պարտքը: Հետագայում Մինսկն այլևս չփնտրեց էներգետիկ ռեսուրսների այլնտրանքային աղբյուրներ:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎՍ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ

Ուկրաինայից և Բելառուսից բացի ռուսական գների տատանումները ժամանակ առ ժամանակ ազդեցություն են թողնում Հայաստանի և Մոլդովայի վրա նույնպես: 2006թ. նշված երկուսը ևս ներառված էին այն երկրների ցանկում, որոնց համար գազի սակագները բարձրացվել էին, նույնիսկ կրկնապատկվել տարբեր պատճառներով: Մոլդովայի դեպքում Ռուսաստանի արդարացումն այն էր, որ նա պարտքեր է կուտակել և չի մարում դրանք: Այնուամենայնիվ, ավելի հավանական է, որ Ռուսաստանի գնային այս բարձրացումն ուղղված էր ճնշում գործադրելու Քիշնևի նկատմամբ՝ կապված Մերձդնեստրյան դե ֆակտո պետության հետ (ղեկավարվող ռուսախոսների կողմից) և հիշեցնել Մոլդովային Ռուսաստանից կախվածություն ունենալու մասին (Լարսսոն, 2006թ.):

Նույն տարում Երևանն իր 30կմ երկարությամբ գազատարը վաճառեց Գազպրոմին: Հայաստանն էներգիա ստանալու երկու ճանապարհ ունի՝ հյուսիսից՝ Ռուսաստանից և հարավից՝ Իրանից: Այս խողովակաշարի ձեռքբերմամբ Ռուսաստանը ղեկավարում էր դեպի Հայաստան մատակարարման ուղիների  կեսը: Հետագայում Մոսկվան կրկնակի բարձրացրեց գազի սակագինը ($110 հազար խմ դիմաց), սակայն նոր սակագինն ավելի ցածր էր այն արժեքից, ինչը միջինում վճարում են եվրոպական երկրները (Կրամեր, 2006թ.): Ամբողջովին ցամաքով շրջապատված Հայաստանը զգալի կախվածություն ունի ռուսական էներգամատակարարումներից՝ չնայած նա որոշ քանակություն ստանում է Իրանից: Նա այն երկրներից մեկն էր, որ Ռուսաստանն օգտագործեց իր էներգետիկ ռեսուրսները՝ գայթակղելու համար ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակով:

2013թ. երբ Երևանը երկմտում էր անդամակցել Միությանը, թե ոչ, Մոսկվան գազի գինը բարձրացրեց $180-ից $270 հազար խմ դիմաց: Մինչդեռ Ռուսաստանի գլխավորած միությանն անդամակցելուց հետո գազի սակագինը նվազեց $190 հազար խմ դիմաց (The Economist, 2015): Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի նախադեպերը կասկած չեն թողնում, որ ռուսական էներգետիկ ռեսուրսների սակագները սահմանվում են քաղաքական բանակցություններով, այլ ոչ թե զուտ տնտեսական հաշվարկներով կամ շուկայական մեխանիզմներով: Զեղչերը ռուսական էներգետիկ ռազմավարության մասն են կազմում, և որքան լոյալ է պետությունը, այնքան մեծ են զեղչերն էներգետիկ ռեսուրսների համար և հակառակը: Զեղչերը սահմանվում և չեղարկվում են Մոսկվայի կամքով, այնուամենայնիվ, զեղչերի շրջանում մեծ պարտքեր են կուտակվում, որոնք հետագայում կարող են օգտագործվել կառավարության վրա որոշակի ճնշում գործադրելու համար:

 ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ  

Եզրափակելով, այս հոդվածը ցույց տվեց, որ ռուսական գազի գնի տատանումները միայն առևտրային մղումներով չեն, այլ ժամանակ առ ժամանակ քաղաքական ենթատեքստ ևս պարունակում են: Ռուսաստանը տարբեր երկրների կառավարություններին ճնշում է մի քանի միջոցներով՝ վերահսկելով էներգետիկ ենթակառուցվածքը, դադարեցնելով գազամատակարարումը (սովորաբար ցուրտ ձմռանը), կառուցելով այլընտրանքային տարանցիկ ուղիներ և պահանջելով պարտքեր, որոնք կուտակվում են սահմանված զեղչերը «վայելելիս»: Այս բոլոր օրինակները, որ Մոսկվան իր էներգետիկ ռեսուրսներն օգտագործում է որպես արտաքին քաղաքականության գործիք, քննարկվեցին այս հոդվածում։ Մոսկվայի արդարացումները միշտ հավանական իրողություններից տարբեր են:

Ի վերջո, հենց այդ «էներգետիկ բլիթը», որ Մոսկվան տրամադրում է հավատարմության փոխարեն, ավելի խորը կախվածություն է ստեղծում և հեշտորեն կարող է օգտագործվել Մոսկվայի քմահաճույքով:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ 

  1. Burmistrova S. and Zinets N. 2014. “Russia raises gas prices for Ukraine by 80 per cent”, [Accessed: 10 Jan. 2019]
  2. 2019. Energy imports dependency [Accessed 12 Jan. 2019]
  3. Erlanger S. 1995. Russia and Ukraine settle dispute over Black Sea fleet. New York Times archive, p.3
  4. Foy H. 2018. “Russia’s $55bn pipeline gamble on China’s demand for gas”, Financial Times. [Accessed 11 Jan. 2019]
  5. Goldman M.I. 2010. Petrostate: Putin, Power and the New Russia, Oxford University Press, p. 144.
  6. Kramer A. 2006. “Resolving a Supply Dispute, Armenia to buy Russian Gas”, New York Times. [Accessed 10 Jan. 2019]
  7. Kramer A. 2008. “Russia: Czech oil supply will be restored”. New York Times [Accessed 11 Jan. 2019]
  8. Larsson L. 2006. Russia’s Energy Policy: Security Dimensions and Russia’s Reliability as an Energy Supplier, FOI – Swedish Defense and Research Agency, Stockholm, pp. 223-7
  9. Noël P. 2017. “The Power of Siberia natural gas project: commercial or political?”, IISS. [Accessed 12 Jan. 2019
    10.Stern J. 2006. “The Russian-Ukrainian gas crisis of January 2006”, Oxford Institute for Energy Studies, p.7
    11.Tarr D. 2010. “The Crucial Role for Competition in the Russian Gas Market: Implications for Russia and Europe”. International Association for Energy Economics. Fourth Quarter,34
    12.The Economist. 2015. “Gazprom cuts wholesale gas price”, Economist Intelligence Unit. [Accessed 11 Jan. 2019
    13.2014. “Ukraine, a cash-strapped country, needs an outside financial assistance”, World Politics Journal [Accessed 13 Jan. 2019]

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Արման Գյուլգազյան

Լոնդոնի թագավորական համալսարան

Քաղաքական տնտեսագիտության բակալավր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829