Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը

Փետրվար 24,2020 19:30

2 շաբաթով փակ են լինելու հարեւան Իրանի հետ ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը: Այսօր նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը՝ Իրանում կորոնավիրուսից 8 մահվան դեպքերից հետո:

Բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, եւ բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի:
Մարտի 21-ին իրանցիները նշում են Նովրուզը, եւ նրանցից շատերն այդ տոնը նշելու համար այցելում են Հայաստան, օգտվում են հյուրանոցային, հանգստյան տների, ռեստորանների ծառայություններից, առեւտուր են անում, կարճ ասած՝ գումար են ծախսում:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս սահմանափակումները ՀՀ տնտեսության եւ զբոսաշրջության վրա: Այս առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունից Aravot.am-ին ասացին՝ դեռ վաղ է կոնկրետ կանխատեսումներ անել, քանի որ այս կարգավորումը կարճաժամկետ բնույթ է կրում. «Ինչը մեզ թույլ կտա հասկանալ՝ ինչ զարգացումներ են սպասվում եւ որքանով են ռիսկերը կառավարելի: Տնտեսության վրա ազդեցությունն առավելագույնս նվազեցնելու նպատակով որոշվել է՝ բեռնափոխադրումները պետք է բնականոն հունով շարունակվեն, օդային փոխադրումները՝ որոշակի հսկողության պայմաններով»:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ցուցանիշների վրա ազդեցությանը, ապա նախարարությունից նշեցին՝ ցամաքային սահմանափակումը 2 շաբաթ է, այն զբոսաշրջության ամենաակտիվ շրջանը չէ Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար. «Նշված ժամկետը կլրանա՝ մենք հանդես կգանք լրացուցիչ մեկնաբանություններով»:

Դեռ անցյալ տարի զբոսաշրջության կոմիտեն հայտարարել էր, որ փորձելու են առաջիկա տարիներին ապահովել գոնե 13-14 տոկոս զբոսաշրջային այցելությունների աճ: Մարտ-ապրիլ ամիսները Իրանից Հայաստան զբոսաշրջիկների այցի ամենաակտիվ շրջանն է: Առանց այն էլ իրանցի զբոսաշրջիկների թիվը մեր երկրում նվազում է, 2019-ի հունվար-հունիսին Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն, ըստ վիճակագրական կոմիտեի 27 տոկոսով նվազել է: Եթե վիրուսով պայմանավորված այս երկրի հետ հաղորդակցության սահմանափակումները շարունակվեն, ապա էականորեն կազդեն զբոսաշրջային ցուցանիշների վրա:

Իրանցիներն արդեն քանի տարի է նախընտրում են Վրաստանում հանգստանալ, այդ երկիր են մեկնում նաեւ Հայաստանով: Բայց Վրաստանի կառավարությունն էլ կորոնավիրուսի ներթափանցումը իր երկիր բացառելու համար դադարեցրել է Իրանի հետ ավիահաղորդակցությունը, հարկ եղած դեպքում, ըստ այս երկրի կառավարության, չի հնարավոր է նաեւ ցամաքային արգելք կիրառեն:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան առեւտրաշրջանառությանը, ապա այն, ընդհանուր առեւտրաշրջանառությունում մեծ չէ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակումների համաձայն, 2019-ի մարտ ամսին ՀՀ-ից Իրան արտահանումը կազմել է 3.9 միլիոն դոլար, ներմուծումն ըստ ծագման երկրի, այսինքն՝ իրանական արտադրության ապրանքների ցուցանիշը կազմել է 27.5 միլիոն դոլար, իսկ ներմուծումն ըստ արտահանող երկրի դասակարգիչով, կազմել է 27.9 միլիոն դոլար: 2019-ի մարտին Հայաստանից ընդհանուր արտահանումը կազմել է 206.5 միլիոն դոլար, ներմուծումը՝ 410.4 միլիոն դոլար:

«Չեմ կարծում, որ 2 շաբաթյա սահմանափակումները կարող են էապես ազդել մեր երկրի տնտեսական զարգացումների վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադեւոսյանը: Նա վստահեցրեց՝ պետք չէ խուճապի մատնվել, կորոնավիրուսը լուրջ վտանգ է ամբողջ աշխարհում, դադարեցվել են թռիչքներ.«Բայց չեմ կարծում, որ հեռանկարային անդրադարձ լինի մեր երկրի տնտեսության վրա, որոշակի խնդիրներ հնարավոր է ծագեն, տնտեսական հարաբերությունների զարգացման դանդաղում լինի, բայց այս խնդիրը շարունակական չի լինի»:

Տնտեսագետը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ուշագրավ ցուցանիշներ ներկայացրեց.«Իրանի հետ տնտեսական հարաբերությունները բավականին համեստ են, բայց վերջին տարիներին որոշակի աշխուժություն նկատվում է: 2009-2018 թվականներին Հայաստան-Իրան առեւտրաշրջանառությունն ավելացել է 76 տոկոսով, ընդ որում արտահանումը՝ մոտ 285 տոկոս, ներմուծումը՝ 154.1 տոկոս: Այսինքն բավականին լուրջ զարգացումներ ունենք արտաքին առեւտրի հետ կապված:Ես մեծ հույսեր եմ կապում Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված՝ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացման առումով»:

Բայց ըստ տնտեսագետի, Իրանի հետ առեւտրաշրջանառությունն այնպիսի ծավալներ չունի, որպեսզի շատ լուրջ անդրադարձ ունենա մեր երկրի տնտեսական զարգացումների վրա, թեեւ այդ հարաբերությունների դինամիկան վերընթաց է, ընդ որում՝ ներմուծումն ավելին է, քան արտահանումն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829