Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ

Փետրվար 25,2020 13:21

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Պարոն Արայիկ Հարությունյանին

Ս.թ փետրվարի 23-ին Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկայում կնքվել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի Համատեղ արտադրության պայմանագիր, որով ֆիլմի Եվրոպացի գործընկերները ստանձնել են 116 մլն ՀՀ դրամի ներդրման պարտավորություն: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այս ներդրումները կարող են հանգեցնել ևս 60 մլն դրամի ներդրման մոտ ապագայում:

«Տատիկիս վարսերը» այն ֆիլմն է, որի արտադրությունը 2 տարի առաջ ապօրինի կասեցվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ԿԳՄՍ, նախկինում՝ Մշակույթի նախարարության կինոյի պատասխանատուների կողմից: Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով, որոնց վրա ցանկանում եմ հրավիրել Ձեր և հանրության ուշադրությունը:

Ս.թ Հունվարի 8-ին, ես դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Բեռլինում անցկացվող Եվրոպական կինոշուկային մասնակցելու դրամաշնորհ ստանալու նպատակով (ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11005. Աջակցություն կինոարվեստին» բաժնի «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոնախագծերին մասնակցություն» կետի համաձայն):

Փետրվարի 5-ին ստացել ենք ԿԳՄՍ նախարարության՝ Արայիկ Խզմալյանի ստորագրությամբ մերժումը, մասնավորապես՝ «կինոշուկայի մասնակցության համար հավելյալ միջոցներ նախատեսված չեն» հիմնավորմամբ: Մենք տեղեկացրել ենք գործընկերներին և ընդունել պատասխանը ի գիտություն:

Մի քանի օր անց, նախարարությունը բյուջեի նույն՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոնախագծերին մասնակցություն» կետով դրմաշնորհ է հատկացրել այլ ռեժիսորի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնին մասնակցելու համար: Ապա, նախարարությունը մեկ այլ դրամաշնորհ է հատկացրել Եվրիմաժի ՀՀ ներկայացուցչին՝ Բեռլինի կինոփառատոնին մասնակցելու համար:

Սրանով ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է մեր հիմնավոր կասկածները, որ պայքարը մեր դեմ մեկ ֆիլմի կասեցմամբ չի սահմանափակվում։ Այն վերաճել է բոլոր ճակատներով բաց հակամարտության և մերժումը պետք է ընկալել այսպես՝ «Հարգելի պարոն Գալստյան, ՀՀ բյուջեում միջոցներ նախատեսված չեն բացառապես և միայն Ձեր մասնակցության համար»:

Հարգելի պարոն նախարար, «Տատիկիս վարսերը» ֆիլմի դեմ այս արշավը որևէ տրամաբանական բացատրության չի դիմանում։ Սա, թերևս պետք է ընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պետական ապարատը ամբողջ ուժով դիմադրում է առաջընթացին» դիտարկման համատեքստում: Պատկերացրեք իրողություն, երբ Եվրոպական կինոշուկայի ՀՀ տաղավարում կնքվում է հայկական ֆիլմի Համատեղ Արտադրության Պայմանագիր: Այդ մասին գրում է Եվրոպական կինոմամուլը, դրա վրա սևեռվում է կինոշուկայի ուշադրությունը։ Համաձայնեք՝ լավ պատկեր է։ Հիմա պատկերացրեք Բեռլինալեի վրա ահռելի միջոցներ ծախսած ՀՀ պատվիրակության վերադարձը Բեռլինից առանց որևէ շոշափելի արդյունքի։ Համադրեք և կտեսնեք վարչապետի թեզի իրատեսությունը:

Այժմ վտանգների մասին: Փետրվարի 21-ին Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում կինոփառատոն չի անցկացվել: «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը տեղի է ունենալու աշնանը: ԿԳՄՍ նախարարության կողմից տրված առաջին Դրամաշնորհի հիմքում դրված ծրագիրը ապատեղեկատվություն է, կեղծիք:

Բեռլինալեի օրերին Եվրիմաժը չի անցկացրել պաշտոնական հավաք, չի եղել նախագծերի քննարկում, եղել է Եվրիմաժի կոկտեյլը՝ փառատոնի մասնակիցների և հյուրեի համար, որին մասնակցությունը կրել է բացառապես մասնավոր բնույթ: ԿԳՄՍ նախարարությունը պետական բյուջեից հոգում է ՀՀ ներկայացուցչի աշխատավարձն ու բոլոր ծախսերը Եվրիմաժի պաշտոնական հավաքներին։ Հետևաբար ծրագրում նշված հիմքերը ակնհայտորեն բավարար չեն մասնավոր ուղևորության դրամաշնորհի համար:

Բեռլինալեին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանի մասնակցության փաստը նույնպես տարօրինակ է: Կինոշուկաները կազմակերպվում են ինդուստրիայի ներկայացուցիչների՝ պրոդյուսերների, վաճառքի գործակալների, տարածողների համար և կառավարության ներկայացուցիչները կինոշուկաներում հազվադեպ են երևում:

2020թ-ին ԿԳՄՍ նախարարության՝ «Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոնախագծերին մասնակցություն» կետով դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով, ապատեղեկատվությամբ և կեղծ միջոցառումների հղումով: Սա խոսում է կինոյի պետական կառավարման աննախադեպ մասնագիտական անկման մասին։

Ես լիահույս եմ, որ կստանամ Ձեր արձագանքը վերոնշյալի վերաբերյալ, որպեսզի վստահ լինեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը կվերանայի քաղաքականությունը կինոյի կառավարման, դրամաշնորհների տրամադրման հարցում, ի մասնավորի, չի շարունակի խտրական վերաբերմունքը մեր ընկերության հանդեպ, որ Դուք չեք այս ամենի հովանավորը և սա չի արվում Ձեր անձնական հրահանգով:

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
կինոռեժիսոր, պրոդյուսեր
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829