Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվություն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանդական դարձած սովորության համաձայն, փորձում է «քավության նոխազներ» փնտրել նույն բանակի ներսում. Ավետիք Չալաբյան

Փետրվար 25,2020 12:11

Նախորդ շաբաթ ես գրել էի նրա մասին, որ բանակում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների աճի պատճառները պետք է փնտրել բանակի խրոնիկ թերֆինանսավորման, սպայական մասնագիտության հեղինակության անկման, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզարշավի մեջ, որի արդյունքում կարգապահությունը բանակում վերջին երկու տարիներին զգալիորեն թուլացել է։

Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվություն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանդական դարձած սովորության համաձայն, փորձում է «քավության նոխազներ» փնտրել նույն բանակի ներսում։ Անցած շաբաթ, առանց որևէ բացատրության, պաշտոնից հեռացվեցին երկու գեներալներ, իսկ երեկ էլ, կրկին առանց որևէ բացատրության, ծառայողական հետաքննության, և իրական պատասխանատվության չափը պարզելու, պաշտոնից հեռացվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Վերջին պաշտոնանկության հետ կապված, ցանկանում եմ հիշեցնել, որ գեներալ Աբրահամյանը պաշտոնավարում էր տառացիորեն մեկ տարի և երկու ամիս, իր նախորդի, գեներալ Լևոն Մնացականյանի, նմանապես որևէ կերպ չհիմնավորված պաշտոնանկությունից հետո։ Գեներալ Աբրահամյանը մեր բանակի լավագույն կադրային սպաներից մեկն է, անբասիր կենսագրությամբ։ Իր մարտական ուղին սկսելով Հադրութի ինքնապաշտպանական մարտերից, նա անցել է դասակի հրամանատարից մինչը ՊԲ հրամանատարի ողջ ճանապարհը, ոսկե մեդալով ավարտել Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, եղել կորպուսի հրամանատար, այնուհետև ՊԲ շտաբի պետ։ Իր ՊԲ հրամանատարության ընթացքում, արձանագրվել է բոլոր տարիների ընթացքում մարտական կորուստների ամենացածր մակարդակը, իրականացավել են առաջնագծի ամրապնդման լայնածավալ աշխատանքներ, դժվարին պայմաններում ապահովվել է զինված ուժերի մարտունակությունը։

Այսօր, այսպիսի կադրային սպան, առանց ծառայողական հետաքննության, առանց առաջացած խնդիրներներին համարժեք լուծումներ տալու հնարավորության, կամայական որոշմամբ ազատվում է զբաղեցված պաշտոնից։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրան հաջորդող ցանկացած կարդային սպա նույն ճակատագրին չի արժանանա, երբ իշխանությունը, սեփական ձախողումները քողարկելու նպատակով, և խնդիրներին իրական լուծումներ առաջարկելու փոխարեն, չի զոհաբերի հերթական «մեղավորին»։ Ոչ մի երաշխիք չկա նաև, որ նրան հաջորդող սպաները, իրենց պարտքը հայրենիքի առաջ ազնվորեն կատարելու փոխարեն, չեն սկսի մտածել պարզապես իշխանությանը հաճոյանալու և դրանով իրենց դիրքերը ապահովագրելու մասին։ Այս իշխանությունը բազմաթիվ օրինակների վրա արդեն ցույց է տվել, թե որքան «կարևոր» է իրեն հաճոյանալը, և թե ինչպես արդյունքում բազմաթիվ նախկիններ մեղքերի թողություն են ստացել, իսկ ազնվորեն երկրի առաջ իրենց պարտքը կատարողները՝ դարձել հախուռն գրոհների և «սևացման» առարկա։

Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա։ Սակայն գեներալ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկությունը, դրան մեկ տարի առաջ նախորդած վաստակավոր գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը, բանակի ղեկավարության դեմ տարվող անթաքույց քարոզը, իմ մոտ կասկած են առաջացնում, որ մենք իրականում գործ ունենք հենց այդպիսի վտանգավոր միտման հետ։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան հեռու այն կգնա, և արդյունքում ինչպիսի կորուստներ կհասցվեն մեր երկրի պաշպանունակությանը։ Այսօր դեռ մենք կարող ենք բարձրացնել մեր հավաքական բողոքի ձայնը, և պաշտպանել մեր երկրի իրական պաշտպաններին։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Աբրահամյանին, և հույս հայտնում, որ նա կշարունակի իր ծառայությունը հայրենիքին, իսկ բանակի հեղինակությունը վտանգող բոլոր անձիք վաղ թե ուշ պատասխանատվություն կկրեն իրեն գործողությունների համար։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829