2018 թվականին երկու դեպքով «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու եւ այդ կերպ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով այսօրվա դատական նիստում երրորդ տեսանյութը դիտելուց հետո Լեւոն Երանոսյանի պաշտպանը, անդրադառնալով տուժող Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է, որ կազմակերպած սադրիչ խմբեր են աշխատել, արձանագրեց, որ տեսանյութում պարզորոշ երեւում է, որ ցուցարարներից որոշ անձինք «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հրում են դեպի ոստիկանական շղթան, եւ միջոցը կիրառվել է անմիջապես «Նիվան» հրելուց հետո:
«Տուժողներից Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե բռնություն գործադրել են, իսկ ակնհայտ երեւում է, որ բռնություն գործադրվել է, ապա դրանք սադրիչներ են: Ես կխնդրեի, որ տուժողը մեզ օգներ եւ եթե ինքը ճանաչում է, ասեր, թե այդ բռնություն գործադրողներն ովքեր էին՝ սադրի՞չ էին, թե ոչ: Մասնավորապես, հենց այս «Նիվան» ոստիկանական կենդանի շղթայի վրա հրողները»,-հարց ուղղեց պաշտպանը, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ, այո, ես պնդում եմ, որ եթե եղել են մարդիկ, ովքեր քարեր են նետել, նրանք սադրիչ են հանդիսացել: Իսկ եթե ժամանակագրական ենք նայում, խոսքը գնում է այն ժամանակի մասին, երբ արդեն ոստիկանությունը կիրառել էր այն մեթոդները, ինչի մասին մենք խոսում ենք, որոնք իրենցից ներկայացնում են հոգեբանական ներգործության մեթոդներ:
Այսինքն, մարդու մոտ կտրուկ հուզմունք են առաջացնում: Կադրերում երեւում է՝ առաջին տուժածը ես եմ եղել այդ միջոցի, որից հետո մարդու մոտ էյֆորիկ վիճակ է առաջանում, ինչպես նաեւ վախի եւ տարբեր, որի ընթացքում որոշ բաներ են կատարվում: Ի պատիվ ոստիկանների, պետք է ասեմ, որ ոստիկանները մեծ մասամբ որեւիցե ձեւով ոչ ագրեսիա, ոչ որեւիցե բախման չեն գնացել, որովհետեւ ընդհանուր մթնոլորտը ի սկզբանե չի եղել ոստիկանի հետ որեւէ ձեւով բախման գնալու: Ինչ վերաբերում է տեսանյութի երիտասարդին, որը կարող եմ ասել, արդեն պաշտպանվում էր տեղի ունեցածից: Եվ այն, ինչ նշեց մեր հարգարժան պաշտպանը «Նիվա» բրդելու մասին, արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ դրանից առաջ տեղի է ունեցել ոստիկանների՝ վահանակին հարվածելը, որը նույնպես հոգեբանական ճնշում է: Այս պայթյունները հոգեբանական ճնշում առաջացնող բաներ են եւ շատ-շատ մարդիկ, նաեւ ես, գտնվել ենք ոչ այնքան հավասարակշռված վիճակում… Ինչ վերաբերում է մնացածին, էս բաների մասին խոսելուց առաջ պետք էր մտածել Բաղրամյան փողոցը մարտի դաշտ սարքելուց առաջ: Այսինքն, մարդկանց էս վիճակին հասցնելուց առաջ պետք չէր Բաղրամյան փողոցը մարտի դաշտ սարքել ու հետո զարմանալ, որ մարդիկ, ում վրա նռնակներ են նետվում, որ վիրավորվում են, ովքեր արյուն են տեսնում, փորձում են ինչ-որ դիմադրություն ցույց տալ, ու հիմա դա ներկայացնել իբր ոստիկանության հետ բախում: Եվ վերջում ասեմ մի բան. ես հիվանդանոցում եղել եմ ոստիկանների հետ. տուժած ոստիկաններ են եղել: Ես այնտեղ չեմ տեսել ոստիկան, որը տուժած է եղել ցուցարարից: Տեսել եմ ոստիկան, որը տուժել է ինձ հետ միասին այդ միջոցը կիրառելու պատճառով: Այսինքն, միջոցները կիրառվել են այն ձեւով, որ միեւնույն է եղել՝ ոստիկան կտուժի, մարդ կտուժի, մարդ կմահանա… այդ տրամաբանությունն է գործել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ