Այս տարի իրանական Ամանորը՝ Նովրուզը նշելու համար Հայաստան այցելող իրանցիների թիվը էապես կնվազի։ Պատճառը իրանում գրանցված կորոնավիրուսն է։ Համենայնդեպս, զբոսաշրջության ոլորտի մասնագետներն անհանգստացած են. եթե իրավիճակը չկարգավորվի, ապա իրանցի զբոսաշրջիկների քանակը զգալի կպակասի։
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է։ Նշենք, որ երեկ՝ առավոտյան, տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Բացի այս, օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի նիստին որոշում է կայացվել որեւէ սահմանափակում չկիրառել ՀՀ եւ Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։ Նաեւ ՀՀ կառավարությունը պետք է երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի կառավարության հետ լինի սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնի տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ հետագա անելիքները ճշգրտելու համար։
Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայաստանում։ Այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, եւ մնում են մինչեւ ապրիլի 4-ը։ Նշենք, որ Նովրուզի համաշխարհային օր սահմանված է մարտի 21-ը։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Մեխակ Ապրեսյանի հետ։ Մասնագետը մեզ հետ զրույցում որոշ թվային տվյալներ ներկայացրեց։ Նրա խոսքով՝ 2017 թվականի ընթացքում Հայաստան ժամանել է շուրջ 220 հազար Իրանի քաղաքացի։ Այս ցուցանիշը, սակայն, 2018 թվականին նվազել է՝ կազմելով մոտ 160 հազար։ Մեխակ Ապրեսյանը փոխանցեց նաեւ, որ 2019 թվականին նույնպես Հայաստան ժամանել է 160 հազար իրանցի զբոսաշրջիկ։ «Բայց 2017 թվականի առաջին եռամսյակում, երբ տոնվում է նաեւ Նովրուզը, ՀՀ Իրանից ժամանել է 45 հազար իրանցի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 48 հազար, բայց 2019 թվականի առաջին եռամսյակում այն նվազել է՝ կազմելով մոտ 27 հազար։ Եթե ցամաքային հաղորդակցությունը շարունակվի փակ մնալ, ապա կարող ենք ենթադրել, որ շուրջ 20 հազար իրանցի, հնարավոր է, պակաս այցելի մեր հանրապետություն»։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում