Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպումից հետո ընդդիմադիր քարոզիչներն ահավոր աղմուկ բարձրացրին, թե տեսեք՝ Հայաստանի վարչապետն ինչի մասին ասես՝ խոսեց, բայց չհայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (մինչդեռ Սերժ Սարգսյանն ամեն առիթով շեշտում էր դա)։ Օրեր անց Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցեց ՀՀ եւ ԼՂՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ու հայտարարեց, թե Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։ Սրանով էլ թեման կարելի է փակված համարել, որովհետեւ ընդհանուր քաղաքական տարածքը բացառել՝ նշանակում է բացառել, որ Արցախը երբեւէ կլինի Ադրբեջանի կազմում։ Եվ սա, ի դեպ, բոլորն են հասկանում, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանն ու միջազգային հանրությունը։ Բայց հարցն, այնուամենայնիվ, մնում է՝ իսկ ինչո՞ւ ուղիղ տեքստով չհայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ վերջ։
Բանն այն է, որ երբ միջազգայնորեն ճանաչված երկրի (Հայաստանի) ղեկավարը միջազգայնորեն առայժմ չճանաչված երկրի (Արցախի) մասին ասում է, թե այն չի կարող լինել մեկ այլ միջազգայնորեն ճանաչված երկրի (Ադրբեջանի) կազմում, ստացվում է, որ այդ հակամարտությունը պարզապես տարածքային վեճ է երկու պետությունների միջեւ, ընդ որում՝ կողմերից մեկը (Հայաստանը) բանակցություններում ներկայացնում է նաեւ Արցախի շահերը։ Եվ, ի դեպ, առանձնապես կարեւոր չէ, թե ինչ է ասում Հայաստանի ղեկավարն Արցախի անունից, ավելի կարեւոր է ինքնին փաստը, որ Հայաստանի ղեկավա՛րն է խոսում Արցախի անունից։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը թույլ տվեց այս վրիպումը, եւ արդյունքում՝ Արցախը դուրս մղվեց բանակցային ֆորմատից։ Իսկ եթե մեր նպատակն է աշխարհին ցույց տալ, որ այս հակամարտությունն ինքնորոշման խնդիր է (Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, դուրս է եկել Ադրբեջանի կազմից, անկախություն է հռչակել ու զենքով պաշտպանել այդ անկախությունը եւ կառուցել է շատ ավելի ժողովրդավարական պետություն, քան Ադրբեջանն է), այդ դեպքում Արցախի ապագա կարգավիճակի մասին պիտի խոսեն ոչ թե Հայաստանի, այլ Արցախի իշխանությունները՝ վկայակոչելով սեփական ժողովրդի կամքը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում