Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ լուծում էլ լինի, այդ լուծման մեջ չպետք է լինեն որեւէ տեսակի զիջումներ». Հակոբ Տեր-Խաչատուրյան

Փետրվար 24,2020 14:40

Երեւանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքները կշարունակվեն չորս օր: Վաղվանից դրանք անցկացվելու են Ստեփանակերտում։ Օրակարգում են Արցախի հանրապետության անկախության ճանաչման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ այլ հարցեր:

Լրագրողների հետ զրուցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության վերաբերյալ մոտեցումները տարբեր են, բայց նաեւ, որպեսզի բանակցություններ տեղի ունենան, իր կարծիքով, անհրաժեշտ է տարբեր այլընտրանքների մասին խոսել. «Դա չի նշանակում, որ տարբեր այլընտրանքներն ընդունելի են, բայց նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահների հսկողության ներքո այդ բանակցությունները պետք է ընթանան»:

Անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանավեճին, մասնավորաբար, վարչապետի այն թեզին, թե ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ համաժողովին հնչել են ընդհանրական հասկացողություններ. «Հնչեց մի քանի հասկացողություն, որոնց մանրամասների պարագայում մենք ունենք անհամաձայնություններ, բայց երբ համաշխարհային ֆորումին բանակցում ես, վերջիվերջո եթե լուծման պետք է հանգես, այդ պետք է ընդունելի լինի բոլորին. եթե՝ ոչ, ուրեմն լուծում չի, կամ էլ պարտադրված լուծում պետք է լինի, որը կնշանակի՝ հստակորեն պետք է մեկ կողմի ունեցած նկատառումները պարտադրվի»։ Այդ իմաստով, նա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «բաղձանք» է որակում` հասնել այնպիսի լուծման, որ երեք ժողովուրդներն էլ ընդունեն:

Նա նաեւ նկատեց` ինչ արդյունք էլ լինի բանակցություններում, այն պետք է դրվեն հանրաքվեի, որպեսզի Հայաստանի, Արցախի ժողովուրդները, ենթադրում է նաեւ Ադրբեջանինը, տան իրենց վավերացումը:

ՀՀ իշխանությունների`Արցախի հարցում մոտեցումների մասով իրենց անհամաձայնությունների շուրջ, բանախոսը չցանկացած խոսել: Մի բան միայն հստակեցրեց` «Ինչ լուծում էլ լինի, այդ լուծման մեջ չպետք է լինեն որեւէ տեսակի զիջումներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829