Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, տեղեկություններ չունի այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ազատությամբ փոխարինելու համար երաշխավորած անձանց ցուցակում ինչու չկա ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը:
Հիշեցնենք, որ ՀՀ երեք նախկին վարչապետեր Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը եւ Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, երաշխավորագիր են ներկայացրել:
https://www.facebook.com/aravot.am/videos/217076716082828/
Այն դատական նիստի ընթացքում դատարանին կներկայացվի առաջիկայում: «Գուցե զբաղվածությունից ելնելով, կամ ինչ-որ նկատառումներից ելնելով…»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը՝ դառնալով Հովիկ Աբրահամյանի անվան բացակայության փաստին:
Կարդացեք նաև
Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք, ըստ օրենքի, պետք է հանրային վստահություն վայելեն, ինչո՞ւ են հենց այդ անձինք ներկայացրել, Լեւոն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ձեր հարցի տողատակով ուզում եք ասել, որ նրանք չունեն հանրային վստահություն: Ես շատ շնորհակալ եմ նրանց իմ ընտանիքի անունից, որ համաձայնել են երաշխավորել: Այլ մանրամասներ չգիտեմ, թե ինչու հենց իրենք»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Լեւոն Քոչարյանը եւ եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը, հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, Լեւոն Քոչարյանը մանրամասնեց, որ որպես վկա են հարցաքննվել՝ Արմեն Թավադյանի գործով. «Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցի մասին է խոսքը: Ցուցմունք տալուց հրաժարվել ենք, քանի որ քանիցս արտահայտել ենք մեր վերաբերմունքն ու անվստահությունն այդ կառույցի, նրա պետի հանդեպ, որն անմեղության կանխավարկած է խախտում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ