Թուրքիան կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով փակել է ոչ միայն Իրանի հետ սահմանը, այլ նաև Նախիջևանի: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ևս փակել է սահմանը Նախիջևանի հետ, ինչի հետևանքով Նախիջևանը հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ:
«Արտաքին աշխարհի հետ միակ կապը դեպի Բաքու իրականացվող ավիաչվերթներն են», – գրում է գործակալությունը և տեղեկացնում, որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերի փակման հետևանքով Նախիջևանում աճել են սպառողական ապրանքների գները, իսկ տեղի բնակիչները մթերային խանութներից գնում են շատ քանակությամբ ձավարեղեն, ալյուր և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Տեղեկատվության համաձայն՝ իշխանություններն առայժմ սննդամթերքի վաճառքի սահամանափակում չեն մտցրել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ