Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարոսի» աշխատողին GPS-ով հետեւելու են՝ գնացե՞լ է նպաստառուի տուն, թե՞ «գլուխ է պահել» ու նպաստ նշանակել

Փետրվար 24,2020 15:09

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը մտադիր է սոցիալական աջակցության ծառայությունները տրամադրել մարդկանց վաուչերային համակարգով: Ֆինանսավորումը տրվելու է ոչ թե հաստատությանը, այլ՝ անձին ու անձը կարող է ընտրել, թե որտեղ կարող է ստանալ այդ ծառայությունը:

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց սոցիալական աջակցության ոլորտում բարեփոխումների նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը հարցրեց. «Ենթադրենք, ատամի խնդիր ունեն, պետք է վաուչեր տան, որ բուժե՞ն»: Փոխնախարարը պատասխանեց, որ բժշկական ծառայությունները, ատամ բուժել եւ այլն ընդգրկված չեն ծառայություններում. «Ծառայությունների շրջանակը հստակեցված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով: Օրինակ, խնամքի տրամադրման մասին է խոսքը, օրինակ, աջակցող պարագաների տրամադրումը հաշմանդամության պարագայում, մասնագիտական խորհրդատվության տրամադրումը: Երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ ունեք, երեխան կարող է այնտեղ գտնվել օրվա ընթացում, ստանալ սնունդ, դասապատրաստման ընթացքում կօգնեն, հոգեբան կտրամադրեն, կարող է լոգոպեդ աշխատել երեխայի հետ: Կամ կան տարեցների խնամքի հաստատություն, կենցաղային հարցերում կարող են օգնել: Եթե երեխան ունի լոգոպեդի կարիք, նա չի բերի հասցնի, օրինակ, «Աջափնյակ», կարող է համայնքում դա ստանալ»:

Սարիկ Մինասյանը մտահոգված էր. «Ռիսկ կարող է լինել: Օրինակ, կարող են պայմանավորվել, թե խորհրդատվություն ենք ստացել ու այդ գումարը դուրս հանեն բյուջեից: Բնակարանների գնման վկայագրերի նման կարող է լինի, մարդկանց գումար էր պետք հիվանդանոցներում վճարում կատարելու համար, իրենց բարեկամի անունով գրանցում էին, նվիրաբերում էին գույքը, հետո մի քանի ամիս անց այդ գումարը դուրս էին հանում պետությունից: Այսպիսի ռիսկեր չե՞ք տեսում, որ վաուչերները կարող են դարձնել քեշ գումար»: Անդրեասյանը պատասխանեց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց պարագաները ստանում են հավաստագրերով, այդ գործընթացը նոր չի:

Սարիկ Մինասյանը նաեւ հարցրեց. «Պրոթեզների հարցով կարելի է վերահսկել, ստացե՞լ է, թե՞ չէ, բայց լոգոպեդի ծառայությունը, խորհրդատվական ծառայությունը չես կարող վերահսկել, կասի՝ հա, գնացել խորհրդակցել եմ, դա ո՞ւմ միջոցով եք վերահսկելու, նույն ձեւ նպաստ ստացող քաղաքացիների ցուցակներն էր վերահսկվում, 99 տոկոսով փաստաթղթերով նորմալ է, բայց գնում ես նպաստառուի տուն, 2-3 արտասահմանյան մեքենան իրենց բակում կայանած, երկու հարկանի տան մեջ էլ ապրում են, փաստաթղերով նպաստառու է»:

Փոխնախարարը պատասխանեց, որ նպաստառուների համակարգի բարեփոխումների շրջանակներում այդ հարցը կլուծեն:

Ըստ Մինասյանի, եթե որեւիցե մեկին նպաստ են նշանակել, բայց դրա կարիքը չուներ, ապահովված էր, արտասահմանում բիզնեսներ ուներ եւ այլն, մեկն էլ մի ստից բանի պատճառով զրկված էր նպաստից, արդարությունը պետք է վերականգնեն ու պետությանը հասցված վնասը փոխհատուցեն. «Սոցիալական աշխատողները չեն կարող ասել՝ հա սխալվել ենք ու ոչ մի պատասխանատվություն չկրեն: Պիտի սոցաշխատողը անհատական բոլորի տուն այցելեն, որ հստակ ունենան պատկերը»:

Անդրեասյանը պատասխանեց, որ այս ոլորտում աշխատակիցների աշխատավարձը ցածր է, նախկինում օրենքով տնային այցելությունների պարտականություն ունեին, բայց ֆիզիկապես չէին կարող դա կատարել, որովհետեւ բյուջեով գումար նախատեսված չէր դրա համար: Այս տարվա բյուջեով դա նախատեսել են ու շարժական տեխնոլոգիաներ՝ պլանշետներ են բաժանելու, որ տնային այցելությունների ժամանակ տվյալներ մուտք անել, այդ դեպքում GPS-ի միջոցով հնարավոր կլինի արձանագրել՝ մարդը այդ հասցեում եղե՞լ է գնացե՞լ է, թե՞ չի գնացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829