Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևույթը շատ դրական է, որ մենք կարող ենք միասին նստել և բաց զրույցի մեջ քննարկել հարցեր». Զոհրաբ Մնացականյանը՝ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման մասին

Փետրվար 24,2020 14:45

«Երևույթը շատ դրական է, որ մենք կարող ենք միասին նստել և բաց զրույցի մեջ քննարկել հարցեր»,- փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞վ էր ընտրել Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը:

Անդրադառնալով քննադատություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այդ հանդիպման արդյունքները գնահատել են իրենք՝ երկրների ղեկավարները: Նա վստահեցրեց՝ մյունխենյան հանդիպումը նաև այն ուղղության մեջ է, որը վերաբերում է միջավայրի ձևավորմանը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ անցյալ տարի ունեցել ենք իր ձևակերպմամբ՝ համեստ արդյունք, որը լրագրողների փոխանակության արդյունքն է և մանրամասնեց. «Դա հնարավորություն է տալիս, և մենք կարող ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ: Յուրաքանչյուր հատված կարող է ունենալ իր դերակատարությունը: Կարծում եմ այն փաստը, որ ղեկավարները միասին բաց ֆորմատով կարող են նստել և առնչվել, լավ օրինակ է»:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ Փաշինյան-Ալիև՝ մյունխենյան հանդիպման հարցում մտահոգիչ խնդիր է միգուցե մեր համակարգերի տարբերությունը: Նա պարզաբանեց. «Այն մեկնաբանությունները, որոնք ես տեսա ադրբեջանական մամուլում կամ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից, դրանք պրոպագանդիստական ծայրահեղ մակարդակի են հասցված և հիշեցնում էին մոդելներ, որոնք բնավ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են: Դրանք, մեղմ ասած, օգտակար չեն, ավելի պարզ ասած անընդունելի են»:

Զոհրաբ Մնացականյանը նկատեց՝ մեր հասարակության մեջ քննարկումներն ավելի բաց են և հնարավորություն են տալիս, որ միասին գնահատենք այս կամ այն իրադարձությունն ու զարգացումը:

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին օգտագործեց մյունխենյան սկզբունքներ արտահայտությունը և հարցին՝ դրանք փաստաթղթի տեսք ստացե՞լ են, բանակցային սեղանի՞ն են, եթե այո, նախկին սկզբունքները չեղարկվո՞ւմ են, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Մյունխենյան սկզբունքներ ասելով՝ վարչապետի կողմից արտահայտվեց ավելի համապարփակ կերպով այն, ինչ խոսվեց Մյունխենում: Դրանք համալրում են մեր մոտեցումները, դրանց մեջ չի արտահայտվում որևէ բան, որը վերաձևավորում է մեր ձևավորած մոտեցումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր մոտեցումներում: Հարցնում են՝ արդյոք կարգավորման հարցում երկրորդ պլա՞ն է մղվում ինքնորոշման իրավունքը, իհարկե՝ ոչ: Այն չի կարող անտեսվել,  անտրամաբանական է նման կերպ գնահատել: Մեր դիրքորոշումը մնում է կայուն, այն արտահայտվում է տարբեր ձևերով: Իսկ այս արտահայտությունը նաև համալրում է այն մոտեցումները, որոնք անկյունաքարային են և ունեն իրենց արտահայտման բոլոր հնարավոր ձևաչափերը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նախորդ մոտեցումներին ՀՀ-ն հավատարի՞մ է, ապա նշեմ, որ Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում շարունակում է աշխատանքը այնպիսի լուծումների համար, որոնք ինչպես վարչապետ Փաշինյանն արտահայտվեց նաև Մյունխենում, վստահաբար առաջին անգամ չէինք լսել: Մասնավորապես այն, որ մենք կողմնակից ենք լուծումների, որոնք ընդունելի են բոլոր կողմերի համար, ինչը նշանակում է ճանապարհ, որն ունի երկու ուղղություն, և միակողմանի զիջումներ երբեք լինել չեն կարող: Այդ առումով մեզ համար ամենասուր հարցը մնում է ԼՂ մեր հայրենակիցների իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը: Խնդրում եմ չխառնել և չենթադրել, որ մեկը մյուսից տարանջատված են: Մյունխենյան սկզբունքները համալրում է, արտահայտում է այս կերպ այն դիրքորոշումները, որոնք ձևավորվել են Հայաստանի կողմից, որոնց շուրջ մենք աշխատում ենք մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829