Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

Փետրվար 25,2020 10:50

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս 2018թ. դեկտեմբերի 16-ին հրապարակային կարգով նշել էի, որ թիրախավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը:

ԻՆՔՆԱՎԱՐ Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

Այսօր Եկեղեցին խոչընդոտ է հանդիսանում գլոբալացման (համաշխարհայնացման) գործընթացների համար, քանի որ ազգային ինքնագիտակցությունը բարձր պահելով և պահպանողական մոտեցումներով լուրջ դիմադրություն է ցույց տալիս:

Պատահական չէ, որ Եկեղեցին իր խոսքը հայտնել է, ինչպես 2017թ. Ստամբուլյան կոնվենցիայի նախատիպը համարվող ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ (նախկին իշխանության ժամանակ), այնպես էլ 2019թ. Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ (այս իշխանության ժամանակ): Այս դիրքորոշումները բնականաբար իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես ընտանեկան բռնության օրինագծի վրա (օրինագծից մասնավորապես դուրս թողնվելով զուգընկերների և երեխաներին առանց ծնողների ապաստարան տանելու հետ կապված կարգավորումները), այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի վրա:

Պատահական չէ այն, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը այժմ հայտարարում է, որ Եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը..:

Հայաստանի ներպետական օրենսդրությունից հետևում է, որ կոռուպցիան ԻՇԽԱՆԱԿԱՆ լիազորությունների չարաշահումն է՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով: Եկեղեցու և հոգևորականների գործունեությունը որևէ կերպ չեն կարող կոռուպցիոն դրսևորումներ լինել այն պարզ պատճառով, որ աշխարհիկ իշխանական լիազորությամբ օժտված չեն:

Այստեղ հարց է ծագում, թե ինչու է նշված կազմակերպության ներկայացուցիչը դուրս եկել կոռուպցիայի հասկացության սահմաններից:

Վստահ եմ, որ Եկեղեցու նկատմամբ հարձակումները շարունակվելու են նաև հետևյալ ուղղություններով, այն է՝ փորձելու են սահմանափակել կամ վերացնել՝

– զորամասերում հոգևորականների ներկայությունը.

– քրեակատարողական հիմնարկներում հոգևորականների ներկայությունը.

– Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս թույլ չենք տալու Եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829