Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավոր նշանակելիս հաշվի կառնվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը` թեկնածուի բարեվարքության մասին. Ռուստամ Բադասյան

Փետրվար 25,2020 12:59

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Խորհրդարանում լսումներ են մեկնարկել`«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Նախագծով առաջարկվում է փոխել կարգապահական հարցերի հանձնաժողովի մոդելը: Հանձնաժողովը ութ անդամից է կազմված լինելու` երկուսը մասնագիտացված դատարանների դատավորներ են լինելու, յուրաքանչյուրից մեկական անդամ, երկուսը` առաջին ատյանի քաղաքացիական եւ քրեական մասնագիտացված դատավորներ, մեկ ներկայացուցիչ Վերաքննիչ դատարանից, մեկը`Վճռաբեկից եւ երկու հեղինակավոր իրավաբան-գիտնական: Այս առաջարկը քաղհասարակության ներկայացուցիչներն են արել եւ այն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին, քանի որ դա լրացուցիչ թափանցիկություն է տալու հանձնաժողովի աշխատանքին:

Ինչ վերաբերվում է դատավորների գնահատման հանձնաժողովին, այն առաջարկվում է կազմել հինգ անդամներից. մեկական դատավոր դատական երեք ատյաններից եւ երկու իրավաբան-գիտնական: Այս հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետի եւ համանման այլ հարցեր: Նաեւ եթե հայտնաբերվում է իրավական եւ դատավարական նորմերի միտումնավոր խախտում, գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի հանձնաժողով`տվյալ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով:

Նոր մեխանիզմներ են սահմանվել դատավորների թեկնածուների ընտրության համար: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Երկրորդ նորամուծությունն այն է, որ ԲԴԽ-ի կողմից պետք է սահմանվեն հոգեբանական թեստի չափանիշները, ինչի հիման վրա էլ էլեկտրոնային հարթակ կմշակվի ու արդյունքը կներկայացվի ԲԴԽ-ին`կրկին խորհրդատվական բնույթ կրելով:

Եվս մեկ նորույթ է առաջարկվում ներդնել. եթե դատավորի ունեցած գույքը կամ դրա փոփոխությունը չի համապատասխանում իր եկամուտներին, կամ հիմնավորված չէ դրա ավելացման հանգամանքը, առկա է չհայտարարագրված կամ մասամբ հայտարարագրված գույք կամ կոռուպցիոն դրսեւորումների կասկածներ կան, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցող մարմին: ՍԴ դատավորների դեպքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ թե միջնորդությամբ դիմում է ԲԴԽ-ին, այլ ԱԺ-ին`ՍԴ դատավորի դեմ էական կարգապահական հիմքով հարցը քննարկելու համար ՍԴ դիմելու հարցով:

ԲԴԽ թեկնածուների հավակնորդների, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու դեպքում, որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Կարգապահականների մասով`խորհրդակցական սենյակում, կրկին բաց քվեարկությամբ եւ պարզ մեծամասնությամբ: Իսկ քրեական հետապնդման եւ ազատությունից զրկելու որոշումները`որակյալ մեծամասնությամբ: Սա արվում է ԲԴԽ-ի որոշումների նկատմամբ վստահության պայման ապահովելու համար: Ի դեպ, ընդլայնվել են նաեւ ԲԴԽ-ի լիազորությունները`կարգապահական վարույթ իրականացնելու մասով`վկա հրավիրել, փորձաքննություն նշանակել: Ներդրվել է նաեւ ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ`նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829