Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այնպես չէ՝ տրամադրված գնում եմ Սողոմոն Հակոբյանի անմեղության վերաբերյալ դատական ակտ ստանամ». Սեդա Սաֆարյան

Փետրվար 24,2020 22:02

«Մենք ոչ մեկի վրայով չենք քայլում, առաջին հերթին թող հարգեն իրենց զոհերին, ես էլ կհարգեմ: Շատ ծանր բան է տեղի ունեցել, որեւէ մեկը  դրա կողքով չի կարող լուռ ու անտարբեր անցնել, բայց նաեւ չի նշանակում, որ Սողոմոն Հակոբյանը պետք է բոլորի մեղքն իր վրա վերցնի, ասի՝ եկեք, վիզս կտրեք »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Զոդի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի վթարի դեպքով կալանավորված Սողոմոն Հակոբյանի պաշտպան՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով տուժողների՝ իր հասցեին ուղղված վրդովմունքին:

Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախնական նիստ էր նշանակված:

Հիշեցնենք նաեւ, որ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր  տեղի ունեցել 2019 թվականի  հուլիսին Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա բախվել էին  Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով գազելի 7 ուղեւոր էր մահացել, 6-ի դին մոխրացած է հանվել «Գազելից»:

«Ուրիշ խնդիր կա, փոխանակ իրենք էլ այդ հարցով մտահոգ լինեն, որովհետեւ վթար է տեղի ունեցել, որից որոշ ժամանակ անց հրդեհ է բռնկվել, արդյոք նրանք ԱԻՆ-ի գործողություններին նորմալ են նայում, արդյոք հնարավոր չէր այդ վթարի այդ աստիճան ծանր հետեւանքներ չապահովել, արդյոք չէր կարելի որոշ բաներ կանխել…ես գիտեմ՝ ԱԻՆ-ից ուշ են գնացել, պատրաստ չեն գնացել, հետո նորից են գնացել կամ արդյոք այդ մեքենան ամբողջությամբ սարքին վիճակում է եղել, շատ հարցեր կան: Այնպես չէ, որ գնում եմ մեղավոր մարդուն վերցնեմ, տանեմ մեր տուն, նրանք սխալ տպավորություն են ստացել…իմ պաշտպանյալը, եթե շատ մեծ արագությամբ  վարած լիներ, փորձաքննության եզրակացություն կլիներ եւ հետո բարձր արագությամբ վարած լիներ, մարդիկ տեղում կմահանային, ես կարծում եմ՝ իմ պաշտպանյալի առողջական վիճակը վատ է եղել, չգիտակցելու արդյունքում ասեմ, թե էդ պահի դրությամբ չի հասկացել՝  իր հետ ինչ է կատարվում. սիրտը վիրահատած մարդը, երեւի թե չպետք է ղեկին նստեր:

Նա հանդիպակաց չի մտել, փոքր հատվածով մտել է մյուս  գոտի, այնպես չէ, որ դեմ –դիմաց է  մտել, հանդիպակացն էլ ընդգծված են ասում, բայց վերջնականում, երբ երկու մեքենա հայտնվել է նույն գոտիում, չի նշանակում, որ այդ գոտիում է բախում տեղի ունեցել: Կուզենայի՝ մարդիկ հասկանան, որ պետք է գործի քննությունը օբյեկտիվ տարվի, պետք է մեզ համար ամեն ինչ պարզ լինի, ու եթե մեր պաշտպանյալը պետք է դատվի, ուրեմն պետք է դատվի, որեւէ մեկը դրա հետ երկու կարծիք չի կարող արտահայտել, այնպես չէ, որ տրամադրված գնում եմ, որ Սողոմոն Հակոբյանի անմեղության վերաբերյալ դատական ակտ ստանամ, գնում եմ՝ պարզենք, ինչ է կատարվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829