Սահմանադրական դատարանը, ինչպես դատաիրավական, պետական կառավարման և ինքնակառավարման ամբողջ համակարգը, տասնամյակներ շարունակ սպասարկել են ժողովրդի իշխանությունը բռնազավթած խմբավորմանը։
2018թ-ին իշխանափոխությունից հետո վերոթվարկված համակարգերը սահմանադրականության դաշտ բերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը բավարար չէր և իրականացվում էր ոչ հեղափոխական մեթոդներով, որը հանգեցրել է գործող իշխանության տեղապտույտի և կառավարման համակարգի ճգնաժամի, ինչը շատ ավելի ցայտուն դրսևորվեց Սահմանադրական դատարանի դեպքում։
Առնվազը մեկ տարի առաջ պետք է նախաձեռնվեր 2015թ-ի ժողովրդի կողմից մերժված Սահմանադրության համապարփակ փոփոխությունը, այդ դեպքում անհրաժեշտություն չէր առաջանա պետական սուղ միջոցները ներդնել լոկալ հանրաքվե անցկացնել, թեկուզ և կարևոր հարցի շուրջ։
Հանրաքվեի գործընթացը լարվածության մեջ է պահելու ինչպես ամբողջ պետական կառավարման համակարգը, այնպես էլ ողջ ժողովրդին, բնականաբար նախկիններն իրենց հսկայական ֆինանսական ու մեդիա հնարավորությունները կօգտագործեն ապակողմնորոշելու ժողովրդին՝ էլ ավելի խորացնելով լարվածությունն ագրեսիվ փոքրամասնության և ժողովրդի լայն զանգվածների միջև, մեծացնելով առկա ատելության չափաբաժինը, միաժամանակ նախկիններին վերակենդանանալու լրացուցիչ լիցք է հաղորդվում, փորձելով կրկին սողոսկել քաղաքական դաշտ, ինչը գործող ական է դառնալու մեր պետականության համար։ Այս վտանգները չէր լինի, եթե ժամանակին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, տրվեր նախկին ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, ներդրվեր վեթթինգ և անցումային արդարադատությունը, գողերին և ավազակներին պատասխանատվության ենթարկեին, վերադարձվեր պետությունից և ժողովրդից գողացված տասնյակ միլիարդավոր դոլարները։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով ստեղծված անկայուն իրավիճակը և առկա վտանգները, ինչպես նաև նախկին գործընկերային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար աջակցում է սահմանադրական փոփոխության ներկայացված հոդվածներին, համոզված լինելով, որ հանրաքվեի այո արդյունքը լրացուցիչ լիցք կհաղորդի իշխանություններին հեղափոխությունը լիարժեք ու վերջնական հաղթանակի հասցնելու համար։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն