2018 թվականին երկու դեպքով «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու եւ այդ կերպ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվում եւ ուսումնասիրվում են այն տեսաձայնագրությունները, որոնք առկա են նախաքննական հատորներում եւ ճանաչվել են ապացույց:
Երկու տեսանյութ դիտելուց հետո՝ Լեւոն Երանոսյանի պաշտպանն ասաց, որ առաջին տեսանյութի հետ կապված երեւաց, որ դա 1in.am կայքի կողմից անդադար հեռարձակված տեսանյութերի մոնտաժած տարբերակ էր: Եվ արձանագրեց այն փաստերը, որոնք նրա խոսքով հետագայում նյութի չմոնտաժված մասի ժամանակ ավելի պարզ կլինեն: «Նախ, դրոնի տեսանկարահանումից երեւաց, որ ոստիկանական ուժերն անհամեմատ սակավաթիվ էին ցուցարարների քանակի համեմատ: Ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են, այսպես կոչված, հոգեբանական ներգործության մեթոդներ, մասնավորապես՝ ՀՀ հիմնը երգելը, մահակներով շթերին հարվածելը: Թե 1-ին, թե 2-րդ տեսանյութում երեւաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Սա արձանագրենք, որովհետեւ հետագայում դրա հետ կապված միջնորդություն ենք անելու: Երկրորդ տեսանյութը անմիջապես սկսվեց հենց ոստիկանների նկատմամբ բռնությունների կիրառման կադրերով, որն իր մեջ ներառում էր ոստիկանական առաջին շղթայի քանդումը: Առաջին շղթան կազմված է եղել Երեւան քաղաքի վարչության անձնակազմի ուժերից, որոնց հրամանատարը եղել է այն ժամանակ Երեւան քաղաքի վարչության պետի՝ ծառայության գծով տեղակալ Վալերի Օսիպյանը: Արձանագրվեց նաեւ ոստիկանի նկատմամբ տարբեր իրեր նետելը. ոստիկանական արգելապատնեշը հափշտակելը…», – հայտարարեց պաշտպանը, ինչին տուժող, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Ես չգիտեմ՝ ում տեսանյութում ինչ կա: Ես եղել եմ ներկա ամենասկզբից մինչեւ վիրավորվելու պահը: Ամբողջ այս միջոցառման և, ընդհանուր առմամբ, ամբողջ հեղափոխության ժամանակահատվածում տարվել է այն քաղաքականությունը եւ եղել է այն տրամաբանությունը, որ բռնություն ընդհանրապես չի կիրառվելու, եւ որեւիցե մեկը, ով կկիրառի բռնություն, սադրիչ է եւ պետք է նույն րոպեին ժողովրդի միջից դուրս բերվի: Չեմ բացառում, որ այդ ժամանակ եղել են նաեւ կազմակերպված սադրիչների խմբեր, որոնք մի գուցե նաեւ աշխատել են շեղել՝ փորձելով այն քաղաքականությունը, այն մարտավարությունը, որ տեղի է ունեցել այս ամբողջ ընթացքում՝ այն է, որ ոստիկանը մեր եղբայրն է եւ ոստիկանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Կադրերում ակնհայտ երեւում է, որ ոստիկաններն անարգել անցնում են փշալարերից այն կողմ եւ որեւիցե բռնություն ոստիկանների նկատմամբ չկա: Եվ, ընդհանուր առմամբ յուրաքանչյուր տեսանյութի մեջ, եթե, կրկնում եմ, դուրս հանենք հնարավոր սադրիչների գործունեությունը, որեւիցե լարվածություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից չի եղել եւ չէր կարող լինել ի սկզբանե, ինչը փաստվել է բոլոր տեղերում եւ բոլոր միջոցառումների ժամանակ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ