Փետրվարի 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը, որն «Այբ» կրթական հիմնադրամի նոր ծրագիրն է՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը: Ուսանողական մրցաշարի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը ամենատարբեր ոլորտներում։ Նոր մրցաշարը հիմնադրամի կողմից արդեն 10 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ով մասնագիտությամբ քիմիկոս է և ղեկավարել է Շվեդիայի Ուփսալայի համալսարանի քիմիայի և քիմիական ճարտարապետության ֆակուլտետը, հատուկ ոգևորությամբ ողջունեց երիտասարդ քիմիկոսների մրցաշար անցկացնելու «Այբ»-ի նախաձեռնությունը։ «Քիմիայի շնորհիվ դուք կարողանում եք աշխարհը տեսնել մոլեկուլյար մակարդակով և իմանալ, թե ինչպես են կարող մոլեկուլները փոխգործակցել ու նոր բան ստեղծել». դիմելով երիտասարդ քիմիկոսներին՝ նշեց Կարին Մարկիդեսը և կոչ արեց ոչ միայն սիրել իրենց մասնագիտությունը, այլ նաև ամուր պահել կապը միմյանց հետ։
Ողջունելով ներկաներին «քիմիական» այս տոնի կապակցությամբ՝ մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանն ընդգծեց, որ մրցույթը երիտասարդներին իրենց գիտելիքները գործնականորեն իրացնելու լավ հնարավորություն է տալիս, ինչի արդյունքում ակնկալվում է, որ նրանք այս ոլորտը կհարստացնեն նոր գաղափարներով։ Համակարգողը ծանոթացրեց մրցույթին մասնակից թիմերին, ժյուրիի անդամներին, ընթացակարգին ու կանոններին։ Սա թիմային մրցույթ է, որտեղ բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով հետաքրքրվող ուսանողները դրսևորեցին բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարին մասնակցում էին 5 թիմ Հայաստանի տարբեր համալսարաններից: Եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարեց ու հաղթող ճանաչվեց «PR» թիմը, որի անդամները ներկայացնում էին Երևանի պետական համալսարանն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:
Նոր մրցաշարի գործընկերն ու աջակիցը «Կոնվերս Բանկն» է, որն արդեն երեք տարի աջակցում է «Այբ» կրթական հիմնադրամին քիմիկոսների մրցաշարների կազմակերպման և քիմիական կրթության տարածման գործում: Ինչպես նշեց «Կոնվերս Բանկի» բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը, մրցաշարին աջակցությունը «Կոնվերս Բանկի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող հերթական կրթական նախաձեռնությունն է։ «Նախորդ տարիներին մենք հանդես ենք եկել որպես Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի գլխավոր հովանավոր՝ 2019-ին աջակցելով նաև Հայաստանի հավաքականի մասնակցությանը պատանի քիմիկոսների միջազգային մրցաշարին։ Վստահ եմ, որ նոր մրցաշարը կդառնա ուսանողների շրջանում ամենասպասված կրթական նախաձեռնություններից մեկը՝ նպաստելով ոչ միայն ուսանողության շրջանում քիմիայի նկատմամբ հետաքրքրության աճին, այլև յուրօրինակ կամուրջ դառնալով նրանց ու պոտենցիալ գործատուների միջև»,- ասաց նա։
Կարդացեք նաև
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի բնորոշմամբ՝ մրցաշարը նպատակ ունի ընդլայնելու ուսանողների ներգրավվածությունը գիտության ու արդյունաբերության մեջ, ձևավորելու ուսանողական թիմեր` տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար։ Հաջողություն մաղթելով հաղթող թիմին՝ հիմնադրամի տնօրենը նշեց. «Հույս ունեմ, որ այս նոր ձևաչափով «Այբ»-ին կհաջողվի ամրապնդել կապը մասնագետների ու կազմակերպությունների միջև, նպաստել, որ ուսանողները տարբեր ընկերություններում ու հետազոտական ինստիտուտներում դրսևորեն նորարարական մոտեցումներ և առաջադրեն առկա խնդիրներին լուծումներ, ու նաև՝ ձևավորեն քիմիկոսների ուժեղ համայնք»։
Մրցաշարին ներկա էին նաև քիմիայի ոլորտում հայտնի մասնագետներ, դեղագործական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց կարծիքով՝ մրցաշարը կարևոր հարթակ է՝ ուսանողների հնարավորությունները բացահայտելու և նրանց հետ նոր, ստեղծագործ ծրագրեր իրականացնելու համար:
Ժյուրիի անդամները վստահ են, որ մրցաշարը պետք է շարունակական լինի, քանի որ այն կարողացավ մեկ հարթակում համախմբել բոլոր սերունդների քիմիկոսներին և նոր ոգևորություն փոխանցեց այս գիտությամբ զբաղվողներին:
«Այբ» կրթական հիմնադրամ