Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե մենք ունենանք 1 դժբախտ դեպք, ես քուն ու դադար չեմ ունենա». Արագածոտնի մարզպետ

Փետրվար 25,2020 14:58

Արագածոտնի մարզում արդեն իսկ փակվել են Արագածի, Ծաղկահովիտի եւ Արտենիի ծննդատները: Այս մասին այսօր հայտնեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը: Մարզպետն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու անցած տարվա աշխատանքները: Նա ասաց, որ Արագածի ծննդատունը բնական ճանապարհով արդեն իսկ փակվել էր եւ այնտեղ վաղուց ծնունդներ չէին լինում: Ըստ մարզպետի, փոխարենը խոշորացված Ապարան համայնքն ունի վերանորոգված, սարքավորումներով հագեցած հիվանդանոց եւ տրամաբանական չէ պետբյուջեից սնվող երկրորդ ծննդատունը պահել նույն տարածքում: Մարզպետի ներկայացմամբ՝ Արագածի ծննդատանը տարեկան 40-50 ծնունդ էր լինում, այսինքն` բժիշկներն ամսվա մեջ 4 ծնունդ էին ընդունում։ Դավիթ Գեւորգյանի կարծիքով, լավագույն մասնագետներն այդ պայմաններում իրենց որակները կկորցնեն։ Նրա խոսքով, մասնագետների խնդիր էլ կա եւ ոչ ոք չի ուզում առաջարկվող վարձատրությամբ աշխատել մարզում. «Եթե մենք ունենանք 1 դժբախտ դեպք, ես քուն ու դադար չեմ ունենա»:

Այն մտահոգություններին ի պատասխան, թե արդյոք հեռո՞ւ չեն փակվող ծննդատների փոխարեն առաջարկվող ծննդատները` մարզպետն ասաց, որ հեռավորությունը շատ չէ։

Ըստ նրա, քննարկում են Արտենիում ունենալ մեկ շտապօգնության մեքենա, որ անհրաժեշտության դեպքում շտապ տեղափոխեն Թալինի հիվանդանոց: Ծաղկահովիտում 2020-23 թվականների ծրագրով զրոյից կառուցվելու է նոր առողջության կենտրոն:

Մարզում նոր առողջության կենտրոններ են բացվել եւ ըստ մարզպետի՝ բնակիչները ստիպված չեն լինում հասնել մայրաքաղաք:

Արագածոտնի մարզում էլ մինչեւ հիմա կային երկրաշարժից տուժած անտուն ընտանիքներ, որոնք 30-ն էին: Անցյալ տարի 15 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, այս տարի էլ՝ 7 ընտանիք կստանա: Մարզպետի տվյալներով, ութ ընտանիքի ֆինանսական օգնություն է տրամադրվել, որ ավարտին հասցնեն իրենց կիսակառույցները:

Դավիթ Գեւորգյանն անդրադառնալով մարզի դպրոցների ջեռուցման խնդիրներին, ասաց, որ իրենց մարզում այլեւս չկան դիզելային վառելիքով ջեռուցվող դպրոցներ: Նախկինում այդ եղանակով էր ջեռուցվում շուրջ 30 դպրոց, սակայն անցյալ տարվանից սկսած դպրոցներն անցել են էլեկտրականությամբ կամ լոկալ ջեռուցման համակարգերի: Ծրագրում են աստիճանաբար անցում կատարել արեւային պանելներով ջեռուցմանը եւ մեկ դպրոց արդեն արեւային էներգիայով է ջեռուցվում:

Մարզում 20 խոշոր եւ միջին բիզնես-ծրագրեր կիրականացվեն: Մարզպետն ասաց, որ չի եղել մի ներդրող, որը ցանկացել է մարզում հողակտոր գտնել եւ չի գտել, կամ նրան չեն լսել ու ընդունել. «Խոշոր մի քանի ծրագիր կա, որոնց արդյունքում 500 նոր աշխատատեղ կբացվի՝ 100 միլիոն դոլարից ավելի ներդրումներով: Դեղերի արտադրություն է լինելու, ջերմոցային տնտեսություններն են ակտիվ զարգանում, մարզում գինեգործական գործարանները մեծացնում են իրենց ծավալները հիմնականում Աշտարակի տարածաշրջանում: Սասունիկ եւ Օշական համայնքները բավականին գրավիչ են շարունակում մնալ գինեգործությամբ զբաղվողների եւ այն մարդկանց համար, որոնք ցանկանում են զբաղվել: Անցյալ տարվա սկզբին երկու, լուրջ հաջողությունների հասած մարդիկ արտերկրից, ինձ հանդիպել են եւ ցանկություն են հայտնել երկու նոր գինու գործարան բացել հենց այդ հատվածում: Մենք ցույց ենք տվել տարածքներ, հիմա նրանք մտածում են սկսել»:

Դավիթ Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ ճանապարհաշինության ոլորտում էլ երկու գործարար են ցանկություն հայտնել ասֆալտի գործարան հիմնել՝ հաշվի առնելով երկրում սկսված ճանապարհաշինության բումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829