«Ցավոք սրտի, գործող իշխանությունները կոնկրետ խնդիրներին վերաբերվում են իմիջիայլոց. կարծում եմ՝ դա նրանից է, որ վարչապետը կյանքի փորձ չունի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Գիտենք, որ ամենամեծ կոլեկտիվը, որ նա ղեկավարել է՝ թերթի խմբագրությունն է եղել: Ճիշտ է, պատգամավոր էլ է եղել, բայց իր խմբակցությունում կամ ինքն է խնդիրներ ունեցել, կամ իր հետ են ունեցել»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլորս մեր կյանքում ունենում ենք խնդիրներ և անձնական խնդիրները լուծելու, հաղթահարելու համար մենք բավականին մեծ ուժեր ենք մոբիլիզացնում: «Քանի որ վարչապետը չի ծառայել ոչ խորհրդային բանակում, այդ ժամանակ փոքր է եղել, ոչ էլ անկախ Հայաստանի բանակում՝ դրա համար հաճախ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է բազմաթիվ խնդիրների լուծում տալ»,- ասաց Գ. Իսագուլյանը ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանը՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Ալիևի հետ բանավեճի ժամանակ Փաշինյանը հիշել է Տիգրան Մեծին՝ ասելով, որ Տիգրան Մեծը, Պոմպեոսի հետ հակամարտության մեջ է եղել և կարողացել է հասնել ինչ-որ արդյունքի. «Գիտենք, որ այդ ժամանակ բազմաթիվ պետություններ չկային, որոնք այժմ գերհզոր են, այդ թվում նաև ԱՄՆ-ն: Ադրբեջանը ևս չկար, բայց այժմ այդ պետությունը ինչ-որ արժեք ու նշանակություն ունի աշխարհում: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ էինք ուզում դրանով ասել: Միգուցե ավելի լավ կլիներ, որ Փաշինյանը ներկայացներ Արտավազդ երկրորդի պատմական խնդիրները, որը Տիգրան Մեծից մի քանի տարի հետո էր թագավորում և Անտոնիոսը Հայաստանի թագավորի գլուխը սկուտեղի վրա մատուցեց Կլեոպատրային»:
«Վաղը երկրորդ և երրորդ նախագահների դատն է և այդ դատը, ըստ էության նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը: Այս դեպքում` Հայաստանում տեղի ունեցածից պետք է հասկանանք, թե ո՞ւմ է մատուցում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլուխը վարչապետ Փաշինյանը»,- հավելեց Գառնիկ Իսագուլյանը:
Կարդացեք նաև
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ