Ինչպե՞ս եւ որտե՞ղ պետք է բողոքարկվեն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները, երբ պարզ է, որ ՍԴ-ն իրեն վերաբերվող հարցի քննությունը չպետք է ինքն իրականացնի. այս հարցն այսօր խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորն ասաց, որ հարցը քննարկվում է հանրային շրջանակներում, ինքն այն ուղղակի փոխանցում է նախարարին:
«Անակնկալ հարց էր»,- պատասխանեց նախարարը` հավելելով, որ ՍԴ կարող են դիմել խորհրդարանական խմբակցությունները, եթե հանրաքվեի արդյունքի հետ կապված խնդիր կա. «Սա է միակ հիմքը, եթե այն կա»:
Ինչ վերաբերվում է նրան, որ ՍԴ-ն չի կարող իրեն վերաբերող նման վիճելի հարցը քննել, նախարարն ասաց` եթե կլինի դիմում, արդեն ներքին քննարկման հարց է` ինքնաբացարկ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: «Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ: Երկրորդ կոմպոնենտը նկատի ունեմ»,- ասաց նախարարը:
Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց. «Ես զարմանում եմ, պարոն Բադասյան, որ դուք սպասում էիք, թե Ձեզ պարզ հարց պիտի տամ: Ես այստեղ չեմ գտնվում Ձեզ պարզ հարցեր տալու համար» ու հետաքրքրվեց, որպես ոլորտի թիվ մեկ պատասխանատու, շահերի բախում տեսնո՞ւմ է, որ յոթ դատավորների հարցը պետք է լսեն ինը դատավորներ, որոնցից յոթն այդ ցանկում են ներառված:
Կարդացեք նաև
Ռուստամ Բադասյանը շարունակեց, որ իր համար հարցը ոչ թե պարզ ու բարդ էր, այլ անակնկալ: Ինչ վերաբերում է պատգամավորի հստակեցնող հարցին էլ՝ ասաց. «Այո, այդտեղ էլ եմ խնդիր տեսնում»:
Ի դեպ, սա միակ բարդ կամ անակնկալ հարցն էր, որը լսումների ժամանակ ուղղվեց նախարարին: Մնացյալ հարցերը խիստ մասնագիտական հարթության մեջ էին, իսկ նախարարի ներկայացրած փաթեթի վերաբերյալ առարկություններ չէին պարունակում: Մեկ դրվագով անդրադարձ եղավ դատավոր նշանակվելու տարիքային շեմի նվազեցմանը`28-ից 25, նկատի ունենալով, որ այդ տարիքում մարդը ոչ միայն գիտելիքների պակաս ունի դեռ, այլ նաեւ փորձի: Նախարարն ասաց, որ իրենք ենթադրում են, որ 25 տարեկանից դիմելու իրավունք է սահմանվում, իսկ մինչեւ թեկնածությունը հաստատվի, թե գիտելիքները, թե փորձը կհամալրվեն:
Հիշեցնենք, խորհրդարանում լսումներ են մեկնարկել`«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ