Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անհրաժեշտություն լինի` Իրանի սահմանը փակելու ժամկետը կերկարացվի. Նարեկ Զեյնալյան

Փետրվար 25,2020 13:35

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի որեւէ դեպք չի գրանցվել: Հասարակության շրջանում առաջացած խուճապը, ըստ նրա, շատ ավելին է, քան իրականում պետք է. վարակի տարածման ռիսկեր կան, բայց, ըստ բանախոսի, այս պահին արվում է առավելագույնը` դրանից խուսափելու համար. «Իրան-Հայաստան սահմանին կա բժիշկ, կա մեկուսարան, որը կօգտագործվի անհրաժեշտության դեպքում։ Բեռնափոխադրում իրականացնող վարորդները հսկվում են, հետազոտվում են, եթե պետք լինի` նաեւ կհոսպիտալացվեն եւ կմեկուսացվեն»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` եթե հիվանդության գաղտնի փուլում է, քաղաքացին ստուգման է ենթարկվում եւ այդ պահին ոչինչ չի արձանագրվում ու միայն ՀՀ մուտք գործելուց հետո է հայտնի դառնում, որ նա վարակված է, ի՞նչ է արվելու այդ դեպքում: Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «Ճանապարհները բաց են, Հայաստանում գտնվող իրանցիների եւ Իրանում գտնվող հայաստանցիների համար, ու այս դեպքում վերահսկողությունը շատ ավելի բարդ կլինի, քան եզակի անձանց դեպքում։ Բայց այս պահին յուրաքանչյուր անձի զննումն իրականացվում է, տաքությունն են ստուգում, եթե հարբուխի կամ այլ նշաններ կան, որոնք բնորոշ են կորոնավիրուսին, անձն անմիջապես հոսպիտալացվում է եւ ստուգվում է`առկա՞ է արդյոք կորոնավիրուս, թե՞ ոչ»:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ երկու շաբաթն այն ժամանակահատվածն է, որից հետո կարող ենք փաստել` սահմանները փակ լինելու պայմաններում վիրուսի ներթափանցում տեղի չի ունենա. «Սահմանի փակումը ժամանակավոր է, քանի որ ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում։ Եթե անհրաժեշտ եղավ, սահմանը կշարունակի փակ մնալ, հակառակ դեպքում՝ կբացվի»։

Անդրադառնալով հայաստանյան դեղատներում հակավիրուսային դեղահաբերի թանկացման եւ բժշկական դիմակների «անհետացման»-թանկացման հարցերին էլ, այդ ամենը որակեց չհիմնավորված խուճապի արդյունք. «Քաղաքացիները բժշկական դիմակներ են պահեստավորում իրենց տներում։ Դա բացարձակ անիմաստ է, բացի այդ, դիմակը վարակվելուց 100 տոկոս զերծ չի պահում։ Բնականաբար հետեւում ենք իրավիճակին, ունենք բավականաչափ պահեստավորված դիմակներ։ Նաեւ բացառելու ենք, որ հակավիրուսային դեղորայքի եւ բժշկական դիմակի թանկացում լինի»։

Եթե այնուհանդերձ, Հայաստանում գրանցվի կորոնավիրուսի դեպք, մասնագետները պատրաստ կլինե՞ն`հարցին էլ Նարեկ Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Կորոնավիրուսից մահացության տոկոսը 2.7 է, բավականին շատ են նաեւ ապաքինման դեպքերը։ Հիմա քննարկվում են բոլոր սցենարները։ Եթե նույնիսկ Հայաստանում հայտնաբերվի վիրուսակիր, կա սխեմա, թե ինչ է արվելու, ինչպես է արվելու, քաղաքացին որտեղ է մեկուսացվելու»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829