Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախնական նիստ էր:
Հիշեցնենք, որ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել 2019 թվականի հուլիսին Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա բախվել էին Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետեւանքով «Գազելի» 7 ուղեւոր էր մահացել, 6-ի դին մոխրացած է հանվել մեքենայից:
«Խստագույն պատիժ եմ ուզում, ավել ոչ մի բան, Տոյոտայի վարորդն է մեղավոր եղել, խախտել է կանոնները, շատ արագ է վարել, հանդիպակաց է դուրս եկել»,- նիստից առաջ լրագրողներին ասաց «Գազելի» վարորդի տղան՝ Սարիկ Ասլանյանը:
Կարդացեք նաև
Վթարի հետեւանքով հիվանդանոցում մահացած Ծաղիկի իրավահաջորդն էլ ասաց, որ երբ հասել է դեպքի վայր, տեսել է՝ ուժեղ կրակ. «Քրոջս էի ման գալիս, քաղաքացիական մեքենայով Արարատի հիվանդանոց էին տեղափոխել, նրա դեմքն այնքան ուռած էր, չէի ճանաչում քրոջս, իր հետ Արարատի հիվանդանոցիցի գնացինք Երեւան՝ այրվածքաբանական կլինիկա, հինգ օր հետո քույրս մահացավ: Ճանապարհին հետս խոսում էր,պատմում էր դեպքի մանրամասները, ասում էր՝ քնած է եղել, բայց իր պատմածից հասկացա, որ հարվածի հետեւանքով ուշքն է գնացել, ոչ թե քնած է եղել»:
Նա ասաց, որ մեղադրյալի՝ Սողոմոն Հակոբյանի հարազատները իրենց չեն այցելել, ցավակցական նույնիսկ չեն ուղարկել . «7 մարդու կյանք խլելը էսօր հեշտ բան չէ, պետք է արժանի պատիժը ստանա»:
Վթարի ժամանակ մահացած Աստղիկ Ավետիսյանի հայրն էլ պատմեց, որ դեպքի մասին երեկոյան է իմացել, մինչեւ հասել է դեպքի վայր, կրակը հանգցրել էին, դիակները տարվել, երկար փնտրել է աղջկան, որովհետեւ նրա անունը չկար տուժողների մեջ, ի վերջո աղջկան գտել է Արտաշատի դիահերձարանում: Նա նախաքննությունից դժգոհ չէր, բայց մի հանգամանք սրտով չէ, որ մեղադրյալի վարած մեքենայի արագությունը չի որոշվել՝ պատճառաբանելով, որ արգելակման հետքեր չեն եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ