Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրավարար վճիռը» «դամոկլյան սրի» նման կախված է նրանց գլխին»

Փետրվար 24,2020 14:30

Հարցազրույց Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի»-ի իրագործման համար պայքարող, աննկուն մարտիկ Վահե Մեսրոպյանի հետ

Նախքան հարցաշարին անցնելը, կցանկանայի մի փոքրիկ առաջաբանով ներկայացնել Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի» պատմությունը, ինչպես այն նկարագրված է ամերիկյան «The Armenian Review» անգլերեն լեզվով հրատարակվող հայկական խնդիրներին նվիրված ամսագրում: Ըստ այդ վճռի՝ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վ. Վիլսոնն «Իրավարար վճիռ» էր կայացրել Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանների վերաբերյալ:

Մինչ այդ, Դաշնակից ուժերի գերագույն խորհուրդը 1920թ. ապրիլի 26-ին դիմել էր Առաջին համաշխարհային պատերազմին չմասնակցած, չեզոք դիրքորոշում ցուցաբերած Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հանձին նրա նախագահ Վուդրո Վիլսոնին, որպեսզի որպես իրավարար որոշի Թուրքիայի և Հայաստանի սահմանները Թուրքիայի չորս՝ Էրզրում, Տրապիզոն, Վան և Բիթլիս վիլայեթներն ընդգրկող տարածքների ներսում:

1920թ. օգոստոսի 10-ին Սևրում խաղաղության պայմանագիր կնքվեց մի կողմից՝ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխիայի և Սլովակիայի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ըստ որի՝ Թուքիան և Հայաստանը, ինչպես նաև վերոհիշյալ երկրները համաձայնում էին, որ ԱՄՆ-ն իրավարարի դերում հանդես գա:

1920թ. հոկտեմբերի 18-ին Խաղաղության կոնֆերանսի գլխավոր քարտուղարը, հրահանգվելով Դաշնակից ուժերի կողմից, նախագահ Վուդրո Վիլսոնին փոխանցեց հիշատակված պայմանագրի վավերացված պատճենը:

1920թ. նոյեմբերի 22-ին Վուդրո Վիլսոնն ԱՄՆ-ի պետության մեծ կնիքով հաստատեց Թուրքիայի և Հայաստանի սահմանների վերաբերյալ իրավարար վճիռը, որն ուղեկցող նամակի հետ 1920թ. նոյեմբերի 24-ին հանձնվեց Խաղաղության Խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Փարիզի ամերիկյան դեսպանատան միջոցով:

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի «Աբրիլ» գրատան դահլիճում անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ձեր հերթական գրքի՝ «Հայրենատիրության ճանապարհին» շնորհանդեսը, որի բացումը, Ձեր իսկ խնդրանքով, կատարվեց համայնքում ճանաչված, ինքնուս երգիչ Նշան Ջաղացպանյանի կողմից՝ «Ես իմ անուշ Հայաստանի» /խոսք՝ Ե. Չարենցի, երաժշտ.՝ Աշոտ Սաթյանի/ և «Օտար ափերուն մնացած մանկան պես» /խոսք՝ Հակոբ Այնթապլյանի, երաժշտ.՝ Նշան Ջաղացպանյանի/ հայրենասիրական երգերով:

– Դուք Ձեր վերջին գրքում անդրադարձե՞լ եք Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռին»:

– Իմ չորս գրքերում էլ, որտեղ ներկայացված են 150-ից ավելի հոդվածներ, փորձել եմ բացատրել «Իրավարար վճռի» նշանակությունը, զարգացնել այն գաղափարները և աշխատանքները, որոնք անհրաժեշտ են դրա իրականացման համար։

– Անձամբ Դուք, իսկապես հավատո՞ւմ եք, որ կգա մի օր, և Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռն» ուժի մեջ կմտնի: Եթե՝ այո, ապա ինչո՞ւ եք համոզված դրանում:

– Ցանկացած գործ իրականացնելիս՝ հարկավոր է հավատալ, որ այն իրականանալի է, պայքարել դրա իրականացման համար և հաղթել։ Այսինքն՝ պետք է ընդունենք մեկ բանաձև՝ հավատալ, պայքարել և հաղթել։ Դա իմ համոզմունքն է, որովհետև տեսնում և հետևում եմ, թե ինչպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ են կատարվում մեր տարածաշրջանում։ Թուրքիայի մասնատման գործընթացն անպայման կսկսվի, և շուտով մենք ականատես կլինենք այդ պատմական իրադարձությանը։ Եթե հայ ազգը ցուցաբերի այն ակտիվությունը, որն անհրաժեշտ է, ապա այն կիրականանա առաջիկա 10 տարում: «Իրավարար վճիռն» անբեկանելի և անժամկետ խնդիր է, և այն ուժի մեջ է մտել ստորագրման պահից սկսած։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր շատ հայրենակիցներ թերհավատությամբ վերաբերվում վիլսոնյան «Իրավարար վճռին» ներկայումս: Դա Ձեզ մտահոգո՞ւմ է: Ի՞նչ պատճառներ կան, որոնք Դուք կցանկանայիք մատնանշել:

– Հայ ազգը դարեր շարունակ պայքարել է, մաքառել, անցել բռնի տեղահանության ու կոտորածների միջով, կորցրել հաղթանակի հասնելու զգացողությունը, հատկապես առաջին աշխարհամարտի ավարտից հետո, երբ փաստորեն, որպես հաղթող պետություն, ոչ թե տարածքներ ստացավ (իր ազատագրած պատմական հողերը), այլ բոլշևիկա-քեմալական «եղբայրության» արդյունքում կորցրեց իր տարածքները (Կարս, Արդահան, Մասիս սար և այլն)… Վերջին 10 տարվա ընթացքում, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում, ես մամուլում չհանդիպեցի պահանջատիրության վերաբերյալ հոդվածների, որտեղ քննարկումներ կամ լուծումներ կառաջադրվեն։ Բայց այդ թեմայով հրապարակվել են իմ բազմաթիվ հոդվածները, և ելույթ եմ ունեցել հեռուստակայաններով։ Ավանդական կուսակցությունները կարծես չեն ուզում այն լուսաբանել և ցույց չեն տալիս պահանջատիրության իրականացման ուղիներ։ Հայ Դատը, դաշնակցությունը զբաղվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով, անտեսելով պահանջատիրությունը։

– Ինչպե՞ս են վերաբերվում վիլսոնյան «Իրավարար վճռին» թուրքերը: Ներկայումս նրանք դրա մեջ վտանգ տեսնո՞ւմ են, թե՞ մտածում են, որ վտանգն արդեն անցել է:

– «Իրավարար վճիռը» «դամոկլյան սրի» նման կախված է նրանց գլխին։ Երբ մեր իշխանությունները հայտարարեցին, թե կարող են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, Անկարայից անմիջապես պահանջեցին, որպեսզի հարգվեն 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերը (Մոսկվա՝ մարտի 16 և Կարսի՝ հոկտեմբերի 13) և փոփոխությունների չենթարկվեն։

Այստեղ կցանկանայի մի հարցի վրա կենտրոնանալ։ Ինչո՞ւ առանց նախապայմանների, ինչի՞ց կամ ումի՞ց ենք վախենում: Մենք պետք է պահանջատեր լինենք որպես հաղթող պետություն և հաղթողի դիրքից խոսենք։ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի իր պահանջատիրությունը և հետևողականորեն հետապնդի դրա իրականացման խնդիրները։

– Ինչպե՞ս են հիմա վերաբերվում վիլսոնյան «Իրավարար վճռին» գերտերությունները և այն երկրները, որոնք դիմել էին նախագահ Վուդրո Վիլսոնին՝ իրավարարի վճիռ կայացնելու Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները հաստատելու համար:

– Առաջին աշխարհամարտի Դաշնակից ուժերի Գերագույն Խորհրդի երկրները և Սևրի դաշնագիրը (1920 թվականի օգոստոսի 10) ստորագրած պետությունները սպասում են ՀՀ կառավարության խոսքին, որովհետև «Վիլսոնյան Հայաստանը» տրված է Հայաստանին։ Սակայն մեր կառավարությունները միգուցե չեն կարողանում, չեն ցանկանում, կամ էլ՝ նրանց չեն թողնում, որ դրանով զբաղվեն։ Արևմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարությունում մենք ձևակերպեցինք պահանջատիրության տեքստը, որի օրինակներն իմ կողմից հանձնվել են Լոս Անջելեսում Սևրի դաշնագիրը ստորագրած 18 պետությունների հյուպատոսներին, իսկ Երևանում 11 պետությունների (մյուս պետությունների դեսպանատները Երևանում չեն գործում) դեսպաններին։ Նախապես համոզված լինելով, որ չեն պատասխանի, մեր նպատակը պահանջատիրության հարցը օրակարգային հարց դարձնելն էր, որպեսզի նրանք չմտածեն, թե հարցը փակված է, և պահանջատեր չկա…

– Վերը նշված Թուրքիայի չորս՝ Էրզրում, Տրապիզոն, Վան և Բիթլիս վիլայեթներն այն ժամանակ բնակեցված էին հայերով, նույնիսկ Հայոց Մեծ եղեռնից հետո։ Հիմա հայկական էթնոսը բավականին քչացել է այդ տարածքներում: Եթե նույնիսկ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռն» ուժի մեջ մտնի, ապա այդ տարածքներում հիմա գլխավորապես քրդեր են ապրում: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում՝ ի՞նչ տեղի կունենա հիմա: Կազատե՞ն այդ տարածքները քրդերից, թուրքերից ու այլ ազգային փոքրամասնություններից և, որպես ցեղասպանության հատուցում, կտա՞ն Հայաստանին կամ աշխարհով մեկ սփռված, տարբեր երկրներում ապրող սփյուռքահայերին:

– Երբ Թուրքիան մասնատվի և առաջանան նոր պետություններ՝ Քրդստան, Պոնտական Հունաստան, Արևմտյան Հայաստան, միգուցե ալևիների և ասորիների պետություններ, տեղի կունենա բնակչության բնական տեղաշարժ, որն անխուսափելի է։ Այդ ժամանակ ժողովուրդները կցանկանան իրենց երկրում ապրել, որպեսզի ուրիշ երկրում երկրորդական ազգ չհամարվեն։ Փափագս է, որ հայերի մեծ ներգաղթ՝ վերադարձ կատարվի։ Նոր պետության մեջ նոր աշխատատեղեր կբացվեն, նոր բիզնեսների ստեղծման լայն հնարավորություններ։ Միգուցե Իսրայելի ներգաղթման օրինակը կիրառվի։ Կամ էլ Կալիֆոռնիայի՝ Գլենդելի օրինակը՝ ինչպես 20-30 տարում հայերը կազմեցին Գլենդելի բնակչության մոտ 50%-ը։
Իսկ հատուցումն անպայման կլինի։ Հատուցման գնի մեջ կմտնի նաև վարձակալության գումարները, գողացված փողերը, ոսկիները, բնակչության ինչքերի արժեքները։ Հայտնի է նաև, որ մեր հայրենակիցների մի մասը պահել է նաև այն փաստաթղթերը, որոնցով կարող են ապացուցել, թե որ տներն ու տարածքներն են իրենց պատկանում։

– Ինձ հայտնի է, որ Դուք Արևմտյան Հայաստան պետության՝ Վտարանդի կառավարության անդամ եք, կարծեմ զբաղեցնում եք Ներքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ պետությունը նախագահակա՞ն է, թե՞ խորհրդարանական: Ովքե՞ր են այդ պետության քաղաքացիները:

– Արևմտյան Հայաստան պետության «Վտարանդի կառավարություն» ձևակերպումը գործում է 2011 թվականի փետրվարի 4-ից։ Կառավարության վարչապետն Արամ Մկրտչյանն է, Ազգային ժողովի նախագահը՝ Տիգրան Բագրատունին։ Ազգային ժողովը կազմված է 39 պատգամավորներից, գործում են՝ Գիտության-կրթության, Մշակույթի, Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադիր գերագույն իրավարար ատյանը, Գիտությունների համահայկական ակադեմիան, գրված և ընդունված է ԱՀՊ Սահմանադրությունը։ Պետության քաղաքացիները հայկական Սփյուռքի և ՀՀ քաղաքացիներն են, ովքեր դիմել են Ներքին գործերի նախարարություն և ստացել Արևմտյան Հայաստան պետության քաղաքացու վկայական։ Բոլոր հայերը կարող են ձեռք բերել վկայականներ, որը փաստորեն տվյալ քաղաքացու պահանջատիրության փաստաթուղթն է։ Եթե մենք ունենանք 2-3 մլն քաղաքացու վկայական, ապա ՄԱԿ-ի միջազգային դատարան ներկայացնելիս ծանրակշիռ փաստարկներ կունենանք պահանջատիրության հարցում, որ այդքան մարդ ցանկանում է տեր կանգնել իր պապենական հողերին։

– Ես լսել եմ, որ կան այդպիսի՝ Արևմտյան Հայաստան պետության երեք կառավարություններ: Մի՞թե դա օրինաչափ է: Մի փոքր կպատմեի՞ք նրանց մասին: Ինչպիսի՞ տարաձայնություններ և նույնակարծություններ կան Ձեր երեքի միջև: Արդյո՞ք համագործակցում եք իրար հետ:

– Այո: Դե, մենք հայ ենք, ամեն ինչից երկու-երեքը պետք է ունենանք (հեգնում է)։ Բայց դա օրինաչափություն չէ՝ անհամաձայնություն, գաղափարների բախում… Բաժանման հիմքը դրեց Արմենակ Աբրահամյանը, ով վարում էր «Պետության գլուխ» պաշտոնը, ով ձգտում է միանձնյա ղեկավարության (իր համար այդպիսի սահմանադրություն է գրել)։ Երբ մեր Վտարանդի կառավարությունն անվստահություն հայտնեց Արմենակ Աբրահամյանին և իր թիմին, նրանք մեզ դավաճան համարեցին, բայց երեք տարի անց իրենք էլ տրոհվեցին՝ դարձյալ նույն շարժառիթներից ելնելով։ Արմենակ Աբրահամյանից բաժանված այդ կառույցը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը գործում է ՀՀ-ում, Արմենակը Ֆրանսիայում, իսկ մեր Վտարանդի կառավարությունը՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և ՀՀ-ում:

ՀՀ-ում գործող կառույցի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հետ մի քանի փոխըմբռնման հանդիպումներ ունեցա ԱՄՆ-ում՝ առաջարկելով համագործակցություն, սակայն առայժմ պատասխան չեմ ստացել, ինչ նա վերադարձել է Երևան։ Մեր առաջարկն է՝ համագործակցել, համակարգել մեր աշխատանքները, քանի որ մեր նպատակները նույնն են…

– Ասում են, որ Դուք անձնական հանդիպումներ եք ունեցել ամերիկյան կոգրեսականներ Ֆրենկ Փալոնեի, Քերոլայն Մելոնիի, Ադամ Շիֆի, Չակ Շումերի հետ և քննարկել վիլսոնյան «Իրավարար վճիռը»: Համառոտակի կպատմեի՞ք, թե ի՞նչ հանգամանքներում եք նրանց հետ ծանոթացել և ի՞նչ հարցեր եք նրանց հետ շոշափել:

– Ֆրենկ Փալոնեի հետ ծավալուն զրույց ենք անցկացրել այն ժամանակ արդարադատության նախարար Սուրիկ Ղազարյանի հետ միասին, ում նվիրեցինք Արա Պապյանի հեղինակած գիրքը՝ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի» վերաբերյալ։ Նույն գրքից Սուրիկ Ղազարյանը նվիրել է նաև Ադամ Շիֆին։ Կոնգրեսական Քերոլայն Մելոնիի և սենատոր Չակ Շումերի հետ հանդիպել եմ Նյու Յորքում՝ Ցեղասպանության ոգեկոչման ժամանակ և լուսանկարվել՝ Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո։ Իրենց հետ մի քանի նախադասություն եմ փոխանակել՝ հորդորելով աջակցել մեր պահանջատիրությանը, իսկ Ֆրենկ Փալոնեին Սուրիկ Ղազարյանի հետ միասին քարտեզներով, մեր շահերի համընկնման բացատրություններով, կարծես, համոզեցինք, որ պետք է իրականացվի «Իրավարար վճիռը»։ Հանդիպել եմ նաև կոնգրեսականներ Ջուդի Չուի և Աննա Էշուի հետ։ Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակում, իր հրավերով, հանդիպել եմ Վաշինգտոնից ժամանած Քրիս Կրաֆչակի հետ, ում էլ ծանոթացրի մեր կատարած աշխատանքներին, քարտեզներով և փաստաթղթերով ապացուցեցի, որ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է սատար կանգնի հայ ժողովրդին և իրականացնի «Իրավարար վճիռը»։

Վաշինգտոնում այցելել եմ Վուդրո Վիլսոնի տուն-թանգարան, որտեղ Սուրիկ Ղազարյանի կողմից ղեկավարվող Գիտությունների ակադեմիայի կողմից պատվոգիր և ոսկե մեդալ եմ հանձնել թանգարանին, որի տնօրենն ինձ հրավիրեց մասնակցելու ԱՄՆ-ի կառավարության կողմից կազմակերպված Վուդրո Վիլսոնի ծննդյան տարելիցին Ազգային կաֆեդրալ տաճարում։ Սիրով ընդունեցի հրավերը, մասնակցեցի և կառավարական մակարդակով ընթերցեցի մեր պահանջատիրությունը՝ նշելով մեծ հումանիստ Վուդրո Վիլսոնի կատարած աշխատանքը, հորդորելով վերջապես իրականացնել այն:

– Դուք երբևէ վիլսոնյան «Իրավարար վճռի» հարցով դիմե՞լ եք Հայաստանի կամ օտար երկրների կառավարություններին, կամ նրանց դիվանագիտական ծառայություններին: Եթե՝ այո, կարողացե՞լ եք գտնել համագործակցության եզրեր:

– Ինչպես նշեցի, մեր պահանջատիրության տեքստը հանձնել եմ Սևրի դաշնագիրը ստորագրած 18 պետությունների հյուպատոսներին Լոս Անջելեսում և 11 դեսպաններին՝ Երևանում։ Երևանում հանդիպել և քննարկել եմ հայրենատիրության գաղափարն Արա Պապյանի, Լևոն Շիրինյանի, Աշոտ Մանուչարյանի, Ռուբեն Սաֆրատյանի, Պարույր Հայրիկյանի, վաղամեռիկ Սարգիս Հացպանյանի և այլ գործիչների հետ, մի քանի անգամ ելույթ ունեցել հեռուստատեսությամբ, դասախոսություն կարդացել մի քանի լսարաններում, խոսել եմ չորս գրքերիս շնորհանդեսների ժամանակ՝ ՀՀ Գրողների միության տանը: Հանդիպել եմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, դեսպանատան այլ պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ էլ ծավալուն զրույցներ եմ անցկացրել, փոխանակվել ենք գաղափարներով: Դե, բոլորն էլ հայ են և հասկանում են հարցի այժմեականությունը։

– Դուք ձեռք եք բերել վիլսոնյան «Իրավարար վճռի»-ի 59-րդ օրինակ-պատճենը: Ձեր տպավորություններն այդ մասին ինչպիսի՞ն էին:

– Դա անբացատրելի հուզմունք, հպարտություն, պատասխանատվություն է, աննկարագրելի զգացում… Դրանում մեզ օգնեց կոնգրեսական Ադամ Շիֆը և իր գրասենյակը։ Դա շատ կարևոր փաստաթուղթ է և այն մեզ ուժ ու վստահություն է ներշնչում։

– 2020 թվականին կլրանա վիլսոնյան «Իրավարար վճռի» կայացման 100-ամյակը։ Ինչպե՞ս եք Դուք և Ձեր կառավարության անդամները պատրաստվում դիմավորելու այն, և ի՞նչ հույսեր եք կապում այդ կլոր, հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

– Մենք արդեն սկսել ենք միջոցառումների կազմակերպման աշխատանքները։ Բացի դրանից, առաջարկել եմ Հայ Դատին, ավանդական կուսակցություններին կազմակերպել ցույցեր, երթեր Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան, Կոնգրեսի առջև, բայց աջակցություն չեմ գտնում, կարծես, իմ տպավորությամբ, դա նրանց չի հետաքրքրում… Լոս Անջելեսում ապրիլքսանչորսյան երթերի կազմակերպիչներին առաջարկել եմ երթերի ժամանակ օգտագործել պահանջատիրական պաստառներ և երթի, այդ հավաքի բնույթը, տրամաբանությունը փոխել պահանջատիրության գաղափարներով։

Պահանջատիրությունը հայ ազգի հայեցակարգն է, գաղափարախոսությունը, որի նպատակը հարենատիրությունն է, որին հասնելու համար համախմբում, միասնականություն է հարկավոր։ Հարկավոր է հորդորել գերտերություններին, որպեսզի վերանայեն Հայկական հարցը, վավերացնեն Սևրի դաշնագիրը, ռուս-թուրքական պայմանագրերն առ ոչինչ համարեն, որպեսզի մենք վերակերտենք մեր Հայրենիքը, տեր կանգնենք պատմամշակութային հուշարձաններին… Դա մեր զարգացման, հզորացման ապագան է և համընկնում է մեծ տերությունների շահերի հետ:

Ավելի մանրամասն հարցազրույցը կարող եք դիտել YouTube-ում՝

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող և թարգմանիչ

15 փետրվարի, 2020թ.

«Առավոտ» օրաթերթ
22.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829