Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կավարտենք ՀՀ-ում սկսվածը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 25,2020 13:03

Նախընտրական Արցախի մասին զրուցել ենք ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:

– Թեկնածուներից ոմանք արդեն հայտարարում են վարչական ռեսուրսների, բիզնես հնարավորությունների չարաշահումների մասին։ Կա՞ն նման խնդիրներ։

– Այո, այդպիսի խնդիրներ կան, այդպիսի հայտարարություններ անում են։ Ասվում է, որ շուրջ 1 տարի է՝ Արայիկ Հարությունյանը անցկացնում է քարոզարշավ։ Նույնիսկ Երեւանը ոչ ուղղակի ստիպված էր զգուշացնել, որ պետք է պահպանվեն քաղաքական խաղի կանոնները։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Հայաստանի օգնությամբ պահպանել ընտրությունների մաքրությունը։ Դա խիստ անհրաժեշտ է։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որեւէ թեկնածուի օգտին, որը ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն եւ հրահրում ներազգային թշնամություն։ Կարելի՞ է մտածել, որ կան նման թեկնածուներ։

– Նման թեկնածուներ կան, բայց դրանք մարգինալ են եւ չեմ կարծում, որ որեւէ կշիռ եւ ազդեցություն կունենան ապագա ընտրությունների ժամանակ։ Հիմնական ընտրությունը, կարծում եմ, կգնա իմ նշած երկու բեւեռների միջեւ, երկու բեւեռներն էլ ասում են, որ իրենք կողմ են նոր Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին։ Այն ուժերը, որ փորձում են սերմանել ատելություն, դա անհուսալի մոտեցում է։ Մենք ունենք մի ժողովուրդ, դա հայ ժողովուրդն է, եւ մտածել, որ նման մոտեցմամբ հնարավոր է ապագա ունենալ, անհեթեթություն է: Պետք է հասկանանք, որ այդ ուժերի միջոցով ատելություն սերմանելու հարցում աշխատանք են տանում ոչ միայն Արցախի որոշ ուժեր, քաղաքական գործիչներ, այլ նաեւ հին ուժերը, որոնք պարտվել են ՀՀ-ում եւ սփյուռքում։ Ատելության հետեւում կանգնած են բոլոր ուժերը, որոնք վերջին 20 տարում՝ մինչ թավշյա հեղափոխությունը, քաղաքականություն էին իրականացնում։ Դրանք հիմա համախմբվում են, փորձում են Արցախում ունենալ այն հարթակը, որ կորցրել են ՀՀ-ում։ Սա նշանակում է, որ սպասվող ընտրությունները ոչ միայն Արցախի, այլեւ համահայկական ընտրություններ են։ Ղարաբաղում իշխանության տրանզիտը համահայկական խնդիր պետք է լինի։ Մենք պետք է նորից հաղթանակ տանենք, բայց այս անգամ քաղաքական, գաղափարական հաղթանակ։ Այդ հարցում Արցախին պետք է աջակցություն ՀՀ եւ սփյուռքի կողմից։ Մենք պետք է հասկանանք, որ մենակ չենք։

– Ըստ ձեզ՝ մարտի 31-ին կունենա՞նք հեղափոխական Արցախ։

– Արցախում պետք է վերջացնենք այն, ինչ սկսվել է 2018-ին Հայաստանում։ Եթե հեղափոխությունը չի հասնում Արցախ, եթե դատական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունենում, դու առաջ գնալ չես կարող։ Միայն այս երկու խնդիրների լուծումից հետո կարելի է մտածել մեր տարիների երազանքի՝ ազատ, անկախ ու միացյալ հայկական պետության մասին։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829