Լրահոս
Օրվա լրահոսը

Թեթեւ ախտանշաններով Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի. Արտավազդ Վանյան

Փետրվար 24,2020 18:45

«Պետք չէ դիմակ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգիենան պահպանել: ՀՀ-ում կորոնավիրուս չկա»,-այսօր այսպիսի խորհուրդ տվեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, որը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու՝ նախարարությունն ինչ միջոցառումներ է իրականացնում աշխարհում տարածված կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխարգելելու համար:

Այն մտահոգությանը, թե դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ է, եղածներն էլ կրկնակի եռակի թանկ են վաճառվում, պարոն Վանյանն ասաց, որ դիմակների խնդիր բոլոր երկրներում էլ կա, քանի որ սեզոնային գրիպի վարակման դեպքերը շատ են: Ասաց նաեւ, որ նախարարությունը  86 հազար դիմակ ունի. «Եվ, եթե չեմ սխալվում, մոտ 160 հազար հատ նորից ձեռք է բերվել եւ հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար»: Իսկ թե ում եւ ինչպես կբաշխվեն այդ դիմակները, պարոն Վանյանը չմանրամասնեց:

Դիտարկմանը, թե դիմակները մեր երկրից արտահանվում են եւ նաեւ այդ պատճառով է դեֆիցիտ առաջացել, Արտավազդ Վանյանը վկայակոչեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախազգուշացմանը: ՏՄՊՊՀ-ն այսօր հորդորել է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի եւ այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաեւ շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

Իսկ արտահանման դեպքերի առնչությամբ էլ ասաց, որ դիմակների թանկացումը նաեւ արտահանմամբ է պայմանավորված:

Նրա տվյալներով, Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են գրիպի թեթեւ ախտանշաններ։ Ըստ նրա, բոլորն էլ կորոնովիրուսի դեմ թեսթավորվել են եւ արդյունքները բացասական են եղել:

Կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանքներ են տանում հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքները համալրելու համար։ Ըստ նրա, որոշ բուժհիմնարկներում կան բացեր` խալաթների կամ դիմակների առումով իսկ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի խնդիր Հայաստանում չկա. «Մենք այժմ կորոնավիրուսի ախտորոշման 600-700 թեստ ունենք, ավելին, առաջիկայում 1000 թեստ էլ կստանանք` այդ առումով որեւէ խնդիր չկա»: Վանյանը նաեւ հայտնեց, որ վերջին օրերին, Հայաստանում է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետը՝ գնահատելու, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկմանը որքանո՞վ են պատրաստ հայաստանյան բուժհաստատությունները. «Եթե ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվեն, ապա մենք լիարժեք պատրաստ ենք որոշակի քայլեր իրականացնելուն։ Մեր ԲԿ–ների կարողությունները գնահատված են, եւ առողջապահության նախարարը բոլոր բացերը լրացնելու ցուցում է տվել։ Բացերը հիմնականում վերաբերում են այն հարցերին, որ, օրինակ, եթե բռնկում լինի, ԲԿ–ներն ունե՞ն դիմակներ, խալաթներ»:

Նրա խոսքով` այսօրվանից հասցեական քարտեր կներդնեն ու լիարժեք հսկողություն կիրականացնեն ռիսկային երկրներից` Իտալիայից, Կորեայից եւ այլ տեղերից ՀՀ վերադարձողների նկատմամբ։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշում կայացրեց  երկու շաբաթով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

Բեռնափոխադրումները, սակայն կիրականացվեն առանց սահմանափակումների` վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ կիրառելով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829