Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Գյումրու թիվ 19 դպրոցում․ վերականգնված տնօրենը ներս մտավ ոստիկանների ուղեկցությամբ

Փետրվար 25,2020 15:35

Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում լարված իրավիճակ է ստեղծվել․ կաթվածահար է եղել է դասապրոցեսը․ երեկվանից այստեղ գործադուլ ու դասադուլ է, կոլեկտիվի անդամները բողոքով այցելել են թե՛ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, թե՛դատախազ Կարեն Գաբրիելյանին։

Բանն այն է, որ դատական կարգով՝ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի վճռով իր պաշտոնում է վերականգնվել նախկին տնօրենը՝ Նարինե Մեսրոպյանը, որի պաշտոնավարմանը, սակայն, դեմ են կոլեկտիվի անդամները։ Նրանք մեզ հետ զրույցում նշում էին, որ նրա օրոք բարոյահոգեբանական մթնոլորտը փչացել էր, կար վախի մթնոլորտ, այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ հին տնօրենը նորից պաշտոնավարի։ Նրանք անգամ ստորագրահավաք էին կազմակերպել, որն ուղղել էին Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ շեշտելով բարոյահոգեբանական մթնոլորտի պահը։

Նշենք, որ մոտ 13 տարի դպրոցը կառավարած Նարինե Մելքոնյանը պաշտոնից ազատվեց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ անցած տարվա փետրվարի 1-ին՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ուղարկած միջնորդագրով։ Դատախազը տնօրենին պաշտոնանկ անելու համար որպես հիմք ընդունել էր հարուցված քրեական գործը, որի մեջ ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։

Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։

Դատախազը դպրոցի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ «տնօրենի ու փոխտնօրենի հետագա պաշտոնավարումը կհեղինակազրկի հանրակրթության ոլորտը»՝ միջնորդել էր պաշտոնազրկել նրանց։

Դատախազի միջնորդագիրը քննարկվել էր ու այդ ժամանակ դեռ նոր մարզպետ նշանակված Տիգրան Պետրոսյանն անվստահություն էր հայտնել Նարինե Մեսրոպյանին։ Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, տնօրեն նշանակվել էր Արտակ Մարտիրոսյանը։

Այսօր Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պաշտոնյաները՝ Հրայր Կարապետյանն ու Գևորգ Ղումաշյանը իր պաշտոնում վերականգնված Նարինե Մեսրոպյանին ուղեկցեցին դպրոց՝ փաստաթղթերի ընդունում-հանձնում կատարելու ու նրան կոլեկտիվին մեկ անգամ ևս ներկայացնելու։ Նարինե Մեսրոպյանը ներս մտավ բավական մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ, կոլեկտիվի անդամները, որոնք միջանցքում կանգնած էին, նրան դիմավորեցին լուռ՝ ոչ մի արձագանք չտալով։

Կոլեկտիվի անդամները հավաքվեցին սպորտդահլիճում, երբ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն առաջարկեց Նարինե Մեսրոպյանին նորից ներկայացնել, բոլորը դեմ կանգնեցին՝ նշելով, որ չեն ուզում հանդիպել նրան։
Նարինե Մեսրոպյանը չցանկացավ հարցազրույց տալ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ հույս հայտնեց, որ հարցը շուտ կկարգավորի, փաստաթղթերի ընդունում-հանձնում կատարելուց հետո տնօրենի հետ որոշակի քայլեր կպլանավորեն, որպեսզի դասապրոցեսն արագ վերականգնվի։

Հրայր Կարապետյանը նշեց, որ ամեն րոպե ուշադրության ու հսկողության տակ կպահեն դպրոցը, հետևաբար և վախի մթնոլորտ, որից դժգոհում է կոլեկտիվը, չի կարող լինել։

Այսօր կոլեկտիվի անդամներից շատերը գրեթե չէին շփվում լրագրողների հետ, փոխարենը դպրոցի իրավիճակի մասին խոսեց ծնողխորհրդի նախագահ Նարինե Դավթյանը։

Նա ասաց, որ կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրը մի խնդիր ունեցել է Նարինե Մեսրոպյանի հետ։ Նա նաև ասաց, որ ըստ իրեն հասած բողոքների, տնօրենը նյութական ակնկալիք է ունեցել աշխատակիցներից, աշխատավարձերից հետպահումներ է անել։ Ծնողներից մեկն էլ նրան պատմել է, որ դպրոցում որպես հավաքարար աշխատող իր աղջկան ավելով ծեծել են դպրոցում, քանի որ տնօրենը ցանկացել է աշխատավարձից փող պահել, սակայն նա չի տվել։ Ի դեպ, ճշտեցինք, որ այս մասին կոլեկտիվի անդամներից և ոչ մեկը կոնկրետ բողոք չի ներկայացրել իրավապահ մարմիններին։

Նշենք, որ հարուցվել է երկրորդ քրեական գործը, մեղադրանքի հիմքում պաշտոնական կեղծիքն ու տարբեր չափերի գումարների վատնում է: Ըստ քրգործի, տնօրենը անձանց է ձևակերպել աշխատանքի, որոնք սակայն չեն հաճախել ու աշխատավարձ են ստացել։

Նոր քրգործը երեք դրվագ է, վաղն առաջին դատական նիստն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Datalex.am համակարգում տեղադրված է հետևյալը․  «Իզաբելա Մեսրոպյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, օժանդակել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱ կազմակերպության տնօրեն Նարինե Մուշեղի Մեսրոպյանի կողմից շահադիտական դրդումներով կեղծ փաստաթղթեր կազմելուն և պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով դպրոցին հատկացված խոշոր չափերով՝ ընդհանուր 850.223 ՀՀ դրամ գումարը մեկ միասնական դիտավորությամբ վատնման եղանակով հափշտակելուն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829