«Օրենսդրությունը բանականության ձայնն է, դատավորը`օրենքի»,- հույն մտածող Պյութագորասին այսօր խորհրդարանում հիշեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Խորհրդարանում լսումներ են մեկնարկել`«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:
Դատաիրավական բարեփոխումները Վլադիմիր Վարդանյանը որակեց իբրեւ նոր, ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարեւորագույն հանգրվաններից մեկը:
Բանախոսը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ, նույն դահլիճում, անցումային արդարադատության վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ հնչեցին բարկացած ելույթներ: Իր բնութագրմամբ, ինչպես հետո կյանքը ցույց տվեց, դրանք պայմանավորված էին այդ մարդկանց անձնական շարժառիթներով. «Բարեբախտաբար, պետք է արձանագրեմ, որ դատավորի այս տեսակը փոքրամասնություն է կազմում դատական համակարգում»:
Վլադիմիր Վարդանյանը համոզված է, որ այսօր դատական իշխանության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտները հավուր պատշաճի են կատարում իրենց աշխատանքը: Ասում է` արդարադատությունը ապահովելը տաժանակիր աշխատանք է եւ շատ դեպքերում, ինքը հասկանում է այն բարեխիղճ դատավորների հոգեվիճակը, ովքեր առավոտից իրիկուն ուսումնասիրում են փաստերը, որպեսզի լուծումը լինի արդարադատությունը:
Կարդացեք նաև
Բանախոսի կարծիքով, անբասիր դատավորները մեծամասնություն են համակարգում, բայց փոքրամասնությունը իր գոյությամբ եւ գործունեությամբ, «թունավորում է աղբյուրը, որը մենք անվանում ենք դատական իշխանություն»: Նա կոչ արեց`«դրա դեմ պետք է պայքարենք բոլորս» եւ հավելեց. «Դատական իշխանությունը ինքնակառավարվող է պետք է լինի նաեւ ինքնամաքրվող: Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին: Չպետք է հասարակությունում մնա որեւէ քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի մասնագիտական եւ բարոյական որակները: Դատական իշխանությունը իրավական պետության ստեղծման, զարգացման եւ կայացման հիմքն է: Առանց դատական իշխանության չենք կարող երաշխավորել իրավական պետության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային չափորոշիչներին համաձայն երկրի կայուն և հարատև զարգացումը»:
Ըստ բանախոսի, որեւիցե տուրքի եւ հարգանքի նշան չպետք է ավելորդ դիտարկվի դատական իշխանության համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ