Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր մեկը պատմեմ, Գագիկի կնիկը ոնց աչքիս առաջ վառվեց, Ծաղիկը ոնց էր վառվում, թե Աստղիկը նստած տեղը ոնց էր վառվում»

Փետրվար 24,2020 16:18

Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախնական նիստ էր: Նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի պաշտպան Սեդա Սաֆարյանի չներկայանալու պատճառով:

Տուժողների հարազատները շատ վրդովված էին, նրանք արդար պատիժ են պահանջում մեղադրյալ Սողոմոն Հակոբյանի համար, կասկածներ ունեն, որ նրա պատիժը մեղմելու փորձ է արվում:

Հիշեցնենք, որ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել 2019 թվականի հուլիսին Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա բախվել էին Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով «Գազելի» 7 ուղեւոր էր մահացել, 6-ի դին մոխրացած էր հանվել:

«Գազելը» զգացել է վտանգը, կանգնել է, իսկ հանդիպակաց դուրս եկած «Տոյոտայի» վարորդը չի կանխել վթարը, ինչի մասին է խոսքը: Թող ընկնեն ստուգեն, կարող է՝ Սողոմոն Հակոբյանը իսլամական կազմակերպության անդամ է»,- ասաց տուժողներից մեկի հարազատը:  Նա դժգոհեց նաեւ մեղադրյալի պաշտպան Սեդա Սաֆարյանի գործունեությունից. «Հասկանում ենք՝ դա էլ իր աշխատանքն է, այդպես է հաց վաստակում, բայց ոչ թե 7 անմեղ զոհերին ոտնատակ անելով, այնպիսի միջնորդություններ է ներկայացնում, լրատվամիջոցներին էլ ասում է՝ զարմացած եմ, թե ինչպես տուժողները չեն կարողացել դուրս գալ «Գազելից», դա ասելու բա՞ն է»:

Տուժողներից մեկ ուրիշի մայրն էլ վրդովված է, որ Սողոմոն Հակոբյանը մինչեւ հիմա չի խոստովանել մեղքը, ցուցմունք է տալիս, թե ոչ մի բան չի հիշում. «Ասում է՝ իմ մեղքով միայն վարորդն է զոհվել, բա էդ դեպքում իմ աղջիկն ո՞ւր է, եթե քո նմանը չխփեր «Գազելին», նման բան չէր լինի: Բա էն վեցը ո՞ւր են էդ դեպքում»:

Վթարից հրաշքով փրկված Ռուզաննա Հակոբյանն էլ պատմեց, որ «Գազելի» վերջում է նստած եղել. «Չեմ էլ հասկացել՝ ոնց է խփել մեզ: Աչքերս բացեցի, արդեն չորս կողմս հրդեհ էր, Վաչո ձյաձյան («Գազելի» վարորդը) մնացել էր մետաղների արանքում, ինքը վառվում էր, բայց ձեռքը մեկնել էր, որ դուռը բացեր, որ մարդկանց փրկեր, իսկ Տոյոտայի վարորդը փախել էր, բռնել են՝ բերել են: Ինչ պատմեմ, որ մեկը պատմեմ, պատմեմ թե Գագիկի կնիկը ոնց աչքիս առաջ վառվեց, պատմեմ, թե Ծաղիկը ոնց էր վառվում, թե Աստղիկը նստած տեղը ոնց էր վառվում…»:

Ռուզաննա Հակոբյանը նաեւ ասաց, որ իր մարմինը 50 տոկոսով այրվել էր, երկու ամիս հիվանդանոցում է պառկած եղել, մինչեւ հիմա բուժումներ է ստանում:

Տուժողներից մեկի հարազատն էլ ասաց՝ եթե հանկարծ Սողոմոն Հակոբյանի հանդեպ ինչ-որ ներում կիրառվեց, բողոքարկելու է, հակառակ դեպքում կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829