Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ Արցախի Հանրապետություն. նոր իրողության ձեւավորման ճանապարհին

Փետրվար 25,2020 22:00

Փետրվարի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը, որը համախանախագահում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Բակո Սահակյանը։

Քննարկումը հաջորդեց Ադրբեջանում «ընտրությունների» ավարտին, Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը եւ հրապարակային բանավեճին, ինչի հետ կապված արձանագրվեցին ապատեղեկատվական եւ մանիպուլյացիոն բնույթի գրոհներ։ Այդ հոսքերը սնուցվում էին հայկական կողմի մեղմասացություններից, կառուցողականության հարթության վրա արված հայտարարություններից, որոնց կարելի է դիտարկել նաեւ «տարընթերցումների» դիրքերից եւ մեկնաբանել ըստ սեփական հայեցողության, եւ իհարկե, որոշ ընդդիմախոսների բացառիկ անպատասխանատվությունից եւ քաղաքական կուրությունից, ուստի անհրաժեշտություն կար այդ ամենում հստակություն մտցնելու։

Վարչապետ Փաշինյանը նույն օր Մյունխենում, Ալիեւի հետ դեբատներից հետո, այդ անհրաժեշտ հստակությունը մտցրեց («Մյունխենյան սկզբունքներ» վերնագրած վեց կետերը), բայց ոչ ամբողջությամբ, մասնավորապես, հայկական կողմի ամբողջական պատկերացումը Արցախի ապագայի վերաբերյալ անհրաժեշտություն ուներ հստակեցման, եւ ստեփանակերտյան հանդիպումն ընձեռեց այդ հնարավորությունը։

Փաշինյանը խոսեց Ղարաբաղյան հարցում բանակցային նոր իրողության ձեւավորման մասին, ներկայացնելով դրա անկյունաքարային տարրերը։ Նախ, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Երկրորդը, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է եւ առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում, այն է՝ «ոչինչ մեր մասին՝ առանց մեզ»։ Երրորդը, որ Արցախը եւ Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են եւ այստեղ մեր օրակարգը որեւէ ձեւով չի կարող տարանջատված եւ տարբերակված լինել, եւ սա վերաբերվում է առաջին հերթին Հայաստանի եւ Արցախի Զինված Ուժերի արդիականացմանը, վերազինմանը, պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանը, նոր մակարդակի հարաբերությունների հաստատմանը։ Չորրորդը, որը շեշտվեց Արցախի առաջիկա համապետական ընտրությունների համատեքստում, որ արդեն տարիներ առաջ ժողովրդավարության մակարդակն Արցախում անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարեւան Ադրբեջանում, ինչը եւս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։ Հինգերորդը, որ մեր անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է, որ տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված Ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար։ Վեցերորդը, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում եւ մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, եւ այդ իմաստով արձանագրվում է, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլեւ ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ գլոբալ անվտանգության ապահովման առումով։

Վերը շարադրվածը գալիս է հստակորեն հիմնավորելու մի բան. Արցախի «վերադարձը» Ադրբեջան այն ամենից հետո, ինչը տեղի է ունեցել անցած երեսուն եւ ավելի տարիների ընթացքում, բացառվում է։ Եվ բանակցային գործընթացն այդ իմաստով պետք է կառավարելիության հունի մեջ պահի իրադարձությունները, որոնք ունեն միայն մեկ ելք. ֆիքսել, որ Ադրբեջանը չունի եւ չի կարող որեւէ իրավունքներ ունենալ Արցախում, մանավանդ բռնի գործողությունների, մանավանդ ռազմական միջամտության։ Իսկ եթե ոմանց թվում է, թե դա կբերի ինչ-որ լուծման, ապա, ինչպես նշեց իր «Մյունխենյան սկզբունքներում» ՀՀ վարչապետը՝ մենք այդ հարցը վաղուց ենք լուծել։

Ի վերջո, ի՞նչն է Բաքվի ասածը։ Ալիեւն ըստ էության ասում է. հայե՛ր, ահա՛ ձեզ թուղթ եւ գրիչ, մեզ վերադարձրեք այն ամենը, ինչ մենք կորցրել են մեր իսկ սանձազերծած պատերազմում, իսկ եթե դուք դա չանեք, ապա մենք կսանձազերծենք նոր պատերազմ, եւ «դրա իրավունքը մենք ունենք»։ «Մեր դաշնակից» ռուսներն անցած տարիներին Ալիեւի այդ «իրավունքի» փաստարկներն ամրապնդել են հարձակողական սպառազինության աննախադեպ մատակարարումներով։ Եվ այն պնդումները, թե «եթե մենք դա չանեինք, ապա դա կանեին ուրիշները», կամ Սթոքհոլմյան համախտանիշով տառապող մեր հայրենակիցների սեգմենտի, ինչպես նաեւ պարզ գործակալների «կարծիքը», թե «մեր դաշնակիցն այդպես ավելի լավ կվերահսկի Ադրբեջանին»՝ հօդս ցնդեցին 2016-ին։ Եւ հիմա «մեր դաշնակիցը» փորձում է իր հոգեզավակ Ալիեւին լավություն անել մեր շահերի հաշվին, ինչի ուղղակի ականատեսը մենք դարձանք Մյունխենյան դեբատները դիտելիս։

Հայկական կողմերը ոչինչ չունեն «ամաչելու» իրենց՝ այլընտրանք չունեցող պատկերացումները եւ հարյուր տոկոսով լեգիտիմ նպատակները բարձրաձայնելու համար, եւ ոչ միայն առաջիկա ընտրությունների համատեքստում։ Դա հետեւյալն է. Ադրբեջանը պետք պարզապես առհավետ մոռանա Արցախի մասին եւ մտքից հանի, որ ունի այլ տարբերակ։ Հանցավոր խորհրդային ռեժիմի ստեղծած «սովետական Ադրբեջանի» նախկին տարածքում հայերը մնացել են բացառապես այնտեղ, որտեղ կա հայկական իշխանություն եւ որտեղ հայերը ձեւավորում են երկրորդ հայկական պետականությունը, եվ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում չի՛ հանդուրժելու հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի կրկնությունը, հայերը դիմադրելու են եւ ապահովելու են իրենց անվտանգ գոյության եւ զարգացման համար անհրաժեշտ միջավայրը, լինի դա «յոթ շրջան», թե «տասնյոթ շրջան»։ Այսօրվա Ադրբեջանի մնացած հատվածում այլեւս չկա հայ, այդտեղ կա միայն երազանք՝ բնաջնջել հայերին ոչ միայն Արցախում, այլեւ Հարավային Կովկասում ընդհանրապես, այդտեղ կյանքը վերածվել է միջնադարյան մոնղոլական հորդայի կանոններով «կարգավորվող» հակաքաղաքակրթության, որը դարձել է տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության գլխավոր սպառնալիք, եւ որին չեզոքացնելը՝ քաղաքակրթության պարտքն է։ Այդ առաքելության մեջ Հայաստանը եւ Արցախն ունեն եւ ունենալու են մեծ ավանդ, իսկ թե դա ինչ դրսեւորում կունենա՝ կախված է լինելու Ալիեւների հորդայի վարքից եւ մեր ջանքերից, ուղղված ներքին կյանքի բարեփոխմանը, ուղղված նրան, որ կարողանանք քաղաքակրթությանը բացատրել այլընտրանքի բացակայությունը։ Սակայն, նախ, պետք է սկսել աներկբայորեն խոսել դրա մասին. Արցախի ապագան՝ անկախ պետականությունն է եւ վերջ, այլ տարբերակները մտքներիցդ հանե՛ք։ Արցախը լի էր կանաչ այգիներով, եւ վառելուց, սեւացնելուց, հետո անունը թուրքերեն «Ղարաբաղ» դրածներն Արցախում անելիք չունեն այլեւս։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829