Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը համայնքներում գույքերի է տիրապետում, հողի հարկ, գույքահարկ չի վճարում, իսկ ՏԻՄ-երը եկամտահարկ մաքսատուրք են վճարում պետությանը, սա արդա՞ր է. Սարիկ Մինասյան

Փետրվար 24,2020 15:18

«Հողային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն այսօր քննարկվեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում:

2005-ից համայնքներից են փոխանցվել պետական սեփականության հողերը ու կային հողեր, որոնք գտնվում էին իրավաբանական անձանց, կամ ֆիզիկական անձանց տիրապետության տակ, բայց սեփականշնորհված չէին: Խոսքը մասնավորապես արտադրական ձեռնարկությունների հողերին է վերաբերվում, գույքը սեփականաշնորհված էր, հողը՝ ոչ: Հողի օտարման գործարքները մեկնաբանվում էին այնպես, որ եթե դրանք հողեր են, որոնք ձեւակերպված են որպես համայնքային սեփականություն, ապա դրանց դիմաց վճարումները գնում էին համայնքային բյուջե, իսկ եթե նախկին փաստաթղթերը ձեւակերպված էին որպես պետական սեփականություն, ապա վճարումները գնում էին պետբյուջե:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ արդյունաբերական հանգույցների՝ Գյումրի, Աբովյան, Վանաձոր, իրենց տարածքները առանց որեւէ բովանդակային հիմնավորման, համարվել են պետական սեփականություն ու կադաստրի մարմինները գործարքները գրանցում էին միայն այն դեպքում, երբ պետական սեփականություն համարվող գործարքների գումարները պետբյուջե վճարված են:

Հիմա օրենքով փոփոխություն կատարելով՝ մտադիր են այլեւս այսպես կոչված պայմանական սեփականության գույքը համարվի համայնքի սեփականություն ու վճարումներն էլ կատարվեն ոչ թե պետբյուջեին, այլ՝ համայնքային բյուջեին: Մինչեւ հիմա պետական բյուջե է գնացել 508 մլն դրամ: Պարոն Տերտերյանն ասաց. «Ֆանտաստիկ մեծ գումար չի, բայց բովանդակություն ունի»:

Վաչե Տերտերյանը նաեւ ընդգծեց, որ այդ տարածքների աղբահանության հարցերը, լուսավորության հարցերը լուծում է համայնքը ու շատ տրամաբանական է, որ գումարը գնա համայնքի բյուջե:

«Լուսավոր Հայաստանից» Սարիկ Մինասյանը հարցրեց՝ պետական սեփականություն համարվող հողերի համար կառավարությունը ՏԻՄ-երին հողի հարկ վճարո՞ւմ է, թե՞ չի վճարում: Տերտերյանը պատասխանեց, որ չի վճարում: Մինասյանը նաեւ հարցրեց. «Խոսում ենք ՏԻՄ-երի ապակենտրոնացումից, ՏԻՄ-երին ավելի մեծ լիազորություններ տալուց, սակայն ստացվում է, որ պետությունը համայնքներում գույքերի է տիրապետում ու դրա համար հողի հարկ, գույքահարկ չի վճարում, ճանապարհների, կոմունալ ծախսերն էլ համայնքն է կատարում: Սրան զուգահեռ ՏԻՄ-երը եկամտահարկ վճարում են պետությանը, գույք ձեռք բերելիս մաքսազերծման համար մաքսավճարներ են վճարում, որքանո՞վ է սա ճիշտ ու արդարացի, չի՞ կարելի սա բերել նույն հարթության վրա, որ տարբերություն չլինի»:

Տերտերյանը պատասխանեց, որ «Հարկային օրենսգրքի» քննարկումների ժամանակ այդ մոտեցումը քննարկվել է: Հարմար պահին դրան կանցնենք՝ կախված բյուջետային հնարավորություններից. «Մենք պիտի հասկանանք, թե ինչքան գույքի մասին է խոսքը ու ինչքան ֆինանսական հոսքեր պետք է պետբյուջեից տեղափոխենք համայնքային բյուջե: Եթե լինեն հիմնավորումներ, որ համայնքներում դրանք էֆեկտիվ կծախսվեն, կարվեն»:

Ըստ Սարիկ Մինասյանի, պետությունը համայնքին բացի ռազմական նշանակության օբյեկտների տարածքներից, պետք է հողի հարկ ու գույքահարկ վճարի մնացած բոլոր տարածքների համար. «Ասենք, հիվանդանոց է, եկամուտ է ստանում, ճիշտ կլինի, որ նրանք նույնպես հողի հարկ ու գույքահարկ վճարեն, ինչպես սեփական հիվանդանոցը կամ բուժսպասարկում իրականացնող կենտրոնը»:

«Հողային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829