ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց:
Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում:
Կարդացեք նաև
Նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից:
Մենք, վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝
• Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
• Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց:
• Հրավիրում ենք տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ:
• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար